ԱՐՑԱԽՅԱՆ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԱԶԵՐԻ ԾԵՐՈՒՆԻՆ ՊԱՀ ՏՎԱԾ ԶԵՆՔԵՐԸ ՏՎԵՑ ՎԱՐԴԱՆԻՆ
Քրիստոնյայի հաղթական սիրո մասին է այս դրվագը, սեր, որ միայն հոգով զորեղները կարող են դրսեւորել։
Ազերի մի աղջկա՝ Վարդանի վրա կրակելիս մեր տղերքից մեկն սպանում է, թեպետ Վարդանը գոռում էր. «Կին է, չսպանե՛ք դրան»։ Եվ Վարդանը աղջկա դիակը ձեռքերին առած՝ մտնում է ազերիների տուն։ Սրանք սովի են մատնված։ Վարդանը քաղցից ճչացող երեխայի շուրթերին շոկոլադ է քսում, որովհետեւ այնքան փոքր էր, որ ուտել չէր կարող, համբուրում է երեխային, որ հանդարտվի, ապա մորն է տալիս վիտամինների տուփը, թե՝ կե՛ր, որ կարողանաս կաթ տալ։ Մոր երեսին զարմանք ու ժպիտ է առաջանում։ Աչքերին չի հավատում։ Ա՜յ քեզ տարօրինակ թշնամի, որի զորեղության մասին լեգենդներ են պատմում, բայց եղբոր նման վարվեց։
-Այս մանկանը,- ասաց Վարդանը,- կարգին մարդ դաստիարակեք, որ չհարձակվի մեր երկրի վրա, եթե ոչ, միեւնույն է, իմ երեխան կհասցնի նրա դեմ պայքարել ու հաղթանակ տանել։ Մեր հողը մի՛ ցանկացեք գրավել, մեր հողը Աստուծով՝ մե՛զ է պատկանում։
Ասելիքն ավարտելով՝ Վարդանն ուզում էր հեռանալ, երբ ծերունին՝ տան մեծը, կանչեց.
-Տղա՛, տղա՛…
Եվ խնդրեց, որ Վարդանն իր հետ իջնի նկուղ՝ ասելով, թե նվեր ունի նրան տալու։
Այնտեղ ծերունին զենքեր ուներ պահած, որոնք էլ հանձնեց Վարդանին:
-Տղա՛, քո մարդասիրությունը աստվածային է, վերմարդկային, դո՛ւ ես ճշմարիտը։ Այս զենքերը ոչ թե մերոնց, որ ձեր հայրենի հողն են ուզում խլել, այլ ձե՛զ է արժան ունենալ,- շնորհակալ եղավ ծերունին։
ՈՒՐԻՇԻ ԵՐԵԽԱ ՉԿԱ
«Ով որ չթողնի իր հորն ու իր մորը, իր որդիներին, իր կնոջն անգամ եւ իմ հետեւից չգա՝ ինձ արժանի չէ»: Ասել էր Հիսուս։ Եվ յուրաքանչյուրն այս կարգախոսին հետեւում է իր ըմբռնման չափ, իր կարողության, իր չափանիշների կշռով։ Վարդանը լրիվ թողեց իր անձնականը՝ Աստծուն հետեւորդելը տեսնելով հայկական արդար հաղթանակների մեջ։
Արդեն հայտնի էր, որ ազերիները նրա գլխի համար գլխագին էին սահմանել, եւ մայրն ասում էր, թե շարունակ այս աղոթքն էր անում. «Աստվա՛ծ ջան, ինձ այլ բան հարկավոր չէ՝ միայն հաղթանակ եւ երկու մետր հող՝ ննջելու, միայն թե՝ մի՛ թող, որ ազերիների ձեռքն ընկնեմ»։
Մայրն, այնուամենայնիվ, պնդում էր.
-Ամուսնացի՛ր, որ տանը երեխա լինի։
Այնինչ, Վարդանը, ինչպես ֆիդայական կարգն է, արդեն ամուսնացել էր… զենքի հետ։ Ըստ Աստծու պատվերի՝ իր անձնականը փոխարինելով Հայրենիքին ծառայությամբ։
Մի օր էլ, երբ պատերազմից կարճ ժամանակով տուն էր եկել, եւ մայրը նույնն էր պնդում ՝ ամուսնացի՛ր, տանը երեխա լինի, Վարդանը մոր թեւից բռնած՝ տարավ նրան պատուհանի մոտ եւ ցույց տալով բակում խաղացող բազմաթիվ երեխաներին՝ ասաց.
-ՈՒրիշի երեխա չկա, սրանք բոլորն էլ քո՛ երեխաներն են։ Ես անգամ ադրբեջանցի երեխաներ եմ թուրքի ձեռքից փրկել։ Ուրեմն՝ ուրիշի երեխա չկա…
ՄԱՔՍԻՄ ՈՍԿԱՆՅԱՆ
Խորագիր՝ #19 (1190) 17.05.2017 - 23.05.2017, Հոգևոր-մշակութային