Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԸ ՇԱՏ ՄԵԾ ԿԼԻՆԵՆ…



Գնդապետ Ա. Պողոսյանի հրամանատարությամբ գործող հակաօդային պաշտպանության զորամասի ստորաբաժանումների ուժերով է իրականացվում հանրապետության օդային տարածքների մի զգալի մասի պահպանությունը։ Զրույցը գնդապետի հետ զորամասի առջեվ դրված խնդիրների եվ մարտական պատրաստության բարձրացման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին է։

-Ի՞նչ է սպասում մեր հարեւանի ավիացիայի միջոցներին, եթե նրանք, արցախյան խնդիրը կրկին պատերազմի միջոցով լուծելու խաբկանքով տարված, իսպառ կորցնեն իրականության զգացողությունը, եւ ինչպես 1990-94թթ., այս անգամ էլ սադրիչ գործողություններով ձգտեն պատերազմի մեջ ներքաշել Հայաստանին։
-Կարծում եմ՝ ադրբեջանցիները չեն մոռացել Արցախի երկնքում կորցրած ինքնաթիռների եւ ուղղաթիռների թիվը։ Իսկ դա այն ժամանակ էր, երբ Արցախում նոր-նոր էր կազմավորվում ՀՕՊ համակարգը։ Զորատեսակի վիճակը մխիթարական չէր նաեւ Հայաստանում։ Խորհրդային բանակի սպաները մեկնելուց առաջ թալանել կամ ոչնչացրել էին դիվիզիոնների սարքավորումները, եւ հանրապետության մի շարք շրջաններ պարզապես մնացել էին անպաշտպան։ Այնուամենայնիվ, Հայաստանի երկնքում էլ ադրբեջանցիները սրընթաց ռազմական ինքնաթիռներ կորցրին։ Արդեն մեկուկես տասնամյակ ՀՀ զինված ուժերը խաղաղությունն ամրապնդելու համար նախապատրաստվում են պատերազմի, մյուս բոլոր զորատեսակների հետ զարգանում, կատարելագործվում է ՀՕՊ համակարգը։ Վստահ եմ, որ ռազմական արկածախնդրության դեպքում մեր հակառակորդի ավիացիան լուրջ հակահարված կստանա, իսկ կորուստները շատ մեծ կլինեն։
-Պարոն Պողոսյան, ուսումնական տարին մոտենում է ավարտին, որո՞նք են եղել ընթացիկ տարում զորամասի առջեւ դրված հիմնական խնդիրները, եւ ինչպե՞ս են դրանք կատարվել։
-Ներկայիս խաղաղ պայմաններում զորամասի առջեւ դրված հիմնական խնդիրները երկուսն են՝ մշտական մարտական հերթապահությունը եւ մարտական պատրաստության ծրագրի կատարումը։
Մարտական հերթապահության մեջ ներգրավվում են զորամասի բոլոր հիմնական ստորաբաժանումները։ Որպեսզի համոզված լինենք, որ ցանկացած պահի ի վիճակի ենք մարտական առաջադրանք կատարել, օրը երկու անգամ ֆունկցիոնալ հսկումների միջոցով ստուգում ենք տեխնիկական միջոցների մարտունակությունը, իսկ մարտական հերթապահության մեջ չընդգրկված տեխնիկան ստուգվում է շաբաթը մեկ անգամ՝ հավաքակայանային օրերին, թեեւ լինում են նաեւ հանկարծակի ստուգումներ մարտական հերթապահություն իրականացնող ուժերի եւ միջոցների՝ առաջադրված խնդիրները կատարելու ունակությունները ստուգելու համար։ Մարտական հերթապահությունում են մշտապես գտնվում նաեւ բոլոր հետախուզական ուժերն ու միջոցները, որոնք գործում են ՀՕՊ զորքերի հետախուզության ընդհանուր համակարգի կազմում։
Ամբողջությամբ կատարվել են 2010թ. ուսումնական ծրագրով նախատեսված առաջադրանքները։ Մարտական խնդիրը հաջողությամբ կատարելու համար զորամասում ծառայող յուրաքանչյուր սպա, զինվոր, ինչպես նաեւ յուրաքանչյուր ստորաբաժանում պետք է ամեն օր պարապի եւ կատարելագործի իր մասնագիտական հմտությունները։ Ուսումնական առաջին եւ երկրորդ փուլերի ընթացքում անցկացվել են մարզումներ եւ զորավարժություններ, որոնց միջոցով ստուգվել է ստորաբաժանումների մարտունակությունը։ Ապրիլի 20-21-ը եւ հոկտեմբերի 27-28-ը շտաբային մարզումներ են կատարվել ԱՊՀ ՀՕՊ միացյալ համակարգի հերթապահ ուժերի հետ։ Զորամասի ստորաբաժանումները ժամանակին են հայտնաբերել եւ խոցել պայմանական հակառակորդի ռազմաօդային միջոցները։ Հունիսի 22-25-ը ավիացիայի եւ ՌԷՊ զորքերի հետ անցկացված համատեղ մարտավարական զորավարժության ընթացքում զորամասի բոլոր ստորաբաժանումները մարտական խնդիրը կատարել են ամբողջությամբ։ Սեպտեմբերի սկզբին օպերատիվ մարտավարական զորավարժություն անցկացվեց գնդապետ Հ. Օհանյանի հրամանատարությամբ գործող զորամիավորման ստորաբաժանումների ուժեղացված ուժերի եւ միջոցների հետ։ Մեր ցույց տված արդյունքներից գոհ մնաց ՀՕՊ զորքերի վարչության պետ գնդապետ Նիկոլայ Բաբայանը, եւ զորամասն ստացավ «լավ» գնահատական։ Եղել են մարտունակության ստուգման այլ միջոցառումներ, ավիացիայի շրջաթռիչքներով մարզումներ։ Ասեմ նաեւ, որ մարտավարական զորավարժություններ են անցկացվել բոլոր մարտկոցների եւ դիվիզիոնների կազմերով, իսկ յուրաքանչյուր շաբաթվա հինգշաբթի օրերին մարտական հերթապահության մեջ ընդգրկված ուժերի ղեկավար կազմի հետ անցկացվում են կրակի կառավարման տարբեր աստիճանի մարզումներ։ Թվարկածս միջոցառումները եւ գրանցված արդյունքները թույլ են տալիս ասելու, որ զորամասը մարտունակ է եւ ի վիճակի է հուսալիորեն պաշտպանել մեր երկրի օդային սահմանները։
-Պարոն գնդապետ, զորամասի ստորաբաժանումների միջեւ, արդյոք, կա՞ մրցակցություն, եւ ի՞նչ միջոցներ եք կիրառում, որ զինվորական ստորաբաժանումներն ամենօրյա աշխատանքը կատարեն ոգեւորությամբ։
-Իրոք, զինվորի բարոյահոգեբանական վիճակը, տրամադրվածությունը հաջողության հասնելու գործում շատ կարեւոր է։ Ծառայության մեջ ինձ, ինչպես նաեւ բոլոր ստորաբաժանումների հրամանատարներին շատ է օգնում անձնակազմի հետ տարվող աշխատանքի գծով հրամանատարի տեղակալ փոխգնդապետ Գ. Խաչատրյանը։ Մենք հոկտեմբերի սկզբին կազմակերպել ենք ներզորամասային մրցույթ հաշվարկների, մարտկոցների եւ դիվիզիոնների միջեւ։ Արդեն երկար ժամանակ լավագույնը փոխգնդապետ Հարություն Պետրոսյանի դիվիզիոնն է, որը, իրոք, զորատեսակի մեջ ամենալավն է։ Շատ բարձր արդյունք ցույց տվեց փոխգնդապետ Կ. Աբգարյանի դիվիզիոնի ավագ լեյտենանտ Վլադիմիր Ալեքսանյանի մարտական մեքենայի հաշվարկը։ Ի դեպ, այս հաշվարկը եւ վերը նշածս դիվիզիոնի մեկնարկային մարկտոցը, որի հրամանատարն է կապիտան Վալերի Մանուչարյանը, ՀՕՊ զորքերի ստորաբաժանումների մրցույթում գրավեցին առաջին տեղեր, իսկ մեր մյուս դիվիզիոնի հաշվարկը, լեյտենանտ Գարեգին Գարեգինյանի ղեկավարությամբ, գրավեց երկրորդ տեղը։ Շուտով տեղի կունենա հաջողություններ գրանցած զինծառայողների պարգեւատրման արարողությունը։
-Պարոն Պողոսյան, նոյեմբերի 22-ից ազգային բանակում սկսվել են տարեվերջյան ամփոփիչ քննությունները։ Ի՞նչ ակնկալիքներ ունեք։
-Անցած ուսումնական տարում զորամասն արժանացել է «լավ» գնահատականի, այդ արդյունքը պահպանվել է այս տարվա ձմեռային-գարնանային փուլի ընթացքում։ Բացի մարտական հերթապահությունից եւ մարտական պատրաստությունից, որը մասնագիտական է, մենք լուրջ աշխատանք ենք տարել նաեւ մյուս առարկաների ուսուցման ուղղությամբ։ Մենք դեռ չգիտենք, թե ստուգումները մեր զորամասում որ փուլում կկատարվեն։ Դրանք որքան շատ լինեն, այնքան լավ, որովհետեւ կան զորացրման սպասող փորձառու զինվորներ։ Ստորաբաժանումները նախապատրաստվում են, եւ մենք ձգտելու ենք բարձր արդյունքով ավարտել ուսումնական տարին։

ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
փոխգնդապետ
Լուս.՝ ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
կապիտան

Խորագիր՝ #46 (861) 24.11.2010 - 1.12.2010, Ազգային բանակ


09/12/2010