Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՐՅՈՒՐԱՄՅԱ ՄԵՆՈՒԹՅՈՒՆ



ԳՐԻԳՈՐ ԶՈՀՐԱՊԻՑ ՄԻՆՉԵՎ ՀՐԱՆՏ ԴԻՆՔ

 

ՕՇԻՆ  ՉԻԼԻՆԳԻՐ

 

Սկիզբը՝ նախորդ համարում

 

ՀԱՐՅՈՒՐԱՄՅԱ ՄԵՆՈՒԹՅՈՒՆՀրանտը կարծում էր, որ համայնքի խնդիրները լուծում կստանան ժողովրդավարական Թուրքիայում, իսկ վերջինիս` ԵՄ ինտեգրումն էլ կարագացնի այս գործընթացը:

Եթե անդրադառնանք Զոհրապի քաղաքական ինքնությանն ու գաղափարներին, ապա կտեսնենք, որ նա ազատական և ազատատենչ ուղի էր բռնել, փորձում էր հեռու մնալ Միություն և առաջադիմության կուսակցությունից, որը ձգտում էր վերջ դնել ավանդական բռնատիրական օսմանյան ղեկավար ավանդույթներին և հաստատել բոնապարտյան կառավարման համակարգ: Զոհրապը սկզբնական շրջանում աջակցում էր Միություն և առաջադիմության կուսակցությանը: Երկրորդ սահմանադրական շրջանի հաստատած մասնակի ազատական մթնոլորտում ստեղծված Ահրար (Լիբերալներ) կուսակցությունն իր գաղափարներին ավելի մոտ էր: Յուրացրել էր այս կուսակցության նպատակը. այն է՝ ազատական հասարակություն ստեղծել: Այդ իսկ պատճառով պաշտպանում էր ոչ թե կենտրոնացման, այլ՝ թագաժառանգ Սաբահաթթինի ապակենտրոնացման գաղափարը:

Գաղափարները, որոնք Զոհրապը պաշտպանում էր օսմանյան խորհրդարանում, կյանքի կոչվեցին միայն հանրապետության տարիներին` 1961 թ. սահմանադրությամբ: Զոհրապը բարձրացնում էր այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են կենտրոնական կառավարող ուժի բևեռացումը, աշխատավոր դասի պայմանագրի և գործադուլի իրավունքը, հասարակության բոլոր խավերի և շերտերի համար հավասար ժողովրդավարական և ազատական իրավունքները, օսմանյան հասարակությունը կազմող տարատեսակ էթնիկ խմբերի միջև հավասարությունը, դարեր շարունակ գյուղացիների շալակին ծանրացած գյուղատնտեսական հարկերի թեթևացումը, կանանց նոր իրավունքների ճանաչումը և այլն:

Հրանտը ևս, առնվազն Զոհրապի չափ, լավ հռետոր էր: Անհերքելի է հեռուստածրագրերում, սեմինարների, գիտաժողովների և նմանատիպ այլ միջոցառումների ժամանակ, ինչպես նաև հոդվածներում ճշմարտությունը բարձրաձայնելու նրա վարպետությունը: Իսկ նրա բուն վարպետությունը այս ելույթներին լիրիկա հաղորդելու մեջ էր:

Պատմության խորքերում ամփոփված ճշմարտությունը զգացմունքային շեշտադրմամբ ունկնդիրներին մատուցելով՝ մեկ ակնթարթում ազդեցություն էր գործում նրանց վրա: Ստամբուլում կազմակերպված հայկական գիտաժողովի ժամանակ ներկայացրած «Ջուրը գտավ իր հունը» պատմությունը մեծ ազդեցություն էր թողել ներկաների վրա:

Հրանտն իր ժողովրդավարական ինքնությունը ծանր, սակայն հաստատուն քայլերով էր ստեղծել: Այս գործընթացը կարելի է տեսնել «Ակօս»-ի ընդհանուր բովանդակության մեջ և նրա հոդվածներում: Նախ՝ Հրանտը փոխվեց, հետո էլ՝ «Ակօսը»: Ժամանակի ընթացքում «Ակօսը» համայնքային թերթից վերածվեց մի պարբերականի, որը դիմում էր ողջ Թուրքիային: Ըստ իս՝ այս թերթը Թուրքիայի մամուլի պատմության մեջ եզակի երևույթ է: Այն աստիճան, որ հայ համայնքի հոգևոր վիճակի մասին խոսելիս կարելի բաժանել երկու շրջանի ԱԱ՝ «Ակօս»-ից առաջ, և ԱՀ՝ «Ակօս»-ից հետո: Հայ համայնքը ԱԱ ներամփոփ, ցինիկ, պասիվ և իռացիոնալ հասարակություն էր, մինչդեռ ԱՀ վերածվել է մի հասարակության, որն ակտիվ, գործունյա, ռացիոնալ է և պահանջում է իր իրավունքները:

Անշուշտ, «Ապօրինածին երեխաների» վերաբերյալ օրենքներն ամբողջությամբ չեղարկելու անհրաժեշտությունը պաշտպանելիս Զոհրապի մեջ խոսում էր հումանիստը: Նույն հումանիստական մոտեցումը կարելի է տեսնել Հրանտ Դինքի «Թուզլա ճամբար» պատմվածքում: Նրա՝ այս պատմվածքի անտեր ու աղքատ երեխաների հանդեպ նվիրվածությունը հետագա տարիներին վերածվելու էր թալանված ճամբարի հողատարածքները ետ վերադարձնելու պայքարի:

Գրիգոր Զոհրապին մտավորական դարձնող երրորդ տարրը նրա` համաշխարհային արժեքների և խնդիրների նկատմամբ ցուցաբերած կարեկցանքն է: Զարմանալ կարելի է, թե ուր են հասնում հայ համայնքի և Օսմանյան պետության զարգացման վերաբերյալ Զոհրապի գաղափարներում նկատելի համաշխարհային մասշտաբները:

Զոհրապի համամարդկային գաղափարների մասին վկայող ամենակարևոր քայլն, անկասկած, Դրեյֆուսի դատավարության ժամանակ որդեգրած դիրքորոշումն է և այս դատավարության շրջանակում ռասիզմի դեմ պայքարը: Ողջ աշխարհով մեկ լայն արձագանքներ գտած այս դատավարությանը Զոհրապը մասնակցում է որպես դատապաշտպան և այնպիսի պատասխանատվությամբ մոտենում հարցին, որ կարծես թե դատավարությանը մասնակցած լիներ սեփական երկրում: Զոհրապը դատավարության ժամանակ պնդում է, որ Դրեյֆուսին մեղադրանք է ներկայացվել լոկ հրեա լինելու համար:

Որքան ընդհանրություններ կան Օրհան Փամուքի դատավարության ժամանակ Հրանտ Դինքի կեցվածքի և Դրեյֆուսի դատավարության ժամանակ Զոհրապի դիրքորոշման միջև: Մտավորական փոխօգնության դրսևորում է այն, որ Դինքը Փամուկին մենակ չթողեց Լինչի դատաստանի ենթարկելու նախաձեռնության ընթացքում և դատարանում:

Զոհրապը Միջագետքի հարթավայրով առաջ ընթանալիս զգացել է, որ այն իր գերեզմանն է դառնալու: Կնոջն ուղղված վերջին նամակից, որտեղ գրում է, որ այլևս անճար է, կարելի է եզրակացնել՝ քաղաքական որոշ պայմաններում մտավորականի ինքնությունը չորրորդ տարրի կարիք ունի: Ժառանգություն, որը Զոհրապը չփոխանցեց հաջորդ սերունդներին: Ահա սա է չորրորդ բաղադրիչը:

Հրանտը կնոջն ու երեխաներին նամակ գրելու հնարավորություն չունեցավ, ամեն ինչ մի ակնթարթում կատարվեց: Ճիշտ Զոհրապի պես, առանց չորրորդ տարրի, մարմնի ողջ երկայնքով գետնին փռվեց:

Զոհրապով սկսված հարյուրամյա մենությանը վերջակետ դրեց Հրանտը: Հիմա մեկ այլ ժամանակաշրջանի շեմին արդիական է Համլետի խոսքը՝ լինե՞լ, թե՞ չլինել:

Կա՛մ նոր մի մենություն ենք ընտրելու, կա՛մ էլ վերածնվելու ենք Հրանտի ընկած տեղից:

 

Թարգմանեց Անահիտ Քարտաշյանը

Akunq.net

Խորագիր՝ #19 (1190) 17.05.2017 - 23.05.2017, Ճակատագրեր, Պատմության էջերից


17/05/2017