Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՂԱՆԴԱՀԱՐ



Սկիզբը՝ նախորդ համարներում

 

ՂԱՆԴԱՀԱՐԿայազորի պարետի մոտից դուրս եկա հոգու եւ մտքի ամբողջ կորովս կորցրած. նորից նշավակեցին հանգուցյալին… Լավ էր` սապոգներս չհանեցին, այլապես Պաշկայի մուրազը մեռած տեղն էլ փորում կմնար, քանի որ «ճակատագրի գեղարդը» ճտքիս մեջ էի թաքցրել։ Ուրիշ ոչ մի մաքսանենգ ապրանք:

-Մի տե՛ս, Վաչի՛կ, ոնց է բազմել դուքանում,- ուշադրություն հրավիրեց սանհրահանգիչ Սաշկա Նեվիննին՝ ցույց տալով առեւտրի կրպակի տիրոջը։

Կրպակի դիմաց խմբվել էին աֆղանցի կանայք ու երեխաներ, որոնք սանիտարական ուղերթով թռչելու էին Գիրիշք եւ Դիլարամ*՝ իրենց ազգական-բարեկամներին տեսության։ Նրանց մեջ կային աֆղանական գեհենում թրծված մի քանի դաշտային բժիշկներ ու գթության քույրեր, որոնց փորձում էր իր կողմը գրավել դուքանչին՝ նույն ինքը Ֆարուխ Լաֆրայը.

-Մո՛տ եկեք, հրամմեցեք, խանումե շուրավի, աղայե հրամանատար,- մուշտարի էր կանչում Ֆարուխը մեկ իր իգական-թերուս ռուսերենով, մեկ էլ դարի պարսկերենով,- բեֆարմաիդ, խեյլի արզունե**, նվեր առեք ձեր կնոջը, ձեր սիրածին, ուրիշ ոչ մի տեղ էս տեսակ ապրանք չեք ճարի, չնաշխարհիկ է,- հրավիրում էր տոնավաճառ կանչողի մի այնպիսի անձնուրաց խանդավառությամբ, որ կարծես ուզում էր բնության ինչ-որ հրաշալիք ցույց տալ։

Այդ պահին նա ինձ մամոնա էր հիշեցնում, որն իր դժբախտության վրա խանություն էր կառուցում։ Քիչ էր մնում մոտենայի, հասցնեի ժանգոտ մռութին՝ «Ինչի՞դ վրա ես հրճվում, այ թշվառակա՛ն»։

-Ֆարուխ Լաֆրայը բարի ողջությո՜ւն է ցանկանում աշխարհի ամենապարկեշտ շուրավիին, պատվելի հային,- հնչեց նրա հայտնի՝ հաշտարար (հաճկատար) ողջույնը, ինչպես այն օրը՝ Սատանի կամրջին…

-Դորո՜ւդ***, Ղանդահարի ամենահաջողակ, ամենաաչքաբաց վաճառականին` ժողովուրդների բարեկամության առաջամարտիկին,- բարեւեցի ես էլ հարիր ոճով՝ կոտրված սրտով։

Ձայնիս վրա կրպակի հետեւից Անդերսենի առնետի պես դուրս թռավ Նուդդինը՝ ճաքճքած ապակիով ակնոցը աչքերին. կանգնել եւ աստվածանարգ քմծիծաղով ինձ էր նայում՝ քինախնդիր կրծոտելով ճաքճքած շրթունքները։

-Շատ եմ ցավում, հազա՜ր ափսոս,- շողոքորթեց Ֆարուխը,- Պաշա հրամանատարը արժանի չէր… Անչափ ուրախ եմ, որ դուք ողջ-առողջ տուն եք վերադառնում։ Ընդունեք այս համեստ բախշիշը՝ իբրեւ հիշատակ։ Ակնածանքի նշան…

Կրպակի միջից ինձ մեկնեց ծաղկավոր տոպրակը։

-Հարկավոր չի,- հրաժարվեցի հապճեպ՝ աչքս չկտրելով Նուդդինից։

-Մի՛ մերժեք, հրամանատա՛ր, պատիվ արեք, խնդրում եմ, ձեր մոր, ձեր քրոջ համար նվեր թող լինի:

Վերցրի…

Սաշկան իմաց տվեց, որ ինքնաթիռ բարձրանալու ժամանակն է, սակայն չէի կարող աֆղանական հողը լքել՝ պարտքս մինչեւ վերջ չհատուցած։ Հարկավոր էր  լուծել մի հին կնճիռ։

-Ակնոցը ինձ տուր, ախպոր տղա, քո ինչի՞ն է պետք էդ քոսոտ… անպետք բանը,- փորձեցի փափուկ բարձ դնել չոր գանգի տակ։

-Ժամացույցը տո՛ւր, ակնոցը կստանաս,- կոտր չեկավ սատանան։

«Հնազանդվելով կրտսերների առջեւ ավագների սրբազան պարտքին»՝ նրան տվեցի ժամացույցս՝ ձեռքից առնելով «կախարդական ակնոցը», որն ինձ համար այլեւս վերածվել էր թանկագին, սրբազան մասունքի։

