ՇՈՒՇԻԻ ՀԵՐՈՍ, ԱՐԾԻՎ ԿՈՄԱՆԴՈՍ
-Տղե՛րք ջան, հաղթանակից հետո անմիջապես տուն չեմ գնալու, մնալու եմ էստեղ, գտնեմ իմ մահացած ընկերների շիրիմները ու պատմեմ նրանց իրենց երազած հաղթանակի մասին, հետո կվերադառնամ ու նրանց ծնողներին կպատմեմ իրենց հերոս որդիների մասին:
-Ես էլ երգեր կգրեմ մեր հերոսների մասին:
-Ճիշտ էլ կանես, իմ երգի՛չ ախպեր, քո տեղն էստեղ չի, քո ամեն մի երգը մի թնդանոթ է:
-Ես էլ ֆիլմ կնկարեմ՝ «Հայրենյաց նահատակները» վերնագրով:
-Տղե՛րք, դեռ էսպիսի բան չէր եղել, հրամանատարն ուշանում է, հո որոշումը չի՞ փոխել:
-Չէ՛, հանգիստ եղիր, չի՛ ուշանա, հաստատ գրպանները կոնֆետներով է լցնում, որ բերի, մեզ բաժանի:
Այսպես սկսվեց Գեղաշենի Ռազմիկ Ստեփանյանի անվան միջնակարգ դպրոցում Շուշիի ազատագրման տոնին նվիրված միջոցառումը` Շուշիի ազատագրմանը նախապատրաստվող մարտիկների բեմականացված զրույցով, որոնք հրամանատարին` Արկադի Տեր-Թադևոսյանին են սպասում: Մայիսի 4-ին հարձակման որոշումը վերջնականորեն հաստատելու համար ինքնապաշտպանական ուժերի հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանը հրավիրեց հրամանատարների խորհրդակցություն:
Արկադի Տեր-Թադևոսյանը դահլիճում է, գուսան Հայկազունի ուղեկցությամբ եկել է դիտելու տոնական միջոցառումը: Գեներալը այն հերոսն է, որին բախտ է վիճակվել կենդանության օրոք վայելելու ժողովրդի մեծ սերն ու հարգանքը: Արդեն չորրորդ տարին է, որ տոնական այս օրերին Կոմանդոսը իր ներկայությամբ պատվում է Գեղաշենի միջնակարգ դպրոցը: Երեխաներն իրենց հայոց լեզվի ու գրականության ուսուցչուհու՝ Գոհար Ղազարյանի հետ ջանք չեն խնայել մերօրյա ամենավառ հերոսներից մեկին՝ Արկադի Տեր-Թադևոսյանին վայել տոնական միջոցառում կազմակերպելու համար:
-Տղե՛րք, զգա՛ստ, հրամանատարը:
Բեմ է դուրս գալիս Արկադի Տեր-Թադևոսյանին մարմնավորող տղան: «Հրամանատարը» տալիս է «Հարսանիքը լեռներում» գործողության կազմակերպմանը մասնակցած հայտնի հերոսների անունները և նրանցից ստանալով հետախուզական տվյալները, որոշում կայացնում՝ ժամանակն է, անհապաղ պետք է սկսել գործողությունը: Նախանշում է հրամանատարներին և նրանց գլխավորած ջոկատների գործողությունների ուղղությունները:
Հեռախոսազանգ. Վազգեն Սարգսյանն է՝ «Տեղեկացել եմ, որ գործողությունների եք պատրաստվում և շտապ խորհրդակցություն եք հրավիրել,- հնչում է դահլիճում:- Արգելում եմ, ոչ մի հարձակում, դեռ ժամանակը չի, թող ադրբեջանցիները մի քիչ էլ առաջ գան: Մենք համալրման կարիք ունենք: Ինքնակամ ո՛չ մի գործողություն»: «Էլ ո՞ւր գան, պարո՛ն նախարար…, մենք հետ չենք կանգնելու մեր որոշումից, դա անհնա՛ր է»: «Իվանի՛չ, Դուք պիտի Երևան գայիք, Ձեր