Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԼԵԶՈՒ՝ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ԲԱՆԱԿ, ԲԵՐԴ



ԼԵԶՈՒ՝ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ԲԱՆԱԿ, ԲԵՐԴՀայոց լեզուն և խոսքը հայ էթնոսի և ազգի հավաքական գիտակցության արտահայտությունն է, այն մշակվել, հղկվել է հազարամյակների ընթացքում: Հայոց մշակույթը հայերենի հետ անքակտելիորեն կապված է: Առանց լեզվի անհնար է պատկերացնել մշակույթ: Դա է պատճառը, որ մշակույթը հաճախ կոչվում է տվյալ ազգի և ժողովրդի հոգևոր նվաճումը: Լեզուն մշակույթի ոչ միայն կրողն է, նաև նրա հայելին, որտեղ  արտացոլվում է ազգի լիարժեք կերպարը: Հայոց լեզուն և խոսքը իր մեջ է խտացրել հոգևոր և մտավոր բազմիմաստ հղացումներ, որոնց երկակիության բացահայտումը հնարավոր է հատկապես դարձվածքային արտահայտություններում: Ինչպես, օրինակ՝  քաղցր լեզուն հազար սրի պատասխան կտա: Լեզուն ոսկոր չունի, բայց շատ ոսկորներ է ջարդում:  Լեզու կա՝ անուշ է, լեզու կա՝ լեղի և այլն: Սեղմ, իմաստալից, պատկերավոր և այլաբանական-խրատական ասույթները մեզ կողմնորոշում  և նպաստում են ունենալ խոսքի մշակույթ, որին անվերապահորեն պետք է լավ տիրապետել, հատկապես ռազմական ոլորտում, որտեղ յուրաքանչյուր բան ու խոսք զենքի հզորություն ունի:  Զեկուցման մեջ անհրաժեշտ է հայ զինվորի գրագիտությունը, առանձնապես շեշտվում է հրամանատարի խոսքի դիպուկությունը, նպատակասլացությունը, գաղափարադաստիարակչական միտվածությունը, մայրենիի միջոցով հայրենասիրական զգացմունքների վերաիմաստավորումը, որը մեր վաղվա Ազգային բանակի նաև գաղափարական և հոգեբանական հզորացման գրավականն է:

 

Լեզվի եւ խոսքի երկակի բնույթը դարձվածքային արտահայտություններում

 

