Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԴԵՊԻ ԼՈՒՅՍԸ



ԴԵՊԻ ԼՈՒՅՍԸԶրույց ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, ՔՀԾ 1-ին դասի պետական խորհրդական, պահեստազորի գեներալ-մայոր ՎԱՐԴԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ հետ

 

-Ամեն անգամ, երբ պատրաստվում եմ ակնարկ գրել որևէ մեկի մասին, թվում է՝ նստած եմ սպիտակ կտավի առաջ, վրձինը ձեռքիս, որ հետո գույները միահյուսելով կտավին՝ թողնեմ մի կենսագրություն, մի ապրած կյանք՝ իր ուրախություններով ու ցավերով, կորուստներով ու հաղթանակներով, անկումներով ու վերելքներով… Կհուշե՞ք, թե ի՞նչ գույներ ընտրեմ Ձեր դիմանկարը պատկերելիս:

-Ծիածանի բոլոր գույները, բայց՝ լույսով ողողված: Ամենաչնչին խավարը, ամենաաննշան ստվերը կարող է աղավաղել գույնը, խեղել նրա իմաստը, իսկ լույսի մեջ գույները թանձր են ու բովանդակալի: Այդուամենայնիվ, թող գերիշխի երկնքի գույնը՝ կապույտը՝ սիրո, նրբության, մտերմության, քնքշանքի խորհրդանիշը…

-Մարդիկ կարդալու են այս տողերը ու մտածելու են՝ ես առնվազն գունազարդել եմ Ձեր ասածը, չեն հավատալու, որ անժպիտ, սակավախոս, ինքնամփոփ, սառն ու խիստ գեներալը կարող է այսքան նրբորեն տարրալուծել Կապույտը: Ձեր կերպարն այնքան հակասական է. թվում է՝ Ձեր մեջ երկու մարդ է ապրում՝ սիրո, կարոտի, ներդաշնակության, լույսի մասին գրող պոետն ու պատերազմի և բանակաշինության փորձությունների միջով անցած կարծր ու անհաղորդ գեներալը…

-Ի տարբերություն Ձեզ, ես բառերն ավելի զգուշությամբ եմ ընտրում մարդկանց բնութագրելիս, այդուամենայնիվ, ինձ դուր է գալիս մեր զրույցի անկեղծությունը…Սառը, անհաղորդ, կարծր…Սա ընդամենը պատյան է, որը աստիճանաբար գոյացավ իմ ապրած կյանքի, իմ կենսագրության պարտադրանքով, իսկ այն, ինչ ներսում էր, մնաց նույնը: Ես 20 տարեկանից պայքարի ու պատերազմի մեջ եմ: Իմ զինվորական կենսագրությունն սկսվել է շարքային զինվորից՝ ռազմիկից, ու ձգվել մինչև գեներալական ուսադիրներ: Ես դժվար ճանապարհ եմ անցել: Ու իմ կերպարի վրա կյանքիս հետագիծը չէր կարող չարտացոլվել:

-Այնպիսի տպավորություն է, որ Դուք ամենամտերիմ մարդկանց անգամ թույլ չեք տալիս այդ պատյանից ներս թափանցելու, հասնելու այն տիրույթին, որտեղ Դուք պոետ եք՝ խոցելի, զգայուն, զգացմունքային…

-Ես մենակ եմ իմ ապրումների՝ սերերի, ցավերի, կարոտների աշխարհում: Իմ պոեզիան մենախոսություն է, այն իմ հոգու ընթացքն է դեպի Լույսը: Բանաստեղծությունը ինքնամաքրում է, ապաշխարանք, թռիչք դեպի Գեղեցիկն ու Կատարյալը:

-Դուք շատ եք գրում սիրո մասին՝ կորցրած սիրո, մեղավոր սիրո, անպատասխան սիրո… Սովորաբար, երբ գալիս է հաջորդ ներշնչանքը, նախորդը մոռացվում է: Ձեր բանաստեղծությունները կարդալիս թվում է՝ Ձեր սերերը անցյալ չեն դառնում ու շարունակում են խռովել Ձեզ…

-Սերն ինչպես կարող է անցյալ դառնալ: Սերը իմ ապրած կյանքի ամենատաք, ամենավառ, ամենաքաղցր վերհուշն է: Ամենաթանկը: Սերը քեզ ստիպում է զգալ սրտիդ անպարփակ մեծությունը, միլիարդավոր բջիջներիդ թրթիռը: Սերը քեզ ստիպում է տիեզերքը ամբարել հոգուդ մեջ:

-Ամեն մարդ իր մանկության հեքիաթն ունի՝ մի ակունք, որից սնվում է ամբողջ կյանքում:

