Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄՈՍԿՈՎՅԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ



ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄՈՍԿՈՎՅԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 26-ին մեկնել է Ռուսաստանի Դաշնություն՝ մասնակցելու Միջազգային անվտանգության մոսկովյան 6-րդ համաժողովին։

Ավանդական դարձած համաժողովի այս տարվա քննարկումների առանցքում են գլոբալ և տարածաշրջանային մարտահրավերները, մասնավորապես՝ միջազգային ահաբեկչությունը և լարվածության աճը Կորեական թերակղզում։ Առանձին հարթակներում քննարկվում են նաև Մերձավոր Արևելքում ծայրահեղականության և ահաբեկչության աճը, տեղեկատվական անվտանգության հիմնախնդիրները և այլն։

Համաժողովի աշխատանքների շրջանակում Վիգեն Սարգսյանը մի շարք երկկողմ հանդիպումներ է ունեցել արտերկրի իր գործընկերների հետ։ Մասնավորապես՝ ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Հոսեյն Դեհղանիի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև արցախյան հակամարտությանը։ Հայաստանի և Իրանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները մեկ անգամ ևս ընդգծել են, որ խնդիրը ռազմական լուծում չունի։

Նույն օրը կայացել է նաև Վիգեն Սարգսյանի հանդիպումը Սերբիայի պաշտպանության նախարար Զորան Ջորջևիչի հետ։ Ընդգծելով հայ և սերբ ժողովուրդների ընդհանրությունները` կողմերը համոզմունք են հայտնել, որ դա հրաշալի նախադրյալ է հայ-սերբական հարաբերությունների խորացման համար։ Մասնավորապես նշվել է, որ համագործակցության մեծ ներուժ կա ռազմատեխնիկական, գիտահետազոտական, ռազմաբժշկական, ռազմակրթական և այլ բնագավառներում։ Որպես արդյունավետ փոխգործակցության օրինակ նշվել է միասնական գործունեությունը խաղաղապահ առաքելություններում։ Հայաստանի և Սերբիայի պաշտպանության նախարարները պայմանավորվել են ակտիվացնել շփումները՝ առավել առարկայական դարձնելով քննարկումները երկկողմ փոխգործակցության խնդիրների շուրջ։

Խորագիր՝ Նորություններ, Ուշադրության կենտրոնում


27/04/2017