Դեռեւս V դարից հայ գրչության մեղվաջան մշակները մեզ  են փոխանցել ոչ միայն հայերենի մշակված շողակները, դրա հետ մեկտեղ նաեւ թարգմանական մատենագրության մարգարիտները։ Պատմահայր Մովսես Խորենացին վկայում է, որ գիր ստեղծելուց անմիջապես հետո Մաշտոցն ու նրա ավագ աշակերտներ՝ Հովհան Եկեղեցացին եւ Հովսեփ Պաղնացին հայ բանավոր խոսքը փոխանցել են մանուկ աշակերտներին գրչության արվեստն ուսուցանելով։ Սրանով պարզ է դառնում, որ հայոց մտքի անգին գոհարները գիր ու գրչության շնորհիվ պահպանվել են եւ անմահացել։ Ուստի միանշանակ կարող ենք ասել, որ հազարամյակների խորքից եկող հայոց լեզվի եւ խոսքի հղկված մտքերն ու  դատողությունները  պահպանել են իրենց աստվածային բանի հատկանիշները, դրա վառ  վկայությունը Աստվածաշնչի ոսկեղենիկ թարգմանությունն է։ Նպատակահարմար ենք համարում նաեւ խոսել լեզվի եւ խոսքի կապի մասին։ Եթե լեզուն մարդկային հաղորդակցման հիմնական եւ կարեւորագույն միջոցն է, ապա խոսքը մարդուն ներհատուկ հոգեբանական-ֆիզիոլոգիական գործունեության արտահայտությունն է, որի մեջ իշխում է գիտակցականը։  Լեզվի եւ խոսքի միջեւ  կա ընդհանուրի եւ մասնավորի, վերացականի եւ հստակի փոխհարաբերություն։ Դիալեկտիկական այդ հակադրամիասնության մեջ լեզուն ընդհանուրն է, վերացականը, հասարակականը, իսկ խոսքը մասնավորն է,  հստակը, անհատականը։ Երբեք մի՛ գործածիր այն բառը, որի իմաստը չգիտես։ Խոսքը քամին է տանում, կերածը՝ մնում։ Խոսքը թռչուն է, թռավ բերանիցդ՝ այլեւս  չես բռնի։ Ձուկը թոռով (ուռկանով)  են բռնում,  մարդուն՝ խոսքով։ Խոսքերը քամուն (չ)տալ։ Ի տարբերություն  լեզվի ընդհանրական համակարգի, խոսքը անհատական իրացումն է, լեզվի կենդանի գոյը։ Այսինքն՝ խոսքը լեզվի գործնականում կիրառությունն է։ Խոսքը կառուցվում է բառերի եւ քերականական միջոցների օգտագործմամբ։  Ուստի անհատը իր խոսքի կառուցման մեջ եւ՛ անկախ է, եւ՛ անկրկնելի։ Հետեւաբար, մարդուն ճանաչում են իր խոսքով կամ խոսքի կատարումով։ Խոսքը ասելը չէ, անելն է։ Ասելն ու անելը իրար եղբայր են։ Ըսելու ու էնելու մեջ սար ու ձոր կա։ Տավար կապից կբռնեն, մարդուն՝ լեզվից։ Երկու էրնեկ մի տեղ չի էղնի։ Հին գրականության մեջ խոսքը կոչվել է բան։ Բանի նախնական իմաստը եղել է Հոգի։ Այն առաջին անգամ գրավոր մեզ է փոխանցվել Աստվածաշնչի «Ի սկզբանե եղել է բանը» նախադասությամբ։ Այսինքն՝ «Սկզբում եղել է հոգին»։ Այդ մասին  է վկայում հնդեվրոպական նախալեզվի «bha»=բա 1) լուսավորել, փայլել, լույս, փայլ 2) խոսել։ Այս արմատով հայերենում ունենք բազմաթիվ բառեր։ Ինչպես, օրինակ՝ բառ, բայ, բարբառել բալա-որդի, բալ (խոսել, ասել), բալ (պտուղ), փայլ, բարի, բամբասել, (բամ «ասում եմ», բաս՝ «ասում ես» բայ-բաներ «վեճ, բանավեճ, խոսքակռիվ» բանականություն, վեհ, վախ, բահ-բահ (ձայնարկություն)  եւ այլն։ Բան բառացիորեն նշանակում է հոգու փայլ, Աստծու ձայն։ Այս իմաստով հայերենում ունենք Վահագն, Վահե, Վաչե եւ այլ անձնանունները։ Բան՝ որպես խոսք, գործ իմաստով հայերենում ավելի շատ է գործածական։ Ոչ միայն հացիվ, այլեւ բանիվ։ Լավ է մարմնավոր աղքատ, քան՝ հոգեւոր։ Բան ասա, բան լսենք, հասկանանք։ Բանը բանից անցել է։ Բանը բան կբանա։ Բանը բանի նման չէ։ Խոսքը ծնվում է այն ժամանակ, երբ  անձն ունենում է հոգեկան ակտիվության որեւէ դրդապատճառ, որի ազդեցության տակ միտք է ծնվում։ Այդ միտքը ձեւավորվում է նախ ներքին խոսքում, այնուհետեւ արտաքին խոսքում, այսինքն՝ արտասանված բառերի նշանակություններում ասույթի ձեւով։

