Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱԿԱՆ ՀԱՎԱՔ



ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱԿԱՆ ՀԱՎԱՔՀՀ ՊՆ վարչական համալիրում մայիսի 2-ին մեկնարկեցին զորամասերի հրամանատարների և նրանց տեղակալների հնգօրյա հրամանատարական հավաքները:

Զինված ուժերի պատրաստության պլանի համաձայն անցկացվող հավաքների նպատակն էր ամրապնդել և կատարելագործել սպաների ունակությունները զորքերի ամենօրյա գործունեության ղեկավարման ուղղությամբ, կատարելագործել նրանց տեսական մասնագիտական գիտելիքների և գործնական վարժվածության մակարդակը մարտական պատրաստության գործընթացում առաջավոր փորձի ներդրման ուղղությամբ, մարտավարամասնագիտական պարապմունքների և համալիր ստուգարքների միջոցով ստուգել հավաքների մասնակիցների անհատական պատրաստության աստիճանը:

Հրամանատարական հավաքների շրջանակում զինված ուժերում «Հրամանատրում առաջադրանքի միջոցով» ղեկավարման սկզբունքների ներդրման անհրաժեշտության, ՀՀ սահմանադրական բարեփոխումների, ռազմական արդյունաբերության ներկա վիճակի, ձեռքբերումների ու զարգացման հեռանկարների, ինչպես նաև զինված ուժերի կադրային քաղաքականության հարցերի վերաբերյալ դասախոսություններով և ելույթներով հանդես եկան ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալներ Արա Նազարյանը և Դավիթ Փախչանյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանը:

ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱԿԱՆ ՀԱՎԱՔՀակառակորդից մշտապես մեկ քայլ առաջ՝ ճիշտ տեղում ու ճիշտ պահին պատրաստ կատարելու առաջադրված մարտական խնդիրը: Զինված ուժերում զորային օղակի ղեկավարման ու կառավարման նոր սկզբունքների ներդրման անհրաժեշտությունն ու առաջնահերթությունը սպաներին ներկայացրեց ԶՈՒ ԳՇ պետը.

-Ճկուն ու ստեղծագործ միտք, կամքի ուժ ու նախաձեռնողականություն: Սրանք զորքերի ամենօրյա գործունեության ղեկավարման առաջին ու կարևոր նախապայմաններն են: Հատկանիշներ, որոնք պետք է կատարելագործվեն մշտապես բարդ օպերատիվ միջավայրում արագ գործելու, ժամանակակից նոր սպառազինության ու զինտեխնիկայի կիրառման առանձնահատկություններին գերազանց տիրապետելու, անհրաժեշտության դեպքում՝ մարտի հաջող ընթացքն ու հաղթական ելքը կանխորոշելու համար:

Ռազմական արդյունաբերության ձեռքբերումներից ու զարգացման հեռանկարներից, ՀՀ սահմանադրական բարեփոխումներից մինչև զինված ուժերի կադրային քաղաքականության խնդիրներ ու բարելավման ուղիներ: Դավիթ Փախչանյանի դասախոսությունների թեմաները հատուկ են ընտրված՝ հաշվի առնելով զինված ուժերի կենսագործունեության և զինանձնակազմի գիտելիքների ու մարտավարամասնագիտական ունակությունների կատարելագործման առաջնահերթությունները: Այս նպատակներին են միտված նաև մարտավարական ու մարտավարամասնագիտական թռուցքահավաքները:

Հրամանատարներին ներկայացված են հավանական մարտական իրավիճակներ:  Հավաքի մասնակիցները խմբերի ղեկավարների ցուցումներով պետք է կայացնեն համապատասխան որոշումներ, ձևակերպեն մարտի մտահղացումը: Այս կամ այն պայմանական իրադրությունը պարտադիր նշվում է քարտեզի վրա: Պակաս կարևոր չէ նաև ղեկավար փաստաթղթերի ճիշտ իմացությունն ու մշակումը:

ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱԿԱՆ ՀԱՎԱՔՀրամանատարական հավաքը հագեցած էր նաև գործնական դասաժամերով: Անցկացվեցին ստուգողական պարապմունքներ զորատեսակների համար նախատեսված հրաձգության վարժություններից: Հրամանատարական կազմի կրակային խոցման արդյունքները գոհացուցիչ են, գնահատականները՝ լավ և գերազանց:

