ՎԵՑ ԳՈՒՅՆ՝ ՈՒ ՄԻ ԿՅԱՆՔ
Զորամասի հրետանային դիվիզիոնի հրամանատարի տեղակալ, մայոր Գեւորգ Տոնիկյանի հետ մենք երկար զրուցեցինք: Սա իմ տարերքն է՝ երբ առաջին մի քանի րոպեների հարցուպատասխանը վերածվում է ներքին շփման, եւ սկսում եմ խորանալ ու գույներ պեղել: Շատ գույներ: Որ հետո այդ շատ գույներից ընտրեմ ամենավառ վեց գույնը ու նվիրեմ ձեզ: Վեց գույն՝ ու մի կյանք:
Ուժի պաշտամունք
Ես ուզում եմ պատմել, թե ինչպես իմ հոգում ծնվեց զենքի պաշտամունքը: Ուժի պաշտամունքը: Թե ինչպես ես հասկացա, որ զենքը ամեն ինչ է տղամարդու համար` նրա պատիվն է, արժանապատվությունը, գլուխը բարձր ապրելու իրավունքը… Այս պատմությունը Տոնիկ պապս պատմել է իմ հորը, հայրս էլ` ինձ: Ես էլ Հակոբ որդուս եմ պատմել: Ուզում եմ, որ նա էլ իր որդուն պատմի:
Մուսալեռցիները բարձրանում էին սարը, որ փրկվեն թուրքի յաթաղանից: Բա Տոնիկ պապը զենք չունե՞ր` այս հարցը ես տվել եմ իմ հորը: Հակոբ որդիս ինձ է հարցրել, նրա որդին էլ նրան է հարցնելու: Ու պատմողը փորձելու է շրջանցել հարցը, բայց լսողը հասկանալու է ամեն ինչ: Նրանք փախչում էին: Այնքան վախեցած էին փախչում, որ երբ բարուրի միջից երեխան սահում է ցած, հարեւանը մեծ տատիս ասում է` հետ մի դարձիր, մյուս երեխաներիդ մասին մտածիր: Բայց մեծ տատս, այնուամենայնիվ, մահվան վտանգն աչքի առաջ, վերադառնում է ու վերցնում գետնին ընկած նորածնին: Մեծ բարեբախտություն է, որ ես կամ այսօր: Ու ծիծաղելի կլիներ, որ բժիշկ դառնայի կամ շինարար: Ես պիտի զինվորական դառնայի: Երբ դպրոցական էի, երազում էի ռազմական օդաչու դառնալ, որովհետեւ մտածում էի, որ ռազմական ինքնաթիռը ամենահզոր զենքն է` իր հուժկու ու մահաբեր ռումբերով: Հետո, շատ տարիներ հետո հասկացա, որ ուզում եմ թուրքերին վերադարձնել այն սարսափը, որը տատս զգացել է բարուրից սահած երեխայի հետեւից գնալիս: Ես այս բեռը տանել չէի կարող, ես պիտի այն վերադարձնեի թուրքին:
Ես հրետանավոր եմ
Տարիները սրբագրում են ուժի ու հերոսության մասին պատկերացումներդ: Ես հրետանավոր դարձա: Հրետանին ամենագեղեցիկ զենքն է: Դուք տեսե՞լ եք, թե այն ինչպես է խոցում, ինչ թափով, ինչ ճշգրտությամբ է թիրախը վերածում ավերակի: Եվ դու, որ պատիվ ու բախտ ունես քեզ հրետանավոր կոչելու, դառնում ես նրա մի մասնիկը, նրա մի պտուտակը, միանում ես նրա թափին, նրա ուժին: Նրա հաղթանակին: Հրետանին հեռվից պաշտպանում է առաջնագիծը: Նա իրեն չի պաշտպանում, այլ թշնամուն ոչնչացնելով՝ պաշտպանում է առաջնագծում կանգնած իր ընկերներին: Նրանք գիտեն, որ հզոր հրետանին կխփի ու չի թողնի, որ թշնամին մոտենա իրենց: Ու եթե դու իրոք հրետանավոր ես, քո էության ամենաբնորոշ գիծը դառնում է վտանգվածին պաշտպանելը` սահմանին, փողոցում, այգում, տանը: Տղամարդը պիտի պաշտպան լինի: Պաշտպանելը ուժեղի մենաշնորհն է: Այդ անձնվիրությունն այնքան է բարձրացնում տղամարդուն… Ես ամեն օր ձգտում եմ ավելի ու ավելի «հրետանավոր լինել»:
Վերադարձրի թուրքերին իմ պարտքը
21 տարեկան էի այդ ժամանակ, նոր էի սկսել ծառայությունս: Եկել էինք առաջնագիծ` տարածքն ուսումնասիրելու եւ գնահատելու: «Բուսոլը» դրել էի խրամատում, որ չափումներ անեմ, բայց խրամատը շատ խորն էր, ու չէի կարողանում թշնամու տարածքը տեսնել: Ադրբեջանցիները շատ մոտ էին՝ 100 մետրի վրա: Հանկարծ իմ ներսում ինչ–որ բան թրթռաց: Մի անպատասխան վիրավորանք, մի ցավ, մի չարձակված գնդակ… Մի բան, որ չեմ կարող լիովին բնութագրել: Ես դուրս եկա խրամատից, «Բուսոլս» դրեցի հողին ու հասակով մեկ կանգնեցի թշնամու առաջ: Ընկերս գոռաց` խրամատ մտիր, բայց իմ հոգում ինչ–որ անհասկանալի, անկառավարելի բան էր կատարվում: Հետո ես տեսա, թե ինչպես իրարանցում սկսվեց թշնամու տարածքում:
…Ես լսում էի, թե ինչպես էին լիցքավորվում ավտոմատները: Տեսնում էի, թե ինչպես էին դրանք ուղղվում ինձ, բայց ես չէի շարժվում տեղիցս: Մինչեւ հիմա չեմ հասկանում, թե ինչու չկրակեցին: Երկու ժամ ես կանգնեցի թշնամու նշանառության տակ ու չափումներ արեցի: Հետո, երբ հասկացա, որ Տոնիկ պապիս հոգում բուն դրած սարսափը վերադարձրել եմ թուրքին, վերցրի «Բուսոլս» ու մտա խրամատ:
Ես շոշափեցի հայրենիքս
Կյանքն այնպես դասավորվեց, որ ես ստիպված էի թողնել զինվորական ծառայությունս: Զեկուցագիր գրեցի ղեկավարությանը, խնդրեցի ինձ զորացրել, մանրամասն նկարագրեցի վիճակս, պատմեցի, որ չեմ կարող զինվորական ծառայությունս շարունակել: Շատ ուրախացա, երբ իմացա, որ ըմբռնումով են մոտեցել ու ընդառաջել են ինձ: Մի օր կանացի հաճելի ձայնն ինձ հեռախոսով ասաց, որ ամեն ինչ պատրաստ է զորացրման համար, պիտի գնամ ինչ–որ թուղթ ստորագրեմ ու հեռանամ բանակից: «Բանակից հեռանալ» արտահայտությունը մեխի պես խրվեց ուղեղիս մեջ: Հանկարծ ես հասկացա այդ բառերի ամբողջ իմաստը: Գլխի ընկա, որ պիտի հանեմ զինվորական համազգեստս, պիտի թողնեմ զորամասս, զինվորներիս, հայրենիքիս սահմանը, զենքս… Ու ինձ կողոպտված ու դատարկված զգացի:
–Ես չեմ ուզում զորացրվել,- ասացի տիկնոջը,- ներեցեք, չեմ ուզում:
Տիկինը մի պահ լռեց: Հետո երեւի հասկացավ: Ու անջատեց հեռախոսը: Երբեք ես ու հայրենիքն այդքան մոտ չէինք եղել:
Հրամանատար նշանակում է վստահություն
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի առաջին կուրսի կիսամյակային գնահատականներս բավականին ցածր էին, ու ինձ արգելել էին Նոր տարուն տուն գնալ: Ես հաշտվել էի «բախտիս» հետ, բայց իմ վաշտի հրամանատարը` երջանկահիշատակ Վահե Մանուչարյանը, տեղը չէր գտնում: Մեկ էլ եկավ, թե` խոսել եմ վերադասի հետ, դու Նոր տարին ընտանիքիդ հետ կնշես: Ասել եմ` ինձ վրա եմ վերցնում պատասխանատվությունը, Գեւորգը եկող կիսամյակ ցածր գնահատական չի ունենա: Հաջորդ կիսամյակը ես ավարտեցի գերազանցությամբ, ռազմական ինստիտուտը` նույնպես: Ինձ համար այդպիսին է վստահություն բառի տարողությունը: Ես 70 զինվոր ունեմ, ու մեր հարաբերությունների մեջ ամենակարեւորը վստահությունն է, մնացածը կառուցվում է այս հենքով, սրա շուրջ: Վստահությունը քո տված պարտքն է, որ վերադարձվում է քեզ: Քո՛ տվածը: Եթե քեզ չեն վստահում, ուրեմն չես տվել: Տվե՞լ ես, ու չե՞ն վերադարձրել: Ուրեմն` շատ տուր, այնքան տուր, որ չկարողանան չվերադարձնել: Հիասթափությունը պարտություն է: Երբ դու մեկին ասում ես` նա վատն է, դա քո ձախողումն է, քո թուլությունը:
Եթե մի օր
Եթե մի օր կարողանայի բոլոր սիրելիներիս միասին հավաքել մի վայրում, նրանց համար դուդուկ կնվագեի, ու նրանք կհասկանային բոլոր այն բառերը, որոնք կարժեզրկվեին, եթե հնչեին բարձրաձայն:
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
Խորագիր՝ #18 (1189) 10.05.2017 - 16.05.2017, Ազգային բանակ