Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՆՄԱՀ ԳՈՒՆԴԸ



ԱՆՄԱՀ ԳՈՒՆԴԸԵռատոնի կապակցությամբ Երևանում կայացած խորհրդանշական միջոցառումներից էր Հայրենական, Արցախյան և Ապրիլյան քառօրյա պատերազմների հերոսների լուսանկարներով երթը: Մասնակիցները ռազմահայրենասիրական երգերով՝ «Կատյուշայից» մինչև «Գետաշեն», հանդիսավոր երթով Ազատության հրապարակից շարժվեցին դեպի Շահումյանի հրապարակ: Նրանցից շատերը եկել էին հարգելու իրենց զոհված հարազատների հիշատակը, բարձր պահած տանում էին դիմանկարները: «Երբ Հայրենական մեծ պատերազմն սկսվեց, հայրս՝ Արամայիս Եղիյանը, բժշկական ինստիտուտի ուսանող էր: Նա  կամավոր մեկնեց ռազմաճակատ: Կռվում էր «Մալայա զեմլյա»-ում: Բուժակ էր՝ կռվի դաշտից դուրս էր բերում վիրավորներին: Հետո ինքն էլ վիրավորվեց երկու ոտքից: Երկար ապաքինումից հետո վերադարձավ, շարունակեց ուսումը և հայտնի բժիշկ-հոգեբույժ դարձավ: Նրա անունը Հայաստանի 100 լավագույն հոգեբույժների շարքում է: Հայրիկիս մասին ասում էին, որ խոսքով անգամ կարողանում էր բուժել: Կարծում եմ՝ պատերազմական փորձը նրան այս առումով շատ բան էր տվել…Իսկ պապիկս չորս պատերազմների մասնակից է եղել: Թամանյան դիվիզիայի կազմում մինչև Բեռլին է հասել, այնտեղ քոչարի է պարել»,-ասում է երթի մասնակից Էմիլիա Եղիյանը:

Տոնական երթին մասնակցելու էին եկել նաև պատանի երկրապահները:

-Սա մեր մեծ հաղթանակների տոնն է,- ոգևորությամբ ասում է Նարեն: -Եկել ենք հարգելու և հիշելու մեր զոհված հերոսներին, մեծարելու նրանց:

Երեխաները երկու օր շարունակ տարբեր միջոցառումների են մասնակցել, բայց նրանց ոգևորությունը չի պակասում:

-Չենք հոգնել, որովհետև կարևոր գործ ենք անում,- հպարտությամբ ասում է Նարեն:

Այստեղ են նաև «Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների խորհուրդ» հկ-ի ներկայացուցիչները: Եկել են՝ չամոքվող ցավը սրտերում: Ռիմա Առաքելյանը նշում է. «Հարգանքի տուրք ենք մատուցում մեր հերոսներին, որոնք իրենց կյանքը չխնայեցին Բաշ-Ապարանում, Ղարաքիլիսայում, Հայրենական մեծ պատերազմում և, իհարկե, Արցախյան պատերազմում, որտեղ կերտվեց հաղթանակների մեր նոր ուղին: Մեր վշտի մեջ կա մեծ հպարտություն: Ես այսօր բարձրացրել եմ իմ որդու՝ Շահեն Առաքելյանի նկարը, բայց այստեղ բոլորն են մերը, մեր հայրերը, եղբայրները, որդիները…»:

Ոսկանյան Սուսաննան որդու հետ է մասնակցում երթին. բարձրացրել է իր ամուսնու՝ «Արաբո» ջոկատի մարտիկ Ավետիք Հարությունյանի լուսանկարը, որի մասին շրջափակման մեջ ընկնելուց հետո ոչ մի տեղեկություն չունի:

Սամարա Գրիգորյանը անհայտ կորած ազատամարտիկ Վրեժ Գրիգորյանի մայրն է, Հայրենական մեծ պատերազմում զոհված Միքայել Ազարյանի դուստրը: «Մեր հարազատներն այժմ չկան, բայց մենք հպարտ ենք, որ ունենք մեր որդիների երազած հայրենիքը»:

Հանդիսավոր երթն ավարտվում է Շահումյանի հրապարակում:

Խորագիր՝ #18 (1189) 10.05.2017 - 16.05.2017, Բանակ և հասարակություն


11/05/2017