Ֆիզիկական ակտիվություն և առողջ ապրելակերպ քարոզելու գաղափարը ևս ներառված էր հրամանատարական հավաքի ծրագրում: Սպորտային ավանում սպաներն ըստ խմբերի կատարում են ֆիզիկական պատրաստության համալիր վարժություններ: Ստուգվում  է նրանց անհատական պատրաստության աստիճանը:

Զորամասերի հրամանատարների՝ սպառազինության գծով տեղակալները նախորդ ուսումնական տարվա արդյունքով լավագույնը ճանաչված տեխնիկական զորամասում են: Սպառազինության վարչության պետի հետ սպաները շրջում են բացազատված ուսումնական կետերով: Նրանց ուշադրությանն են ներկայացվում տարեցտարի նոր սարքավորումներով ու տեխնիկական միջոցներով համալրվող զորամասի հնարավորությունները, տեխնիկական ապահովման գործընթացն առավել արդյունավետ ու անվտանգ իրականացնելու եղանակներն ու միջոցները:

Մայիսի 5-ի վաղ առավոտյան հրամանատարական կազմը զորավարժարանում էր՝ հետևում էր մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժությանը: Նախքան մեկնարկը զորավարժության ղեկավար կազմի ներկայացուցիչները ԶՈՒ ԳՇ պետին և բարձրաստիճան մյուս զինվորականներին զեկուցում են ստուգատեսի ուսումնական նպատակների ու խնդիրների, թիրախային իրադրության ու մարտավարական կողմնորոշիչների մասին:

Գեներալ լեյտենանտներ Մովսես Հակոբյանն ու Հայկազ Բաղմանյանը շրջում են բացազատված ուսումնական կետերով: Այստեղ ներկայացված են ռազմական գործողությունների կառավարման ու ղեկավարման,  մարտի դաշտից վիրավորների դուրսբերման, ստորաբաժանումների քողարկման, թիրախների խոցման ու հրաձգության նոր, ավելի արդիական ու անվտանգ մեթոդներ ու եղանակներ: Սպաների յուրաքանչյուր զեկույց ուղեկցվում է ցուցադրական պարապմունքով:

Զորավարժությանը ներգրավված մոտոհրաձգային գումարտակը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի: Բոլորն իրենց տեղերում են՝ պատրաստ կատարելու ուսումնական խնդիրը: Ուժերն ու միջոցները ակտիվորեն խաղարկում են հարձակողական լայնածավալ գործողություններ: Խորքից առաջխաղացմամբ անցնելով հարձակման՝ գրոհող ուժերին հաջողվում է անվրեպ խոցել պայմանական հակառակորդի թիրախները՝ վերականգնելով առաջնագիծը:

Հրամանատարական հավաքի վերջին օրը  սպաներն ունկնդրեցին ՀՀ պաշտպանության նախարարի դասախոսությունը «Առաջնորդություն և կառավարում» թեմայով: Վիգեն Սարգսյանն ընդգծեց, որ յուրաքանչյուր հրամանատար իր մեջ համադրում է երկու կարևոր գործառույթ. կառավարչի, քանի որ նրան է վստահված կառավարելու իր ենթակայության ներքո գործող ստորաբաժանման գործունեությունը, և առաջնորդի, քանի որ հաջողության և արդյունքի հասնելու համար սպան, հրամանատարը պետք է առաջնորդի հատկանիշներ ու պատասխանատվություն ունենա: Կառավարչի գլխավոր գործառույթը չսխալվելն ու առաջադրված խնդիրը լիարժեք կատարելն է, իսկ առաջնորդը պետք է կարողանա ճիշտ քայլերով հասնել հաղթանակի:

Հնգօրյա հրամանատարական հավաքի արդյունքներն ամփոփեց ԶՈՒ ԳՇ պետը: Գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն ընդգծեց, որ հայկական զինուժը զարգանում է ժամ առ ժամ, ուստի նմանօրինակ հավաքները ժամանակի պահանջ են, սպաների գիտելիքների շղթայական փոխանցման և փորձի փոխանակման լավագույն միջոց:

 

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՌԱՇՅԱՆ

Խորագիր՝ #18 (1189) 10.05.2017 - 16.05.2017, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


11/05/2017