աղջկա հարսանիքին»: «Պարո՛ն նախարար, իմ աղջիկն առանց ինձ էլ կամուսնանա, ես էստեղ եմ պարելու: Բա Ձե՛ր հարսանիքը ե՞րբ է լինելու»: «Շուշին ազատագրելուց հետո կգամ, ու հենց Շուշվա լեռներում էլ կանենք…Պայմանավորվեցի՞նք, առանց իմ թույլտվության ոչ մի քայլ, Իվանի՛չ»: «Լսեցի, պարո՛ն նախարար,- ասում է տեղը դնելով լսափողը,- մենք կազատագրենք Շուշին ու հարսանիք կանենք լեռներում»: «Դուք այսօր մեր հրամանին պետք է ենթարկվեք, պարո՛ն հրամանատար»,- համոզում են հավաքի մասնակիցները:-«Համաձայն եմ, տղանե՛ր, և սպարապետի պատվին մենք այս գործողությունը կկոչենք «Հարսանիքը լեռներում…»: «Բա Վազգեն Սարգսյանին ի՞նչ պատասխան ենք տալու»,- հարցնում են:- «Մեր պատասխանը կլինի ազատագրված Շուշին»,- ասում է հրամանատարը:
«Ամենակարևորը, տղե՛րք, մենք երկու հարսանիք ունենք անելու՝ մեկը ադրբեջանցիների, մյուսը՝ Վազգեն Սարգսյանի: Բայց առաջինի հաղթանակից է կախված երկրորդի ճոխությունն ու ցնծությունը: Տղանե՛ր, ով որ մի փոքր անգամ կասկած ունի իր մեջ, թող չմասնակցի»: «Միայն առա՛ջ, հրամանատա՛ր»,- պատասխանում են մարտիկները: «Կեցցե՛ք, ուրեմն հառա՜ջ: Հա՜, մի բան էի մոռացել,- ասում է և գրպաններից հանելով գույնզգույն կոնֆետները, բաժանում է տղաներին…»: Հետևում է դահլիճի ուրախ արձագանքը:
Բեմականացումը, ինչպես նաև ամբողջ երկու ժամ տևած միջոցառումը, որ նվիրված էր Շուշիի ազատագրման 25 – ամյակին և Արկադի Տեր-Թադևոսյանի գալիք հոբելյանին, ուսուցողական մի մեծ դաս էր` ռազմագիտությունից, պատմությունից, հայրենագիտությունից: Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհին` Գոհար Ղազարյանը, ամենատարբեր տարիքի աշակերտներին, նրանց ծնողներին, հյուրերին մատչելի, բայց ռազմական գործի տառին հավատարիմ լեզվով կարողացել էր ներկայացնել այս հաղթական ճակատամարտի բոլոր մանրամասները: Երեխաներն իրենց խաղով ներկայացրին եղելությունը՝ վճռական հավաքին մասնակցող հերոսական կերպարների հոգեվիճակն ու զգացողությունները մարտից առաջ, խոսեցին փորձաշատ հրամանատարներին հատուկ սպայական ազդեցիկ ձայնով: Բեմադրության մեջ խտացված էին գործողության վերաբերյալ բոլոր հայտնի փաստերը՝ ծրագրման պահից մինչև հաղթական ավարտը՝ հստակ ժամանակագրությամբ: Հարգանքի արժանի հետևողականությամբ և սիրով էր մշակվել այս միջոցառման ամբողջ ծրագիրը, որը մեկնարկեց Շուշիի ազատագրման գործողությունից, շարունակվեց քառօրյա պատերազմի դրվագներով, և բեմականացմամբ աշակերտների շուրթերով ներկայացվեց Ազգ-բանակ կենցեպտի մեկնաբանությունը: Արժանահավատ էին կերպարները, ազդու էր աշակերտների խոսքը, առոգանությունը՝ ճշգրիտ, հայերենն՝ անթերի:
Ողջ միջոցառման ընթացքում պարբերաբար բեմ էր բարձրանում և դահլիճն իր հրաշալի ձայնով ու խրոխտ ռազմահայրենասիրական երգերով լցնում դպրոցի նախկին աշակերտներից մեկը՝ Վահե Համբարձումյանը, որն այժմ արդեն իր սեփական համազգեստն ունի, ծառայում է հայկական բանակի զորամասերից մեկում:
-Սա արդեն չորրորդ անգամն է, որ Արկադի Տեր-Թադևոսյանն ու գուսան Հայկազունը՝ ազատամարտիկ Գագիկ Նազարյանը, այս դպրոցի պատվավոր հյուրերն են,-ասում է պատմության ուսուցչուհին՝ Իսկուհի Ասատրյանը: Առաջին միջոցառմանը Վահեն ռազմահայրենասիրական երգեր էր երգում: Միջոցառման ավարտից հետո գուսան Հայկազունը մոտեցավ նրան և առաջարկեց սովորել իր մոտ: Վահեն ուրախությամբ համաձայնեց, ու ահա տեսնում եք նրա առաջընթացը: Ժամկետային ծառայության ավարտից հետո Վահեն որոշեց մնալ զորքերում: Այժմ ծառայությանը զուգահեռ ուսանում է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում:
Վահե Համբարձումյանը երգում է Կոմանդոսին փառաբանող երգը: Երբ հասավ այն մասին, որտեղ ասվում է. «Ելե՛ք մի վայրկյան հարգանքով ոտքի», մեծ դահլիճում հավաքվածները մեկ մարդու նման ոտքի կանգնեցին. ծափահարեցին հերոսին:
Այնուհետև դպրոցի աշակերտները հերթով ներկայացրին գործողության ողջ ընթացքը` իրենց գեղեցիկ ու ոգեշունչ խոսքով լցնելով դահլիճը: Միջոցառման երկրորդ բեմականացման թեման քառօրյա պատերազմն էր՝ մերօրյա հերոսները, ցավն ու հպարտությունը: Դպրոցական երգչախումբը միջոցառման ընթացքում մի քանի հրաշալի կատարումներով հանդես եկավ: Աշակերտները քոչարի և այլ ոգեշունչ պարեր պարեցին, երգեցին, ասմունքեցին: Շուրջ երկու ժամ դահլիճի ուշադրությունը սևեռված էր բեմում ծավալվող գործողություններին:
Խոսքը մեկմեկու փոխանցելով` երկու համազգեստավոր երիտասարդ այժմ էլ պատմում են իրենց հերոսի՝ Արկադի Տեր-Թադեւոսյանի կենսագրությունը՝ Ղարսից գաղթած նախնիների, զինվորական դառնալու դրդապատճառների, որպես ռազմական գործչի՝ նրա վաստակի, շքանշանների, ինչպես նաև՝ մարդկային պարզ ու ազնիվ տեսակի մասին: Մեջբերումներ արեցին նրա վերջին հարցազրույցներից. «որոնցից մեկում Կոմանդոսը պատմում էր Շուշիի գրավման առաջին օրվա մասին: Լրագրողի հարցին՝ «Արկադի Իվանովիչ, ինչո՞ւ շուտ չէիք հայտնել հաղթանակի ուրախալի լուրը», նա պատասխանում է. «Պատկերացրեք իմ վիճակը: Ես չգիտեի` ինչ անել. սիրտս պայթում էր ուրախությունից, բայց ասելու իրավունք չունեի, որովհետև մարդիկ չէին զսպի իրենց ուրախությունը՝ գիշերով քաղաք կբարձրանային. իսկ այնտեղ ականներ էին… Շատ կուզեի ուրախանալ զինվորներիս հետ, բայց օրգանիզմս չէր դիմանում, քնեցի: Միայն երեկոյան գիտակցեցի, թե ինչ էր նշանակում գրավել Շուշին»: «Ախր, ո՞նց եք դիմացել,- բեմից հերոսին է դիմում տղաներից մեկը,- իմ սիրտն ուրախությունից կպայթեր»: «Այ հենց սա է իսկական հրամանատարը,-շարունակում է մյուսը,- իզուր չի, որ նրա մարտական ընկերները նրան տվել են Կոմանդոս՝ առաջնորդ, պատվավոր անունը»:
