ԱՆՁՆԱԿԱԶՄ ՉՈՒՆԵՑՈՂ ՌՈԲՈՏ-ՆԱՎԸ ԿՆԱՎԱՐԿԻ ԽԱՂԱՂ ՕՎԿԻԱՆՈՍՈՒՄ
Աշնանը Խաղաղ օվկիանոս նավարկության դուրս կգա անձնակազմ չունեցող առաջին առագաստանավը: Այժմ այն փորձարկվում է ԱՄՆ ռազմածովային ուժերի բազաներից մեկում:
Առագաստանավը Harbor Wing ռոբոտ-նավի նորագույն նախատիպն է, որը մինչ այժմ օգտագործվել է ափամերձ տարածքում և առաջին անգամ է դուրս գալու հեռավոր նավարկության: Այն նախատեսված է հետախուզության, դիտարկման, մեծ ռազմանավերի հնարավորությունները բաց օվկիանոսում ավելացնելու համար:
15 մետր երկարությամբ Harbor Wing-ը 10 տոննա քաշ ունի, ծանրաբեռնվածությունը 700 կգ է: Առագաստով շարժման դեպքում արագությունը 15 հանգույց է (28 կմ/ժ), էլեկտրաշարժիչով` մինչև 30 հանգույց (56 կմ/ժ): Ինքնաբավ նավարկության ժամկետը 3 ամիս է:
Առանց անձնակազմի նավի վրա տեղադրված են ռադարներ, տեսախցիկներ, մասնագիտական տարբեր սարքավորումներ: Այն նաև ունի ինքնապաշտպանության տարբեր միջոցներ` ձայնային թնդանոթ, արցունքաբեր գազ և լազեր, հնարավոր է տեղադրել նաև գնդացիր:
Նավը համալրված է արբանյակային GPS համակարգով, որը մինչև 3 մետր ճշգրտությամբ տեղորոշում է կատարում: Արբանյակային կապի միջոցով նավը ղեկավարող օպերատորը տվյալները ստանում է 18 վայրկյան միջակայքում: