Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՓՈՔՐԻԿ ՄԱՏՈՒՌ՝ ՄԵԾ ՀԱՎԱՏ



ՓՈՔՐԻԿ ՄԱՏՈՒՌ՝ ՄԵԾ ՀԱՎԱՏ«Հայ զինվոր» պաշտոնաթերթի ֆեյսբուքյան էջը ամեն օր բազմաթիվ նամակներ է ստանում՝ հասցեագրված հայ զինվորին, որոնց շարքում առանձնահատուկ ուշադրության է արժանացել ՊԲ հարավային ուղղության դիրքապահ Արթուր Հակոբյանի նամակը. «Մարտական դիրքում 18 օրվա ընթացքում փոքրիկ մատուռ ենք կառուցել: Այն նվիրված է ապրիլյան պատերազմում հանուն հայրենիքի զոհված քաջարի սպաների ու զինվորների  հիշատակին: Ես և ինձ օգնած իմ ընկերները` Վրեժ Դավեյանը, Արման Չերքեզյանը մատուռը կառուցել ենք՝ Աստծու հետ հաղորդակցվելու, նաև զոհված տղաների հոգիների խաղաղության համար աղոթելու նպատակով: Հաճախ ենք մոմ վառում, խնդրում Տիրոջը, որ  բոլոր օրերը խաղաղ բացվեն հայոց հողում: Մեր փոքրիկ հոգևոր կենտրոնը օգնում է մեզ անկոտրում հավատով և լավատեսությամբ շարունակելու ծառայությունը: Այստեղ այնքա՜ն լույս, այնքա՜ն խաղաղություն և այնքա՜ն բարություն կա, որ ուրիշ ոչ մի տեղ չես գտնի»,-գրել է զինվորն ու նամակին կցել մատուռի լուսանկարը:

Հազարավոր մարդկանց անտարբեր չի թողել «զինվորակերտ» աղոթարանի մասին Արթուր Հակոբյանի սրտառուչ խոսքը, որին հավանություն է տվել 2900 ընթերցող, 149-ը կիսվել է իր էջում, հարյուրավոր ընթերցողներ էլ արձագանքել են իրենց ջերմ մեկնաբանություններով, ինչը մեկ անգամ եւս ապացուցում է այն առանձնահատուկ սերն ու ջերմությունը, որ տածում է հայ մարդը իր զինվորի հանդեպ: Սոնա Աբրահամյանը գրել է. «Որդի՛ս, թող անփորձանք անցնի ձեր ամեն օրը, երկինքը խաղաղ լինի ձեր գլխավերեւում, բոլորդ բարով տուն գաք: Հպարտ ենք ձեզնով, դուք եք մեր լույսն ու հույսը: Դուք մեր աշխարհն եք համայն աշխարհի մեջ»: Անի. «Աստծու սուրբ օրհնությունը ձեզ հետ, հերոսական բանակի Զինվորներ: Խաղաղ և անփորձանք ծառայություն»: Զառա Յայլայան. «Աստվա՛ծ իմ, զորավոր ու կատարյալ, լսի՛ր կարոտաբաղձ զինվորի ամենամաքուր աղոթքը: Ամեն»:

Խորագիր՝ #17 (1188) 03.05.2017 - 09.05.2017, Ազգային բանակ, Հոգևոր-մշակութային


06/05/2017