-Տատս: Նա է ինձ մեծացրել, ու քանի որ միշտ կախված էի տատիս փեշից, լսում էի, թե նա ինչպես է խոսում Տիրոջ հետ գրաբար…Ես ոչինչ չէի հասկանոմ տատիս հուզաթաթախ մրմունջներից, բայց զգում էի կատարվածի խորհրդավորությունն ու կարևորությունը: Կարծում եմ՝ Տիրոջ գաղափարը իմ հոգում սաղմնավորվեց մանկության տարիներից:

…Մեր գյուղում գերեզմանոց կար, որը կոչվում էր Քյոհնա Խաչեր: Սահանքի պատճառով հանգուցյալների ոսկորները հողից դուրս էին գալիս ու ցրվում գերեզմանոցով մեկ: Ամեն կիրակի ես ու տատս գնում էինք գերեզմանոց, հավաքում ոսկորներն ու թաղում հողի տակ: Տատս ասում էր, որ հողը մեր նախնիների մարմինն է: Երբ ես արդեն մեծ էի, ինձ համար դժվար չէր բացատրել մարդու և իր հողի անքակտելի կապը: Հողի ու արյան առնչությունը:

-Ձեր զինվորական կենսագրությունն սկսվեց կանոնավոր բանակո՞ւմ ծառայելու տարիներին, թե՞ երբ 7 ուսանող ընկերներով հայրենի հողին նվիրաբերվելու երդում տվեցիք…Մարդը միանգամի՞ց է զինվոր դառնում, թե աստիճանաբար:

-Արցախի ուսանողա-երիտասարդական միության կազմում՝ մենք ահաբեկում էինք Արցախ ոտք դրած թշնամիներին, զենքով պաշտպանում էինք մեր հայրենակիցների ունեցվածքը ադրբեջանցիների ոտնձգություններից: Հետո սկսվեց իսկական կռիվը: Ներսումդ ինչ-որ բան խարխլվում է, երբ առաջին անգամ քո արձակած գնդակից մարդ է զոհվում, բայց կյանքդ մի ուրիշ հուն է մտնում, երբ փակում ես զոհված ընկերոջդ աչքերը: Եթե զինվորանալու ճանապարհն ես ընտրել, ապա ամեն օրդ քեզ ավելի ու ավելի է զինվոր դարձնում:

-Ձեր ինքնակենսագրության մեջ գրված է, որ եղել եք Մերուժան Մոսիյանի օգնականը: Հետո Ձեզ նշանակել են Մարտունու շրջանի պարետ: 1 տարի 2 ամիս ղեկավարել եք առաջին ինքնապաշտպանական շրջանը, ապա Մարտունու ինքնապաշտպանական շրջանի հրամանատարի՝ Մովսես Հակոբյանի տեղակալն եք եղել, ապա 2 տարի 7 ամիս ղեկավարել եք 6-րդ պաշտպանական շրջանը: Ո՞րն է այդ տարիների ամենակարևոր դասը, որ պիտի փոխանցեք մեզ՝ որպես պատերազմի բովով անցած զինվոր ու հրամանատար:

-Աշխարհը ապրելու իրավունք միայն ուժեղներին է տալիս. մնացածը գեղեցիկ ու սուտ խոսքեր են: Երկիր կառուցել նշանակում է երկիրը դարձնել ուժեղ, սիրել հայրենիքը նշանակում է բոլոր շահերդ, հաճույքներդ ստորադասել այն ամենին, ինչը ուժեղ է դարձնում հայրենիքդ: Արցախյան պատերազմը մեզ սովորեցրեց ուժի լեզուն, հիմա կթոթովենք դրանով, թե սահուն կխոսենք, մեզնից է կախված:

-Դուք եղել եք Խոջալուի, այժմ՝ Ք. Իվանյանի անվան ուսումնական գնդի հրամանատարը: Հետո ղեկավարել եք մեկ այլ գունդ, իսկ 2002 թ.-ից մինչև 2008 թ.-ը ղեկավարել եք ՊՆ անձնակազմի հետ տարվող աշխատանքի վարչությունը, այսինքն՝ գաղափարադաստիարակչական ոլորտը: Նրանք, ովքեր այդ տարիներին բանակում էին կամ մոտ էին բանակաշինության խնդիրներին, շատ լավ հիշում են, թե ինչ գերմարդկային ջանքերի գնով էին զորքերում արմատավորվում կանոնադրային հարաբերություններն ու կանոնավոր բանակին հարիր բարքերը: Երկրի նախագահը վստահ է, որ զինվորականությունն է դառնալու հասարակությունն առաջնորդող բարոյական ուժը:

-Ազգ-բանակ գաղափարի առաջին սաղմերը դրվել են այն ժամանակ, երբ պաշտպանության նախարարը Սերժ Սարգսյանն էր, ու հենց նրա նախաձեռնությամբ բանակի փակ դռները առաջին անգամ բացվեցին հասարակության առջև, հնարավորություն տալով, որ ազգը մերձենա բանակին, հասկանա, որ հենց ինքն է բանակի հաղթանակների ու ձախողումների ակունքը, զգա իրեն բանակաշինության մասնիկն ու ստանձնի պատասխանատվության իր չափաբաժինը: Այսօր պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի Ազգ-բանակ կոնցեպտը, ժամանակի մարտահրավերներին համապատասխան, առաջարկում է բանակը հանրայնացնելու, զուգահեռաբար՝ ազգի գաղափարական ու արժեքային համակարգը մարտունակ դարձնելու ծրագիր: Սա այն է, ինչ ասացի Արցախյան պատերազմի դասերի վերաբերյալ Ձեր հարցին պատասխանելիս: Սա ուժեղ երկիր կառուցելու, յուրաքանչյուր հայի մտավոր ու ֆիզիկական ներուժը երկրի հզորացմանը ծառայեցնելու ծրագիր է:

-Իսկ ո՞րն է եղել Պն տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության ամենամեծ ձեռքբերումը այն տարիներին, երբ Դուք էիք ղեկավարում կառույցը:

-«Զինուժ» հեռուստածրագիրն ու «Հայ զինվոր» թերթը տարիներ շարունակ գույն առ գույն ձևավորել-կերտել են հայ սպայի ու զինվորի կերպարը, հայրենիքի դիմագիծը, դարձել են բանակաշինության տարեգիրն ու բանակային կյանքը հասարակությանը ներկայացնող ամենաակտիվ տեղեկատվական-քարոզչական կառույցը: Մեր խնդիրն էր մասնակցել հասարակական նոր խավի՝ զինվորականության կերպարի ձևավորման գործին, որպեսզի այդ շերտը իր նկարագրով ու բարոյախոսությամբ գերակա տեղ ունենա հասարակության մեջ ու իր կերպարով կարևորի հայրենիքի պաշտպանությունը՝ որպես մարդու ամենաբարձր առաքինություն ու ամենամեծ սխրանք, հուշի մարդու և հայրենիքի առնչության վարքականոնը…

-Ինչո՞վ եք զբաղված հիմա՝ պաշտպանության նախարարի խորհրդականի պաշտոնում:

-Ես կանոնակարգում եմ հասարակական կառույցների և կամավորականների կապը բանակի հետ: Սա մի ասպարեզ է, որն ունի ահռելի բարոյական ներուժ և արդյունավետ իրացնելու դեպքում կարող է մեծ օգուտ բերել ինչպես բանակին, այնպես էլ հասարակությանը: Պարտադիրից կամավորի անցման գաղափարի շեշտադրումը անչափ կարևոր է մեր երկրին ուղղված մարտահրավերների ներկայիս փուլում: Այդ գաղափարն է կրում Վիգեն Սարգսյանի «ԵՍ եմ» ծրագիրը, ինչը, ըստ իս, գաղափարի արմատավորման առաջին քայլն է: Մեզ նվիրյալների, գաղափարի մարդկանց հասարակություն է պետք և՛ քաղաքացիական կյանքում, և՛ բանակում: Դա կենսունակ երկիր կառուցելու ճանապարհն է:

-Դուք ներկա եք բոլոր կիրակնօրյա պատարագներին, Ձեր բոլոր բանաստեղծություններում կա Լույսի՝ Տիրոջ ներկայությունը: Միայն Ձեր գրքերի վերնագրերը՝ Լույսի օրհնություն, Լույսի քաղցրություն,, հուշում են, որ մենք չենք կարող առանձին հարցով չանդրադառնալ մարդու և Տիրոջ կապի Ձեր ընկալմանը: Ի՞նչ է փոխել Ձեր կյանքում հավատքը:

-Ես հասկացել եմ, որ մարդը աշխարհ է գալիս մեկ ուրիշ մարդու արցունքը սրբելու, ցավը ամոքելու, նրան ուրախություն պարգևելու համար: Ու հենց այս ճանապարհին է պահված մարդու անձնական երջանկությունը: Կյանքում իմ ամենամեծ ձեռքբերումը մարդասիրությունն է, ու այդ պարգևը ինձ հավատքի միջոցով է տրվել:

-Հայ զինվորի անունից շնորհավորում եմ Ձեր ծննդյան կեսդարյա հոբելյանը: Մաղթում եմ, որ Ձեր հոգում ու Ձեր շուրջ իշխեն Սերն ու Ներդաշնակությունը:

 

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #17 (1188) 03.05.2017 - 09.05.2017, Ազգային բանակ


06/05/2017