Հետո բեմ է բարձրանում լեգենդար հրամանատարը. Արկադի Տեր-Թադևոսյանի խոսքը ինչպես միշտ կարճ է ու անկեղծ: Շնորհակալություն է հայտնում միջոցառման կազմակերպիչներին, համեստաբար նշում, որ իր դերակատարությունն այնքան մեծ չի եղել, որքան գործողությանը ներգրավված տղաների միասնական ոգին. «Մեր երիտասարդները բեմադրության մեջ ճիշտ և ճիշտ ներկայացրին, թե ինչպես է եղել ամեն ինչ. իրոք որ զինվորներիս հրամանով իրականություն դարձավ Շուշիի գրավումը»,- ժպիտով ասում է հերոսը:
Դպրոցի տնօրեն Նաիրա Բաբայանը նշեց, որ նման միջոցառումները երեխաներին ավելի շատ բան են տալիս, քան 20 և ավելի հաջողված դասերը: «Սիրելի՛ Կոմանդոս, ես ցանկանում եմ, որ Դուք բազում անգամներ մեր հյուրը լինեք, որովհետև Ձեր ներկայությունը, շփումը լեգենդար հրամանատարի հետ, մեծ ոգևորություն է հաղորդում մեր դպրոցի աշակերտներին ու մեզ` ուսուցիչներիս: Ապրեք երկար, առողջ, ոգևորեք բազմաթիվ սերունդների, որովհետև վաղուց հաղթանակների կարոտած մեր ազգը նաեւ Ձեր շնորհիվ վերապրեց հաղթանակի վայելքը»:
Միջոցառման վերջում, հաղթանակների առթիվ շնորհավորելով ներկաներին, դպրոցի տնօրենը մեծ հպարտությամբ խոսեց իրենց դպրոցի վերջին հաղթանակի մասին: Հայաստանի անկախության տարեդարձին նվիրված դպրոցականների սպարտակիադայում Գեղաշենի դպրոցի ֆուտբոլի թիմը հանրապետության բոլոր մարզերի և Երևան քաղաքի ուժեղագույն թիմերի հետ պայքարում գրավել է առաջին պատվավոր տեղը և ձեռք բերել Չեխոսլովակիայի մայրաքաղաք Պրահայում կայանալիք դպրոցականների աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունք: Թիմն ընդգրկվել է Ա խմբում և մրցելու է Գերմանիայի, Դանիայի, Չինաստանի, Նոր Զելանդիայի և Իրանի Իսլամական Հանրապետության թիմերի հետ:
Տիկին Ղազարյանն իր հերթին նշեց. «Այսօրվա մեր միջոցառումը կրում է «Շուշիի հերոս, արծիվ Կոմանդոս» խորագիրը, քանի որ առանց Կոմանդոսի, առանց մեր սիրելի Արկադի Տեր-Թադևոսյանի, չէր լինի Շուշին, չէր վերածնվի հայ ժողովուրդը: Մենք մեր դպրոցի բոլոր աշակերտներով և ուսուցիչներով ծառայում ենք հայոց բանակին՝ հպարտությամբ ու գիտելիքներով զինված մեր աշակերտներին ուրախությամբ ենք ճանապարհում համալրելու հայկական բանակի շարքերը»:
ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Խորագիր՝ #19 (1190) 17.05.2017 - 23.05.2017, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում