ՀՐԵՏԱՆԱՎՈՐՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔԸ
Գնդապետ Արմեն Հարությունյանի հրամանատարությամբ գործող հրետանային ուսումնական զորամասում հուլիսի 15-ին սկսվեցին ամառային-աշնանային փուլի մասնագիտական պարապմունքները։
-Մենք շարային ստուգատեսն անցկացրինք հուլիսի 10-ին, հանդիսավոր միտինգը՝ 11-ին։ Նույն օրն էլ սկսվեցին մարտավարաշարային պարապմունքները,- ասաց ուսումնական մասի պետ փոխգնդապետ Արմեն Բալայանը։ -Հայտնի է, որ մենք կրտսեր հրամանատարներ ենք պատրաստում հրետանային տասներկու մասնագիտությունների համար, եւ նրանք, ովքեր փուլի ավարտին անբավարար գնահատականներ չեն ստանում (այդպիսիք հազվադեպ են լինում), ստանում են կրտսեր հրամանատարական կոչումներ եւ տեղափոխվում մարտական զորամասեր։ Ասեմ, որ նախապատրաստական շրջանում վերանայել եմ բոլոր ծրագրերը, պարապմունքներ անցկացնող սպաների պլան-հակիրճակները, կատարել եմ որոշ փոփոխություններ, պարզեցրել եմ ուսուցման մեթոդները։ Կարող եմ վստահաբար ասել, որ ամեն ինչով պատրաստ ենք սկսելու ուսումնական գործընթացը, եւ քանի որ այս փուլում կուրսանտների ճնշող մեծամասնությունը բարձրագույն կրթություն ստացած տղաներ են, լիահույս ենք, որ աշնանը զորքերը կհամալրեն ավելի լավ պատրաստված հրետանավորներ։
♦♦♦
Հակատանկային «Ֆագոտ» մարտկոցում առաջին ծանոթությունն է զենքի հետ։ Պարապմունքն անցկացնում է դասակի հրամանատար կապիտան Սասուն Մանուկյանը։ Նա 2003թ. ավարտելով Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը, երկար ժամանակ ծառայել է առաջնագծի զորամասերից մեկում, իսկ վերջերս տեղափոխվել է ուսումնական զորամաս։
-Սա առաջին պարապմունքն է, կուրսանտներին ներկայացնում եմ «Ֆագոտ» համալիրը, ծանոթացնում կառուցվածքային ու մարտավարատեխնիկական տվյալներին։ Զգում եմ, որ մեծ է հետաքրքրությունը զենքի նկատմամբ, եւ ուզում են արագ սովորել, տիրապետել զենքին,- ասաց կապիտան Ս. Մանուկյանը։
Զրուցեցինք նաեւ կուրսանտների հետ։
-Անունս Հարությունյան Հայկ է, Գյումրիից եմ, արդեն երկու ամիս է, ինչ զորամասում եմ, այս ընթացքում ծանոթացել եմ զինվորական կանոնագրքերին, սովորել եմ այն ամենը, ինչ ուսուցանվում է նախքան զինվորական երդումը։
-Կուրսանտ Մաշուրյան Ռաֆիկն եմ, ծնունդով Գորիսից եմ, ավարտել եմ Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը, մեկ ամիս է, ինչ զորամասում եմ եւ ինձ շատ լավ եմ զգում։
-Ես էլ կուրսանտ Տիգրան Մնացականյանն եմ, երեւանցի եմ, սովորում եմ Եվրոպական համալսարանում։
-Ես կուրսանտ Նարեկ Ղազարյանն եմ՝ Արմավիրից, ունեմ միջնակարգ կրթություն, ծառայությունս շատ լավ է անցնում, ոչ մի բանից դժգոհ չեմ։
-Կուրսանտ Ռոման Օչինյան,- զինվորավայել ներկայացավ հաջորդը,- Վանաձորից եմ, ավարտել եմ տեղի պետական ճարտարագիտական համալսարանը։
Ջոկի հրամանատար սերժանտ Լեւոն Գարանյանն ասաց.
-Մեր կուրսանտները, երիտասարդ զինվորները բավական հաջող են ներգրավվել զորամասի ընդհանուր կյանքում։ Կարգապահական խախտումներ գրեթե չկան, զգացվում է, որ կամաց-կամաց տան կարոտի հետ հաղթահարում են ծառայական առաջին շրջանի դժվարությունները եւ կենտրոնացել են մասնագիտական հմտությունների սերտման վրա։ Որպես ջոկի հրամանատար ես դժվարությունների չեմ հանդիպում, բոլորն էլ հաճույքով են մասնակցում շարային, ֆիզիկական պատրաստության եւ մյուս պարապմունքներին։
Մարտկոցի հրամանատար կապիտան Վահան Հարությունյանն ասաց.
-Ուսումնական փուլի մեկնարկային մարտավարաշարային պարապմունքներն անցան հաջողությամբ։ Դրանք շատ կարեւոր են երիտասարդ զինվորների համար։ Հագեցած մարզումների միջոցով կուրսանտները կատարելագործում են իրենց հմտությունները։ Պետք է ասեմ, որ համալրումը եւ նորակոչիկների նախապատրաստության գործընթացն անցել են հաջողությամբ։ Զորամաս եկած բոլոր կուրսանտների հետ տարվել են անհատական զրույցներ, մեկ անգամ եւս ստուգվել է նրանց առողջական վիճակը, ունենք տղաներ, օրինակ՝ կուրսանտներ Տիգրան Մնացականյանը, Արամ Ղարադյանը, Հակոբ Ղազարյանը, Նարեկ Ղազարյանը, Շիրակ Վարդանյանը եւ էլի ուրիշներ, որոնց հետ շփումից ուղղակի հաճույք ես ստանում, որովհետեւ ունեն հարուստ գիտելիքներ, զարգացած են, կիրթ, եւ յուրաքանչյուրն իր տեղում լիովին գիտակցում է զինվորական ծառայության կարեւորությունը։ Ռազմական ոստիկանության ներկայացուցիչ մայոր Արթուր Թումանյանը անհատապես զրուցել է բոլորի հետ, նույնիսկ գրառել է զրույցների հետաքրքիր մասերը եւ ամեն ինչ անում է, որ տղաներն իրենց պարտքը հայրենիքին տան առանց խնդիրների, միասին ծառայեն ինչպես եղբայրները՝ մեկ ընտանիքի պես։
♦♦♦
Մարտկոցի ավագ ենթասպա Հարություն Սեդրակյանն էլ շտապ-շտապ ծառայության իր բնագավառը ներկայացրեց։
-Մաքրությունը, լոգանքը, սպիտակեղենը, համազգեստի փոխումը, ամեն, ամեն ինչ կատարվում է ժամանակին։ Մանրուքների պատճառով զինվորի տրամադրությունը չպետք է ընկնի, որ նա էլ հաջողությամբ սովորի եւ իր առաջադրանքները կատարի,- հումորի տալով կարեւորում է բնագավառի անցուդարձը…
♦♦♦
Դիվիզիոնում ֆիզպատրաստության պարապմունք էին անցկացնում ՄՄ-21 («Գրադ») եւ Դ-20 դասակների կուրսանտները։ Կապիտան Ալեքսանդր Քուրդօղլյանի վերահսկողությամբ մարզումները ղեկավարում էին սերժանտներ Դավիթ Մկրտչյանը եւ Նիկոլայ Ներսիսյանը։
-Առայժմ ուժային վարժություններ ենք կատարում, քիչ անց կանցնենք վազքի եւ ավելի թեթեւ վարժությունների,- ասաց սերժանտ Ն. Ներսիսյանը։
Դ-20 դասակում հայկական պետական ճարտարագիտական համալսարանի շրջանավարտներ էին կուրսանտներ Ռաֆիկ Հովհաննիսյանը, Դավիթ Գրիգորյանը, Հարություն Հակոբյանը, Գագիկ Ավդալյանը, Գառնիկ Բադալյանը, ԵՊՀ շրջանավարտներ էին Սարգիս Մինասյանը եւ Գեւորգ Գեւորգյանը, տնտեսագիտական համալսարան էին ավարտել Ալեքսան Ղազարյանը, Արմեն Եսայանը, Վահագն Սարգսյանը, Սարգիս Սարգսյանը եւ Նոյ Նահապետյանը։
♦♦♦
Նույն դիվիզիոնի Դ-30 հաուբից դասակի կուրսանտներն էլ իրենց առաջին մասնագիտական պարապմունքն էին անցկացնում։ Մարտկոցի հրամանատար Արմեն Սաղոյանն արդեն պարզաբանել էր հրանոթը մարտական վիճակի բերելու կարգը եւ ջոկերից մեկին գործողությունը կատարելու առաջադրանք տվեց։ Կուրսանտներ Դավիթ Հովհաննիսյանը, Աշոտ Միլիտոնյանը, Կարեն Հովսեփյանը, Արտաշես Ալեքսանյանը եւ Օնիկ Աբրահամյանը առաջին փորձից կարողացան կատարել առաջադրանքը եւ արժանացան մարտկոցի հրամանատարի գովեստին։ Նույն առաջադրանքը այս անգամ սերժանտ Արմեն Միրզոյանի հրահանգներով կատարեցին կուրսանտներ Անդրանիկ Թոռչյանը, Արտյոմ Խաչատրյանը, Հովհաննես Մարտոյանը, Սուրեն Աբրահամյանը եւ Ռաֆիկ Նահապետյանը։
-Սկիզբը լավ է, վստահ եմ՝ վերջում տղաները «գերազանց» գնահատականներով են ավարտելու ուսումնական փուլը,- ասաց մայոր Ա. Սաղոյանը։
ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
փոխգնդապետ
Լուս.՝ Գ.ԱՐՄԵՆԱԿՅԱՆ
կապիտան