Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՎԵՐԱԿԵՐՏՎԱԾ ՃԱԿԱՏԱՄԱՐՏ



ՎԵՐԱԿԵՐՏՎԱԾ ՃԱԿԱՏԱՄԱՐՏՄայիսի 4-ին «Երիտասարդ համալսարանականների միավորում» կազմակերպությունը՝ ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ Վետերանների միության և Ազգային կինոկենտրոնի աջակցությամբ «Հաղթանակ» զբոսայգում մայիսյան տոների կապակցությամբ կազմակերպել էր աննախադեպ միջոցառում: Ներկայացվեց Մեծ հայրենականի որոշիչ մարտերից մեկում Թամանյան դիվիզիայի մարտիկների գրոհի վերարտադրությունը: Միջոցառմանը ներկա էին Թամանյան դիվիզիայի հրամանատար Նվեր Սաֆարյանի անունը կրող և այլ դպրոցների սաներ, ովքեր ուշիուշով հետևում էին պայմանական մարտադաշտում ծավալվող գործողություններին:

Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի խոսքերով՝ մեր օրերում ամբողջ աշխարհում մեծ տարածում ունեն ճակատամարտերի, առանձին մարտական գործողությունների այսպիսի վերակերտումները: «Կարծում եմ, որ այս միջոցառումը լավ սկիզբ է հետագայում մեր պատմության կարևորագույն ճակատամարտերի դրվագները ավելի ընդգրկուն և ծավալուն վերակերտելու համար: Ամեն պատերազմ ունի իր հոտը, իր գույնը, իր ձևը, իր զգացողությունների բույլը: Զինվորի համար, և հատկապես այն երիտասարդի, որ վաղը զինվոր է դառնալու, շատ հետաքրքիր է մարտական գործողության շունչն անմիջականորեն զգալը, մեր այսօրվա զենքերը մեր պապերի գործածած զենքերի հետ համեմատելը:

ՎԵՐԱԿԵՐՏՎԱԾ ՃԱԿԱՏԱՄԱՐՏՀՀ վետերանների միության նախագահ, գնդապետ Եսայանն ասում է, որ այս միջոցառման նպատակն է մեր երիտասարդ սերնդի մեջ Հայրենական մեծ պատերազմի մասին հիշողություններ արթնացնելը: «Արցախյան պատերազմում տարած մեր հաղթանակները նաև Հայրենական մեծ պատերազմում հայորդիների գործած սխրագործությունների հետևանքն էին: Մեր սերունդը դաստիարակվել է նրանց օրինակով, նրանց մասին պատմող ֆիլմերով: Հայրենական մեծ պատերազմում հերոսացածների թոռներն ու ծոռներն էին, որ Արցախյան պատերազմում նման հերոսություն ցուցաբերեցին»:  Վերակերտման թեմայի ընտրությունը գնդապետ Եսայանը բացատրում է այսպես. «Հայկական 6 հրաձգային դիվիզիաներից հենց Թամանյան դիվիզիային թույլատրեցին մտնել Բեռլին: 1944 թվականին, գերագույն գլխավոր հրամանատարի հրամանով, բոլոր ազգային դիվիզիաները միաձուլվեցին: Եվ միայն  Թամանյան դիվիզիան մնաց որպես ազգային դիվիզիա և այս կարգավիճակով մտավ Բեռլին»:

«Հաղթանակ» զբոսայգում՝ Մայր Հայաստանի հուշարձանի դիմաց, ճիշտ և ճիշտ թամանցիների հագուկապով հանդերձավորված երիտասարդները «գրոհ» են նախաձեռնում «հակառակորդի»՝ «գերմանացիների» դեմ: Կրակոցների ձայները իսկական մարտի տպավորություն են թողնում: Կենաց-մահու մարտում թշնամին պարտության է  մատնվում, իսկ Թամանյան դիվիզիայի մարտիկները հաղթական գոչյուններով ազդարարում են իրենց փայլուն հաղթանակը:

 

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Խորագիր՝ #18 (1189) 10.05.2017 - 16.05.2017, Բանակ և հասարակություն


11/05/2017