Խոսքը կամ խոսքային գործունեությունը  լեզվի տարրերի այնպիսի հաջորդականություն է, որը  կառուցված է ըստ նրա օրենքների եւ համապատասխանում է այն հոգեկան բովանդակություններին (մտքերին, զգացմունքներին, հուզական վիճակներին, դրդապատճառներին եւ այլն)։ Սակայն  ժողովրդական իմաստաբանությունը մեզ ասում է նաեւ հակառակը։ Օր.՝ Լեզուս կսե, սիրտս՝ ոչ։ Լեզվիդ չափ ու չվան դիր։  Բերանը սրտի ավելցուկը կզրուցե  եւ այլն։ Մարդու գիտակցության մեջ այս կամ այն խոսքը  կազմելը հոգեկան գործունեություն է, քանի դեռ  նա չի հաղորդվել ուրիշներին, մնում է որպես ներքին  խոսք, անհատի մեջ ծագած ու լեզվականորեն  ձեւավորված միտք։ Այս տեսակետից լեզուն հանդես է գալիս որպես հոգեկան գործունեություն, իսկ դրա արդյունքը՝ մարդու մեջ կազմված ներքին խոսքը, որպես հոգեբանական երեւույթ։ Թե՛ գիտակցությունը, թե՛ մտածողությունը եւ թե՛ լեզուն եւ խոսքը հոգեւոր գործունեության  բարձրագույն աստիճանն են ներկայացնում, որն  իրականացվում է ուղեղի կողմից։ Դրանով իսկ լեզուն մի  կողմից հանդես է գալիս իբրեւ ներքին հոգեկան  գործունեություն, մյուս կողմից՝ իբրեւ դրա արդյունք՝ հոգեբանական երեւույթ (ներքին խոսք)։ Ասեմ՝ բոց կլինի, չասեմ՝ խոց կլինի։  Լեզուն լուռ, կռնակը դուր։ (հանգիստ)։  Մի ոչը հազար փորձանքից է փրկում։ Լեզվի տակին փուշ չկա, որ ծակի։   Հրաչյա Աճառյան «Հայերենի արմատական բառարան» ՀI, էջ 133: Ալբերտ Նալչաջյան «Հոգեբանության հիմունքներ». Ե. 1997, էջ 237: «Լեզուն ատամների տակ պահելը» դարձվածքից կարելի է կազմել հետեւյալ թեւավոր խոսքը։ Աշխարհի ամենամեծ սանձառուն նա է, ով կարողանում է լեզուն ատամների տակ պահել։ Ներքին խոսքը, երբ մտադրվում է արտահայտել, համապատասխան  խոսելու գործարանները գործի են անցնում եւ հաղորդում միտքը։ Դրանով էլ ներքին խոսքը դառնում է արտաքին խոսք։

Արդեն արտաբերված խոսքի մեխանիկական կրկնությունը առանձին դժվարություն է հարուցում։  Բերնեբերան կլինի գերան, ասեղը գերան հազար բերան։ Լեզվե լեզու հազար լեզու։ Բամբասանքը դատարկ հրացան է։ Երկար խոսքը կարճ խելքի նշան է, իսկ կարճ խոսքը՝ երկար խելքի։ Լեզուն որպես հաղորդակցման միջոց ենթադրում է  հոգեբանախոսական գործունեություն խոսողների միջեւ։ Խոսողների մեջ տեղի է ունենում իրար հաջորդող եւ իրար հետ սերտորեն կապված բնախոսական ու հոգեկան գործունեություններ։ Լեզվակոխ անել  (լեզվով հաղթել)։ Լեզվի/ խոսքի տակ (չ) մնալ։ Լեզվի կապերը բանալ, արձակել կամ լեզվին կապ դնել։ Լեզվի պարտքը բարի (խեր) խոսելն է։ Քնքուշ խոսքով սարի եղնիկին անգամ կարելի է մոտենալ։ Չունիս ցորեն հաց, ունեցիր ցորեն լեզու։ Խոսքը բանալի է, որով բացում են սիրտը։ Խոսքի մեջ աղ չկա։ Ծառայելով հասարակությանը՝ որպես հաղորդակցման միջոց, լեզուն ամբարում ու  պահպանում է իր  մեջ հասարակության գործունեության արդյունքները՝ հասարակական փորձն ու գիտելիքները եւ դրանք փոխանցում հաջորդ սերունդներին։ Լեզուն հասարակության զարգացման յուրաքանչյուր փուլում արտացոլում է իրենով խոսող հանրության գիտակցությունը, նրա մշակութային, գիտական, արտադրական ու քաղաքական գործունեության նվաճումները։ Գարի ցանողը ցորեն չի հնձի։  Քանի լեզու գիտես՝ այնքան մարդ ես։  Երկաթը տաք-տաք կծեծեն։  Մի ձեռքով երկու ձմերուկ չեն բռնում։ Սիրիր ինձ, սիրեմ քեզ։ Լեզուն միեւնույն ժամանակ պայմանավորում է հասարակության անդամների համատեղ գործունեությունը, բուն իսկ հասարակության միասնությունը։ Ինչքան զարգանում է հասարակությունը եւ հասարակական գիտակցությունը, այնքան էլ զարգանում է  լեզուն եւ դրանով իսկ տվյալ էթնոսի, ազգի  եւ ժողովրդի հավաքական գիտակցությունը, ազգային  գիտակցությունը։ Ուստի կարող ենք ասել, որ լեզվի միջոցով ձեւավորվում է մարդու անհատականությունն ու ազգի հավաքական կերպարը։ Նպատակահարմար ենք համարում ներկայացնել մի քանի հայ դասական հեղինակների կարծիքները։ Է. Բ. Աղայան՝ «Լեզվաբանության հիմունքներ» Եր. 1987, էջ 55-56: Մ.Վ. Ասատրյան՝ «Փիլիսոփայության ներածություն» Եր. 2004, էջ 54: Նաիրի Զարյան՝ Արի՛, եղբայր, փառաբանե՛նք մեր քաղցրաբառ հայոց լեզուն։ Մեր սրտի ջուր, մեր  ձեռքի  թուր, մեր հոգու լար հայոց լեզուն։ Միքայել Նալբանդյան՝ Ազգությունն ունի յուր հոգին, եւ այդ հոգին լեզուն է։ Վահան Տերյան՝ Լեզուն ժողովրդի հոգու, բնավորության արտահայտիչն է։ Գարեգին Նժդեհ՝ Մարդս իր խոսքի մեջ դրսեւորում է իր հոգու բովանդակությունը։ Լեզվական համակարգով հաղորդակցման մեջ սովորաբար տարբերում են երկու գործառույթ կամ երկու բնույթ։ Մտածական հաղորդում։  Բանականություն /գիտակցություն/ բան (հոգի)։ Զգացական հաղորդում բան  (խոսք),  բան  (գործ)։  Այս երկու բնույթը մեկ միասնություն են  կազմում։   Մարդու հոգեւոր աշխարհը, նրա գիտակցությունն  իրականության ոչ միայն վերացարկված ու  ընդհանրացված, այլեւ նպատակադիր արտացոլումն է։ Իր նպատակադիր բնույթի շնորհիվ մարդկային բանականությունը, հենվելով իր բարդ ու հարուստ  հոգեւոր աշխարհի վրա, ստեղծում է մտացածին,  երեւակայական իր երկրորդ աշխարհը։ Լինելով  ստեղծագործական ուժ, գիտակցությունը՝  բանականությունը ոչ միայն արտացոլում, այլեւ  կերտում է աշխարհը։ Սա գիտակցության / բանականության գլխավոր առանձնահատկությունն է, որը  խստորեն տարբերվում է անբանականների զգայական արտացոլումից։ Աշխարհ շինողն ու քանդողը լեզուն է։ Չար լեզուն աշխարհ է քանդում։ Մարդու խայտաբղետը (ալեն) ներսից է, տավարինը՝ դրսից։ Բանականության շնորհիվ մարդը ճանաչում է աշխարհը։ Մարդն անվանվում է բանական, լատիներեն՝ հոմո սափիենս, այսինքն՝ հոգեւոր  արժանիքների  շնորհիվ ցանկացած բան  ճանաչելու, հասկանալու, վերլուծելու ընդունակ էակ։ Ուստի մարդու մոտ հոգեբանական տեսակետից լեզվի եւ խոսքի երկակիությունը կարող է  արտահայտվել՝ բարի կամ չար  (ինչպես Եզոպոսի լեզուն) արարող կամ  կործանող, սիրելի կամ ատելի եւ այլ իմաստներով։ Ինչպես, օրինակ՝ Մարդկային կործանող չար հատկությամբ։ Լեզուն երկսայր թուր է։ Լեզու կա՝ անուշ է, լեզու կա՝ լեղի։ Իմ լեզուն իմ թշնամին է։ Է. Բ. Աղայան «Լեզվաբանության հիմունքներ» Եր. 1987, էջ 55-56 Մ.Վ. Ասատրյան «Փիլիսոփայության ներածություն» Եր. 2004, էջ 54:   Թրի վերքը կլավանա, լեզվինը՝ ոչ։ Մարդու դժբախտությունը իր լեզվից է։ Լեզվի կծածին դեղ չկա։ Լեզվի ծակածը նշտարն էլ չի ծակի։ Գեշ լեզուն ածելուց սուր է։ Հենց խոսք կա, որ մի փութ մեղրով չի ուտվի։ Լեզվի տակ օձի թույն կա։ Արարող բարի հատկությամբ։ Բերանից մեղր է կաթում։ Ջան ասենք, ջան լսենք։ Մի ջան ասելուց հազար հարց կլուծվի։ Անուշ, քաղցր լեզուն օձը բնից կհանի։ Քաղցր լեզուն հազար սրի պատասխան կտա։ Լավ խոսքը հանգցնում է կրակը։ Քաղցր կեր, քաղցր խոսիր։ Բանը կհանե սրտի գամը։ Լեզվի վրա շաքար ու մեղր դնել։ Լեզվի եւ խոսքի երկակիությունը արտահայտվում է նաեւ ճիշտ կամ սխալ, երկար կամ կարճ, հարուստ կամ աղքատ, սահուն կամ ծանրաշարժ լինելու մեջ։ Ինչպես, օրինակ՝ թոկի երկարն է լավը, խոսքի կարճը։ Երկար լեզուն կկարճացնի կյանքը։ Ճիշտ խոսքը կատակով կասեն։ Խոսքի սուտը  չի լինի, սխալը կլինի։ Ինչ եմ տվել դուզ  (շիտակ ճշմարիտ) խոսքին։ Լեզուն մաքուր կամ կեղտոտ լինել։ Լեզուն եւ մտածողությունը նաեւ ազգային  գիտակցությունը օրգանապես կապված են միմյանց հետ։ Ուստի, լեզուն հոգեւոր այն կապն է, որը մի կողմից հավատավոր մարդուն աղոթքի միջոցով հաստատուն է պահում Արարչի հետ, մյուս կողմից՝ ազգի եւ ժողովրդի անցյալ, ներկա եւ ապագա  սերունդներին պահում եւ կապում է  մի մեծ պատմական  կենդանի ամբողջության մեջ։ Խոսքի ընթացքում անմիջական արտահայտություն են ստանում խոսողի ապրումները, տրամաբանությունը, վերաբերմունքը, կրթությունը, դրանով իսկ հոգեբանությունը։ Խոսքային մակարդակում խոսողն օգտվում է լեզվական այն միջոցներից ու ձեւերից, որոնք ինքը գիտի։ Դրանով է պայմանավորված  խոսողի ոճը, խոսքարվեստը։  Հոգի ու մարմին  միակցության մեջ առաջնայինն ու գերիշխողը հոգին է, ուստի մարդը հոգեւոր արարած է եւ բանական։ Մարդու լեզուն եւ խոսքը նրա հոգեւոր կարգավիճակի դրսեւորումն է։ Հոգին բարի է, ուստի արարչական։ Այսպիսին  է նաեւ հայոց բանն ու խոսքը։ Լավ է մարմնավոր աղքատ, քան հոգեւոր։ Լավ է անուն բարի, քան գանձ աշխարհի։ Խոսքը պետք է լինի  տեղին, պարզ, ճշգրիտ,  արտահայտիչ, համոզիչ, գեղեցիկ, հմայիչ։ Նույն բանը, պատահում է, պատմում են երկու տարբեր մարդիկ։ Մեկին չեն  ուզում լսել, մյուսին լսում են հաճույքով, մեկի խոսքը կործանիչ ազդեցություն է գործում, մյուսինը՝ ոգեւորիչ։ Խոսքարվեստին, ճարտասանությանը հատկապես լավ պետք է տիրապետեն մանկավարժները, բժիշկները, հռետորները, ղեկավարներն ու առաջնորդները, ռազմական ոլորտում՝ հրամանատարները: Պատերազմող Հայոց բանակի զինծառայողներին ուղղված՝ հրամանատարի խոսքը պետք է հագեցած լինի զենքի հզորությամբ, հայրենասիրական ոգով, հավատքի հաստատակամությամբ, գաղափարա-դաստիարակչական նպատակամղվածությամբ, մայրենիի վերաիմաստավորող  հոգեբանական վեհ արժանիքներով: Մինչեւ թուրն եկավ, լեզուն գլուխը կտրեց: Թուրը մեկ մարդ սպանեց, լեզուն՝ մեկ բանակ: Եզրափակենք Ավետիք Իսահակյանի թեւավոր խոսքով՝ լեզուն փոխարինել է եւ՛ պետություն, եւ՛ բանակ, եւ՛ բերդ:

ԱՐԱՄ ԹՈՒՄԱՍՅԱՆ

Խորագիր՝ #19 (1190) 17.05.2017 - 23.05.2017, Հոգևոր-մշակութային


17/05/2017