ԿԱՄԵՐԱՅԻՆԻ ԲԵՄՈՒՄ՝ ԱՌԱՆՑ ՈՒՍԱԴԻՐՆԵՐԻ
ՀՀ ԶՈԻ ավիացիայի վարչության ենթասպաներ Նաիրուհի Նազարյանն ու Լուսարփի Զախարյանն աշխատանքային օրն անցկացնում են միևնույն աշխատասենյակում, երկուսն էլ մեծացել են զինծառայողի ընտանիքում: Աշխատանքային ընկերուհիներին, սակայն, միայն ծառայությունը չէ, որ միավորում է. ծառայությունից դուրս էլ նրանց հետաքրքրությունները նույնանում են մշակութային կյանքում: Նաիրուհին օպերային և ժողովրդական երգերի կատարող է, իսկ Լուսարփին մանրանկարչուհի է ու լրագրող: Օրերից մի օր էլ աղջիկները համատեղ մշակութային ծրագրով հանդես գալու որոշում կայացրին: Եվ ահա մայիսի 10-ին Կամերային երաժշտության ազգային կենտրոնում կայացավ Լուսարփիի աշխատանքների ցուցադրությունն ու Նաիրուհու համերգը: Լուսարփի Զախարյանը նկարչության բնագավառում առաջին քայլերն արել է Քանաքեռի Սուրբ Հակոբ եկեղեցուն կից նկարչական դպրոցում, այնուհետև հաճախել է այժմյան Զարդակիրառական արվեստի ուսումնարան: Սակայն հետագայում հանգամանքների բերումով ընտրել է լրագրողի մասնագիտությունը՝ զուգահեռ հավատարիմ մնալով հարազատ դարձած նախասիրությանը: «Սկզբում Աստվածաշնչյան թեմաներով մանրանկարներ էի անում, հետո սկսեցի նկարել քարի, փայտի, կավի ու այլ իրերի վրա: Միտք ծագեց մանրանկարներ պատկերել խխունջի խեցու մեջ: Այդ փոքրիկ, գողտրիկ աշխարհն ինձ անգույն, ներամփոփ թվաց, ու որոշեցի հոգուս գույներն այնտեղ տեղափոխել, սառը խեցուն հոգի ու շունչ հաղորդել: Հայրիկս աշխատանքներիցս ամենից շատ նկարազարդ խխունջների շարքն էր սիրում: Աշխատանքներիս առաջին քննադատը հենց նա էր, նա էր ինձ ոգեշնչում ու ստեղծագործելու ուժ տալիս, երբեմն ինքն էլ նկարում էր, որոշել էինք համատեղ ցուցադրությամբ ներկայանալ»,- պատմում է Լուսարփին: Սակայն 2009 թվականի փետրվարի 13-ին մարտական հերթապահություն իրականացնելիս հայրը՝ կապիտան Վիտալիկ Զախարյանը, հանկարծամահ է լինում: Հոր մահվանից հետո Լուսարփին երկար ժամանակ չէր կարողանում նկարել: Կրկին վրձինը ձեռքն առավ, երբ ծանոթացավ Նաիրուհու հետ: Ընկերուհին հավանեց աշխատանքները, ոգևորեց ու համոզեց նորից նկարել: Նաիրուհին դեռ մանկության տարիներին կրթություն է ստացել Միքայել Մալունցյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժնում, ավարտելուց հետո ուսումը շարունակել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի դաշնամուրային բաժնում: Հետո որոշել է շարունակել կրթությունը վոկալի բնագավառում: Այսօր Նաիրուհին նաև երգում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու երգչախմբում: «Դժվար է համատեղել ծառայությունն ու երգեցողությունը: Նախարարությունում աշխատանքային առօրյան գերհագեցած է, իսկ զինվորական կարգուկանոնը ստիպում է մշտապես զգոն լինել, մեծ նվիրում է պահանջում, փորձերին գրեթե ժամանակ չի մնում, ծառայությունից հետո հոգնած հասնում եմ կոնսերվատորիա, բայց, բավական է դաշնակահարուհուս՝ Աննա Ճուղուրյանի մեկ ժպիտն ու մի քանի հնչյուն երգելս, որ նորից վերադառնամ իմ սիրելի աշխարհ: Ավելին՝ ամեն փորձից հետո ասես նորից վերածնվեմ: Երբ սիրով ես անում այն, ինչը քեզ համար իսկապես թանկ է, ամեն խոչընդոտ ու դժվարություն հաղթահարելի է դառնում»,- անկեղծանում է Նաիրուհի Նազարյանը:
Համերգային երեկոյի ընթացքում հնչեցին Դանիել Վոլֆի, Մասկանիի, Մոցարտի, Սայաթ-Նովայի և այլ հեղինակների ստեղծագործություններ: Երեկոյին կատարումներով ներկայացան նաև «Տոնիկա» տրիոյի երիտասարդ կատարողները: Տղաներից կլարնետիստ Գարեգին Քևնաքսզյանն այս պահին ժամկետային ծառայություն է անցկացնում զինված ուժերի զորամասերից մեկում և համերգին մասնակցում էր հատուկ թույլտվությամբ: Միջոցառման ավարտին թե՛ Գարեգինը և թե՛ աղջիկները համոզմունք հայտնեցին, որ պետությանը ծառայելն ավելի լիարժեք է դառնում, երբ ծառայում ես թե՛ որպես զինվորական, թե՛ որպես մտավորական ու արվեստագետ և տեղեկացրին, որ առաջիկայում համատեղ մշակութային երեկոներ էլի են սպասվում:
ՆԱԻՐԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
Խորագիր՝ #19 (1190) 17.05.2017 - 23.05.2017, Ազգային բանակ, Հոգևոր-մշակութային