Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀՈԳԵՎՈՐ ԵՎ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ



ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀՈԳԵՎՈՐ ԵՎ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐՄայիսի 4-ից 5-ը Ծաղկաձորի գրողների ստեղծագործական միության տանը անցկացվեց երկօրյա սեմինար՝ «Զինծառայողների հոգևոր և հոգեբանական կայունության ապահովումը» թեմայով: Մասնակցում էին զորամասերի հրամանատարների` ԱՀՏԱ գծով տեղակալներ, ԶՈՒ հոգևոր սպասավորներ, զինվորական հոգեբաններ և պաշտպանության նախարարության հետ համագործակցող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը կարևորեց նման ձևաչափով անցկացվող քննարկումներն ու հանդիպումները` ընդգծելով, որ ՀՀ զինված ուժերը աշխարհի բազմաթիվ այլ բանակներից տարբերող, դրանց հանդեպ առավելություն հաղորդող առաջնային գործոնը հայ ժողովրդի արժեհամակարգի, հավատքի և հաղթանակների վրա կառուցված ամուր գաղափարական հենքն է:

Շնորհակալություն հայտնելով զինված ուժերի հոգևոր սպասավորներին, զինվորական հոգեբաններին և հրամանատարների ԱՀՏԱ գծով տեղակալներին ամենօրյա անդուլ ծառայության համար՝ պաշտպանության նախարարը շեշտեց նրանց եռամիասնության դերը ժամկետային զինծառայության ընթացքում երիտասարդների գաղափարական, հոգևոր դաստիարակության խնդիրների լուծման գործում` նշելով, որ այն մեծ ներուժ ունի:

-Մեզանից շատ ավելի մեծ երկրներ, շատ ավելի հզոր բանակներ չունեն նման ներուժ, քանի որ նույն ստորաբաժանման ներսում հաճախ զինանձնակազմը բաժանված է լինում կրոնական, ազգային ամենատարբեր խմբերի, և նրանց համար հեշտ չի լինում միասնական արժեհամակարգի հանգելը: Եվ եթե մենք կարողանանք ժամկետային զինծառայության երկու տարիները դարձնել այս երեք ուղղություններով աշխատանքի արդյունավետ շրջան, մեր բանակից երկրի համար փայլուն քաղաքացիներ կզորացրենք:

Նախարարը մատնանշեց այն երեք կարևոր փուլերը, որոնք պետք է հաշվի առնեն զորքերում բարոյահոգեբանական աշխատանք իրականացնող այս համակազմերը: Դրանք են` կանխարգելումը,  ախտորոշումն  ու  «բուժումը»:

Կանխարգելիչ փուլն, ըստ նախարարի, պետք է ուղղված լինի երիտասարդների աշխարհայացքի խեղման ժամանակին բացահայտմանն ու կանխարգելմանը:  Անդրադառնալով այս տեսանկյունից ամենացավալի՝ ինքնախեղումների և ինքնասպանության թեմային՝ նախարարը նշեց, որ հոգեբանության մեջ հայտնի փաստ է, որ ինքնասպանության որոշումը  երբեք վայրկենապես չի ձևավորվում, և եթե մինչև այդ պահը խնդիրը ուշադրության չի առնվել և չի չեզոքացվել,  ուրեմն սխալը իրավիճակների կառավարելիության մեջ է:

-Լինի դա հազարից մեկ, թե տասը հազարից մեկ, բոլոր դեպքերում, մեղքը մերն է: Ցանկացած դեպքում սա գոյություն ունեցող ավելի լուրջ խնդիրների արտացոլումն է:

Այս իմաստով Վիգեն Սարգսյանը խիստ կարևորեց աշխատանքի հաջորդ երկու փուլերը` նկատելով, որ խնդրի ժամանակին ախտորոշումն ու բուժումը մշտական աշխատանք է պահանջում բոլոր այն խմբերի հետ, որոնք կարող են թիրախային, խնդրահարույց օջախներ ստեղծել զորամասում:

Այնուհետև Վիգեն Սարգսյանն ընդգծեց, որ գնդերեցների հետ առավել առարկայական և ամուր հետադարձ կապ է ակնկալում: Իսկ անձնակազմի հետ տարվող աշխատանքի գծով սպաներին  հանձնարարեց հատկապես հետևողական լինել զինվորի ընդհանուր կրթական մակարդակի բարձրացման խնդրում, հորդորեց հանդես գալ նոր առաջարկներով: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը որպես արդյունավետ աշխատանքի օրինակ բերեց «Թումո» կենտրոնի հետ համատեղ զորքերում համակարգչային դասընթացներ անցկացնելու փորձը` նշելով, որ մինչև տարվա վերջ ԶՈՒ չորս զորամասերում այս դասընթացներում կընդգրկվի շուրջ հազար զինծառայող:

Այնուհետև հանդիպման մասնակիցներն իրենց հուզող հարցերն ու գործնական առաջարկները ներկայացրին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին:

Երկօրյա սեմինարի ընթացքում դասախոսություններով հանդես եկան  ոլորտի փորձառու մասնագետներ` հոգևորականներ և հոգեբաններ, որոնք անդրադարձան զինանձնակազմի բարոյահոգեբանական վիճակի բարելավման գործում հավատքի դերին ու նշանակությանը, ինչպես նաև հոգեբանական արգելքների հաղթահարման գործում հոգեբանական գիտության տրամադրած գիտելիքներին ու մեխանիզմներին:

Հանդիպման երկրորդ օրը ընթացան գործնական պարապմունքներ, որոնց նպատակը հոգեբանական ապահովման աշխատանքի մեթոդների անմիջական ուսուցումն էր: Մշակվեցին այս մեթոդիկաները զորամասերում համատեղ ջանքերով կիրառելու ընթացակարգային մոտեցումներ:

«Հայ զինվորի» հետ զրույցի ընթացքում սեմինարի մասնակիցները խոսեցին սեմինար-պարապմունքի անցկացման կարևորության մասին: Զորամասի հոգևոր սպասավոր Արսեն սարկավագ Մաթևոսյանի խոսքով՝ ծառայության ընթացքում գնդերեցներն ու սպաներն ամեն օր առնչվում են քննարկվող խնդիրներին:

ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀՈԳԵՎՈՐ ԵՎ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ-Մեր զինվորի, հատկապես՝ սահմանապահ զինվորի համար սթրեսային իրավիճակները սովորական են, քանի որ պատերազմի վտանգը մշտապես առկա է: Պետք է տեսնել, թե ինչ միջոցներ և մեթոդներ կան յուրաքանչյուրիս զինանոցում և համադրել դրանց գործադրման հնարավորությունները:

Մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Հակոբ Թադևոսյանի կարծիքով՝ այսպիսի միջոցառումների կարևորությունը հնարավոր չէ գերագնահատել:

ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀՈԳԵՎՈՐ ԵՎ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ-Այս կարգի սեմինարների և հանդիպումների կազմակերպումը մեր բանակում դրական ավանդույթ է դարձել: Աշխատանքները գնալով ավելի ու ավելի գործնական բնույթ են ստանում: Մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումների, ինչպես  նաև  ոչ մարտական ստորաբաժանումների համար շատ կարևոր է հոգեբանական կայունության բարձր մակարդակը թե՛ առանձին զինծառայողների և թե՛ ստորաբաժանման մակարդակով: Սեմինարի երկրորդ օրը գործնական խմբային պարապմունքներ անցկացրինք` վարժություններ, որոնք  անմիջականորեն կարելի է կիրառել զորամասերում:

Զորամասի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, մայոր Աշոտ Ղազարյանն իր հերթին նշեց.

ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀՈԳԵՎՈՐ ԵՎ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ-Ապրիլյան քառօրյա պատերազմը ցույց տվեց հայ զինվորի, զինվորականի հայրենասիրությունն ու ոգու ամրությունը և միաժամանակ նոր խնդիրներ առաջ բերեց  ու նոր մոտեցումների պահանջ դրեց: Այս սեմինար-պարապմունքները շատ կարևոր են զինծառայողների հոգևոր և հոգեբանական դաստիարակությունն առավել բարձր մակարդակի վրա դնելու և զինծառայողներին նոր, առավել արդյունավետ հոգեբանական հմտություններով ու կարողություններով  զինելու համար:

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

մայոր

Խորագիր՝ #18 (1189) 10.05.2017 - 16.05.2017, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


11/05/2017