-Գնաք բարով, հրամանատար, դուք անչափ բարի սիրտ ունեք, դուք հրեշտակային անձնավորություն եք, արեւս վկա (քիչ մնաց հավատայի նրա «անկեղծությանը»), մենք միշտ բարի կհիշենք ձեզ, դուք էլ մեզ մի մոռացեք: Աստված ձեր սրտի փափագը ավարտին հասցնի, թող ձեր մեկը երկուս դառնա, հրամանատար…- մաղթեց ի սրտե: (Գլուխը քարն էր տվել «Վախթանգովյան դպրոցի» ցանկացած դերասան. ինչպես դասականը կարտահայտվեր՝ «Քեռի Վանյան» ոտքի վրա բարեհոգության դասեր է տալիս»):

Այն ծամանակ ես դեռ չգիտեի, որ ոչ միայն չեմ մոռանալու, այլեւ մեղավոր հոգուս անդիմադրելի-հիվանդագին պոռթկումով, իմ ողջ էությամբ կարոտելու եմ ՏԱՌԱՊԱՆՔԻՍ աղբյուրը: Ցկյանս…

-Խմում եմ ձեր թանկագին կենացը, գնաք բարով, հրամանատար,- կոնյակի շիշը գլխից վերեւ պահելով՝ հրաժեշտ տվեց Ֆարուխ Լաֆրայը պարծենկոտ դեռահասի նման:

Եվ հենց այդ «սրտաճմլիկ» միջոցին էլ աչքիս զարնեց թեւի ժամացույցը… որն այնքա՜ն շատ էր երազել ողորմած հոգին… Պավել Վիննիչենկոն:

-Ֆո՛ւ, շունչս կտրվեց, գարշանքի հոտ է փչում, էլ չեմ դիմանում, Սաշկա,- նետեցի նողկանքով ու քայլեցի դեպի Սեւ կակաչը, որն արդեն ներս էր առել Մատնաչափիկներին։

Շարժասանդուղքով բարձրանալիս թիկունքս վարից վեր սուր-ծակող ցավ շամփրեց. աչքերիս առաջ թրթռացող մշուշ գոյացավ… մթնեց… Ահը սրտումս շրջվեցի. Նուդդինն էր կանգնած՝ նախամարդու պարսատիկը ձեռքին: Աչքերին՝ ինչ-որ ակնոց…

♦♦♦

Վերջապես տուն եմ թռչում՝ գծելով իմ կյանքի ամենազարհուրելի, դժոխային կորը, որը, թվում էր, ոչ սկիզբ ունի, ոչ վախճան, ինչպես ներքեւում փռված անապատի լռությունը՝ դիվային, անմատչելի, ինչը  հար եւ նման էր Մատնաչափիկների խորհրդավոր լռությանը։ Նրանք մունջ էին, որովհետեւ հիմա արդեն, առավել քան երբեւէ, հաշտ էին սեփական խղճի՝ իրենք իրենց հետ՝ հաշտեցնելով իրենց մահի, մահը՝ իրենց հետ։ Ասել է թե՝ վերջապես հանդիպել էին Արարչին, որի գոյությանը հավատացել կամ չէին հավատացել։ Գոնե այդպես:

ՀՐԱԺԵՇՏԻ ԱՂՈԹՔ

Օգնիր, խնդրում եմ, բարեգութ Աստված, դժվարին փորձության ժամին պատվով կատարելու այս անհոգի հանձնառությունը, որ վիճակվել է ինձ, եւ ընդունիր քո հպատակ Պավել Վիննիչենկո անվանյալ ծառայիդ հեթանոս հոգին՝ առաքելով հավերժական հանգստություն, քանզի նա ինքն էլ չէր իմանում, թե ինչ է անում, որի համար հատուցեց իր ջահել կյանքով։  Գիտեմ՝ հաճախ ենք հակառակում Քեզ, դժգոհելով, թե անարդար է Երկրի վրա դեռ շատ ու շատ բան, դրանից էլ հուսահատվում ենք եւ չգիտենք՝ կա՞ս, թե՞ չկաս։ Չգիտենք՝ ո՞ւմ դիմենք, ո՞ւմ առաջ բացենք մեր սիրտը, որպեսզի թեթեւանա վիշտը, որ ամայացնում է հոգին՝ դարձնելով դառը, անվերջանալի մտքերին գերի։ Բայց էլի ուզում ենք հավատալ, որ կաս, մեզ հետ ես…  թե չէ մեր հոգու ամայությունը կվերածվի անապատի։ Առանց այդ էլ այսքան տարի՝ ամեն օր քնել-զարթնել ենք անագորույն անապատի անտարբերության ներքո։ Եվ կարիք ունենք կարեկցանքի։ Թողություն տուր մեր մեղքերին, ամենակարող Տեր, եւ արժանացրու Պավել Վիննիչենկո մոլորյալին երկնային ներման շնորհին. նա քավել է իր բոլոր մեղքերը՝ նույնիսկ նրանք, որոնք երբեւէ չէր գործել։

…Տղերքը մեղավոր չէին: Թող լույս իջնի նրանց տարագիր հոգիներին։

Նրանք են երկրի աղն ու քրտինքը։ Ամե՛ն։

♦♦♦

Տաշքենդի օդանավակայանում ինձ միացան «համապատասխան մարդիկ», եւ մենք միասին շարունակեցինք ճանապարհը: Ինձ հաջողվեց մասամբ գլուխ բերել Վիննիի խնդրանքը՝ շնորհիվ Ֆարուխի տոպրակի, որում եղած մետաքսյա գլխաշորն ու թաշկինակը ես նվիրեցի ընկերոջս նշանածին եւ մորը, իսկ դանակը, ինչպես պատվիրել էր Պաշկան, բոլորի աչքից հեռու տվեցի մռայլադեմ, աժդահա հորը, որն էլ ընդունեց արժանապատիվ տառապանքով… Թաղման օրը աչքովս տեսա, թե ինչպես եկեղեցական կարգը մատուցելիս տեր հոր քթի տակ մի բուռ հողի հետ նետեց գերեզմանափոսը, որով կարծես չափակցում էր պատժի եւ ներման սահմանագիծը՝ վերջ դնելով հոգիների ավերմունքին, որ գործել էր Ճակատագրի գեղարդը։

-Ո՜վ, ո՛վ քեզ սպանեց, իմ խենթ ու խելառ, իմ գիժ խոտ կերած սիրական ընկեր,- լալիս, կուրծք էր պատռում ջահել, խոլական գուցուլուհին՝ երեսը թաղելով «նշանածի ուղարկած» թաշկինակի մեջ։

«Նա ընկա՜վ հերոսի՜ մահո՜վ…»,- բուրվառը օդում ճոճելով խնկարկում էր տեր հայրը։

-Թքել եմ ձեր հերոսության վրա, ոչ ու փուչ լինեք բոլորդ, գրողի տարածներ,- մորմոքում էր գեղեցկուհին։

Սերաֆիման խելակորույս ճանկռում էր ցինկե դագաղի լուսանցքը, որը, բարեբախտաբար, բղակալել էր ներսից, եւ Վիննիի այլանդակված դեմքը չէր երեւում։ Մայրը՝ բարձրահասակ, ոսկրոտ կազմվածքով մի կին, ամուր բռնել էր ուսիցս, որպեսզի կարողանար ոտքի վրա մնալ եւ ցնորելով ողբում էր իր անփարատ վիշտը, որ փլվել էր գլխին՝ թաղելով իրեն  էլ այդ նույն փոսում։

Տաշքենդից ինձ հետ եկած քաղաքացիական մարդիկ աննկատ չքվեցին գերեզմանոցի կատուների պես, հենց որ հանգուցյալին հիմնավորապես հանձնեցին հողին։ «Հուսով ենք՝ կարդարացնեք ձեզ վրա դրված բարձր վստահությունը»,- քչփչաց ճիվաղը ականջիս։ «Կարդարացնե՜մ, կարդարացնե՜մ, ձեր մե՛րը ք…մ»։ Ուրվականը ցնդեց։ Մինչդեռ ինձնից քիչ ջանք չպահանջվեց՝ համոզելու սպանվածի հարազատներին, որ արտաշիրմում չանեն…

-Ասա՛ ինձ, օտարակա՛ն,- հանկարծ հարցապնդում արեց հայրը առարկություն չհանդուրժող տոնով,- ով սպանեց իմ Պաշկոյին։

Նրա երկաթյա ձայնի մեջ լսվող կանխակալ, անողոք շեշտն ինձ թեւաթափ արեց, եւ անհնար էր կեղծելը…

♦♦♦

…Այդպես էլ հրաժեշտ տվեցինք իրար. ես՝ իմ կյանքի ամենատխուր-ողբերգական առաքելությունն իրականացրած աքսորականի ժառանգս, եւ նրանք՝ այր ու կին, որոնք չորացել-սմքել էին աչքիս առաջ ու հիմա գյուղի ճանապարհին կանգնել, չարագույժ լռության մեջ խեղդում էին իրենց անմարդկային ցավը՝ կորցրած ամեն ապավեն եւ հույս, որն ասես իմ հեռանալու հետ ավելի էր բարակում՝ որպես կյանքի թելն է բարակում։

Այդ մղձավանջը ես երբեմն տեսնում եմ երազում, եւ աշխարհն ինձ համար կորցնում է իր հմայքը։

Շարունակելի

 

* Աֆղանական բնակավայրեր

** Համեցեք, շատ էժան է

*** Ողջույն (պարսկ.)

 

ԳԱԳԻԿ  ՄԱԽՍՈՒԴՅԱՆ

Խորագիր՝ #17 (1188) 03.05.2017 - 09.05.2017, Հոգևոր-մշակութային


06/05/2017