ՎԻԿՏՈՐԻՆԱ-ՄՐՑՈՒՅԹ «ՄԱՅԻՍՅԱՆ ԵՌԱՏՈՆԵՐԸ» ԹԵՄԱՅՈՎ
5-րդ բանակային զորամիավորման Անդրանիկ Օզանյանի անվան զորամասում, համաձայն կցագրված ուսումնական հաստատությունների հետ համատեղ պլանի, մայիսի 20-ին անցկացվեց վիկտորինա-մրցույթ «Մայիսյան եռատոները» թեմայով:
Այս անգամ զորամասը իր պատերի ներքո հյուրընկալեց մայրաքաղաքի թեթև արդյունաբերության քոլեջի գիտակների թիմին:
Զորամասի և քոլեջի թիմերը ամենայն պատասխանատվությամբ էին պատրաստվել վիկտորինային, որը անցավ թեժ ու անհաշտ պայքարում: Մինչև վերջ ընթանում էր հավասար պայքարում, եւ միայն վերջին փուլում «Զորավար Անդրանիկի» անվան գիտակների թիմը միավորներով անցավ առաջ՝ դառնալով վիկտորինայի հաղթող:
Սակայն օրը չավարտվեց միայն վիկտորինա-մրցույթով: Զորամասի գեղարվեստական ինքնագործունեության խումբը ներկայացրեց մի շարք կատարումներ՝ հայրենասիրական երգեր և պարեր, իսկ քոլեջի սաները պատասխանեցին իրենց գեղեցիկ երաժշտական կատարումներով:
Մրցույթի ավարտին ելույթներով հանդես եկան թեթև արդյունաբերության քոլեջի փոխտնօրեն՝ Վ. Բայբությանը և զորամասի հրամանատարի ԱՀՏԱԳ տեղակալ փոխգնդապետ Ա. Խումարյանը, որոնք նշեցին նմանատիպ միջոցառումների կարևորությունը ինչպես բանակ-հասարակություն կապի, այնպես էլ հայրենասեր զինվոր կրթելու գործում: Պայմանավորվածություն ձեռք բերվեց հաջորդ մրցույթը անցկացնել թեթև արդյունաբերության քոլեջում, այս անգամ արդեն երկուական թիմերով:
5-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՄԱՆ ԹՂԹԱԿՑԱԿԱՆ ԿԵՏ
Խորագիր՝ Բանակ և հասարակություն, Հոգևոր-մշակութային, Նորություններ