Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅ ՀԵՐՈՍՈՒՀԻ ԿԱՆԱՅՔ



Հատվածներ «Հայ հերոսուհի կանայք» գրքից

 

Սկիզբը՝ նախորդ համարում

 

ՀԱՅ ՀԵՐՈՍՈՒՀԻ ԿԱՆԱՅՔՖաշիզմի դեմ մղված պայքարում, ազատության և անկախության ծանր փորձության օրերին, ինչպես ռազմաճակատում, այնպես էլ թիկունքում հայ կանայք իսկական սխրագործություն գործեցին: Հայ հերոսուհի կանայք թշնամու դեմ կատաղի մարտերում մարտնչեցին որպես օդաչուներ, հրետանավորներ, հրաձիգներ, կապավորներ և բժշկասանիտարական աշխատողներ՝ նպաստելով անարգ թշնամու ուժերի ջախջախմանը:

Նույնպիսի հերոսությամբ հայուհիների նոր սերունդը ոտքի կանգնեց՝ իր հայրերի ու պապերի, մայրերի ու տատերի օրինակով սեփական հայրենիքը «ադրբեջանցի» հնարածին անունով թուրք զավթիչներից ազատագրելու և մայր Հայաստանին միացնելու նպատակով:

1988 թվականին ծավալված ազատագրական շարժման առաջին շարքերում էին նաև հերոսուհի կանայք, որոնք հոգով և էությամբ հայդուկների նոր սերունդն էին, նախորդ սերնդի հայդուկների՝ Արաբոյի, Հրայրի, Գևորգի և Անդրանիկի պատգամները և գաղափարները կրողները:

Չնայած հարյուրամյա ժամանակահատվածին՝ շատ նմանություններ կան 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի հայդուկային շարժումների ու մերօրյա Արցախյան ազատամարտի միջև: Պատահական չէ, որ մինչև ազգային կանոնավոր բանակի ձևավորումը հայդուկային ջոկատների մեծ մասը կրում էր 19-րդ դարավերջի անմահ հայդուկների անունները: Հարյուր տարի անց հայն ու հայուհին կրկին հայդուկ դարձան՝ բարձր պահելով հայդուկի ազգային ոգին: Մերօրյա ֆիդայիների, այդ թվում՝ հայուհիների սխրանքով ազատագրվեց դեռևս 20-րդ դարասկզբին խորհրդային ամբողջատիրական վարչակարգի կողմից անարդարությամբ Ադրբեջանին բռնակցված Արցախը: Արցախյան ազատամարտի մասնակից կանանցից մեկը, բնութագրելով խիզախ հայուհիների սխրագործությունները պատերազմի տարիներին, գրել է. «Լինում են պահեր, երբ կինն ավելի խիզախ է մարտադաշտում, քան տղամարդը: Հիշում եմ՝ մի անգամ Մարտակերտի բարձունքներից մեկում էինք: Ես վիրավորին դուրս բերեցի մարտադաշտից, Կարինեն բարձունքի վրա էր: Թեժ մարտեր էին գնում:

Մերոնք նահանջում էին՝ թողնելով բարձունքը: Կարինեն, տեսնելով դա, սկսեց կրակել հրանոթից: Տղաները լսելով, որ մեր հրանոթը կրակում է, վերադարձան ու պահեցին բարձունքը:

Եթե բարձունքը ազերիները վերցնեին, հետո միայն սարսափելի զոհերի գնով կկարողանայինք հետ նվաճել այն: Երբ տղամարդկանց շրջապատում կին կա, նրանք ավելի զուսպ են, ավելի կոկիկ, իրենց արտաքինին ավելի մեծ ուշադրություն են դարձնում: Կնոջ ներկայությունը անհրաժեշտ է առավել ևս ռազմի դաշտում: Եթե ես զգայի, որ իմ ներկայությունը պատերազմի դաշտում անհրաժեշտ չէր, ես չէի մնա: Մեր խիզախ տղաները վախենում էին անգամ մի փոքր ասեղից, ներարկումից: Մի անգամ պետք է ներարկեի մի ծանր վիրավորի, նա խնդրեց. «Դոխտո՛ր, խոսա՛, մի՛ սրսկիր: Երբ խոսում ես, լոխ ցավերս թողում ա»: Իմ խոսքը զինվորների համար ավելի մեծ սպեղանի էր, քան ցավազրկումը»:

Այսպիսով՝ խիզախ տղամարդկանց կողքին քաջասիրտ հերոսուհի հայուհիների ներկայությունը, նրանց ցուցաբերած սխրագործությունները Արցախյան ազատամարտի տարիներին ապահովեցին մեր ժողովրդի հաղթանակը, Արցախի ազատագրումը և ՀՀ երկրորդ անկախ պետության՝ Արցախի հռչակումն ու կայացումը:

Հայոց հազարամյա պատմության մեջ հայ մայրը մշտապես եղել է իր ամուսնու կողքին, ամեն կերպ ջանացել է ամրապնդել ընտանիքը, ընտանեկան հարաբերությունները, օգնել ամուսնուն բարեկեցության հասնել, իսկ վճռական պահերին էլ, զենքը ձեռքին, կանգնել է ընտանիքի և սուրբ հայրենիքի անկախության և ազատության պաշտպանության դիրքերում: Այդ մասին ասել են ու գրել նաև օտարերկրացի ուղեգիրները, որոնք անձամբ տեսել ու համոզվել են դրանում:

Մեր պատմիչները, պատմաբաններն ու գրողները, հասարակական, քաղաքական գործիչները շատ են գրել հայ կնոջ առաքինության, ճկուն մտքի, հարուստ երևակայության, աշխատասիրության, ընտանիքին, հայրենիքին ու ազգին նվիրված լինելու մասին: Այդ է վկայում նաև հայ ժողովրդական բանահյուսությունը: Հայ կանանց, այդ թվում՝ մայրերի մասին գրվել են բազմաթիվ հոդվածներ, հրատարակվել են կենսագրական բառարաններ, գրքեր, ալբոմներ և այլն: Հայուհուն, հատկապես՝ հայ մորը, համահունչ է «Առյուծն առյուծ է, լինի էգ, թե արու» հանրահայտ ասացվածքը:

 

Շարունակելի

Խորագիր՝ #19 (1190) 17.05.2017 - 23.05.2017, Հոգևոր-մշակութային


17/05/2017