ՄԱԼԹԱՅԻ ԲԱՆԿԻ ԱՇԽԱՏԱԿԻՑԸ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Է ԱԼԻԵՎՆԵՐԻ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
Շարունակելով վերջին երկու շաբաթների ընթացքում հրապարակված հոդվածների շարքը Ադրբեջանում տիրող կոռուպցիայի մասին, այժմ ցանկանում ենք բացահայտել լրացուցիչ աղմկահարույց մանրամասներ Մալթայի բանկում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի անդամների գումարների մասին:
Հետաքրքիր է, որ Մալթայի վարչապետ Ջոզեֆ Մուսկատն է հայտնվել Ադրբեջանի ֆինանսական աղմուկի կենտրոնում: Լոնդոնի «Գարդիան» թերթը տեղեկացրել է, որ Մուսկատի կինը՝ Միշելը, խոշոր գումարներ է ստացել նախագահ Ալիևի դուստր Լեյլա Ալիևայից:
Մալթայի հետաքննող լրագրող Դաֆնե Քարուանա Գալիցիան բացահայտել է «մի շարք վճարումներ վարկերի ձևով, որոնք ուղարկվել են «Էգրանտ» (Պանամայում գրանցված գաղտնի ընկերություն, որը պատկանում է Մալթայի վարչապետի տիկնոջը): Ամենամեծ գումարը՝ 1.07 միլիոն դոլար, ենթադրվում է, որ փոխանցվել է անցյալ տարվա մարտին: Ըստ պնդումների՝ դրանք փոխանցվել են Pilatus-ի բանկային հաշվից, որը պատկանում է Al Sahra FZCO-ին: Ենթադրվում է, որ Al Sahra-ի սեփականատերը Իլհամ Ալիևի դուստրն է», գրում է «Գարդիանը»: Մուսկատը և նրա կինը հերքում են, որ իրենք վճարումներ են ստացել «Էգրանտի» հետ կապված:
Հատկանշական է, որ Մալթայի նոր էլեկտրակայանի բաժնետերերից մեկը Ադրբեջանի պետական նավթային ընկերությունն է: Pilatus բանկի հաշիվներից մեկը Մալթայի էներգետիկայի նախարար Կոնրադ Միցիի անունով է, իսկ մյուսը՝ նախագահ Ալիևի դստեր՝ Լեյլա Ալիևայի: Միցին և Մալթայի վարչապետի աշխատակազմի ղեկավար Քիթ Շեմբրին Պանամայում գրանցված երկու ընկերություններ են հիմնել 2013 թ. պաշտոն ստանձնելուց չորս ամիս անց: Երրորդ կեղծ ընկերությունը՝ «Էգրանտը», ստեղծվել է նույն ժամանակ մալթացի միևնույն հաշվապահի կողմից: Վարչապետ Մուսկատը և նրա տիկինը հյուրընկալել են Ալիևներին 2014 թ. Մալթա կատարած վերջիններիս այցի ժամանակ:
2005 թ. նախագահ Ալիևի կինը՝ Մեհրիբան Ալիևան, որը վերջերս իր ամուսնու կողմից նշանակվեց Ադրբեջանի փոխնախագահ՝ որպես իր հնարավոր իրավահաջորդ, ըստ «Պանամայի փաստաթղթերի», ճանաչվել է որպես Պանամայի UF Universe հիմնադրամի երկու ղեկավարներից մեկը: «UF Universe հիմնադրամը ամբողջական վերահսկողություն ուներ խոշոր ադրբեջանական AtaHolding կոնգլոմերատի վրա: 2005 թ. նախագահ Ալիևի երեք երեխաները, ի լրումն Ադրբեջանի հարկային ծառայության բարձրաստիճան անդամների, ճանաչվեցին որպես շահառուներ… Բացի այդ, Ալիևի դուստրերը վերահսկում են Պանամայում գրանցված մի ընկերություն և երկու այլ ընկերություններ բրիտանական Վիրջինյան կղզիներում: Պանամական ընկերությունը զգալի բաժնեմաս ունի ընկերությունների կոնսորցիումում, որն զբաղվում է ոսկու հանքերի շահագործմամբ Ադրբեջանում: Ալիևի քույրը միակ բաժնետերն ու սեփականատերն է բրիտանական Վիրջինյան կղզիներում 2005 թ. դեկտեմբերին գրանցված մի ընկերության: Գրանցման փաստաթղթերում նրա հասցեն նշված է Լոնդոնի արևմտյան շրջանում, որտեղ տների միջին գինը հասնում է 9 միլիոն դոլարի»:
2017 թ. մայիսի 9-ին հրապարակված հոդվածում «Գարդիանը» նաև տեղեկացրել է, որ Եվրոպական խորհրդարանի պատգամավորները «բացահայտորեն պահանջել են [վարչապետ Մուսկատի] հեռացումը աճող կոռուպցիոն սկանդալի, նրա կնոջ ներգրավվածության, պանամական գաղտնի ընկերության և Ադրբեջանի նախագահի դստեր կողմից ենթադրյալ վճարումների պատճառով: Եվրախորհրդարանի հետաքննության հանձնաժողովը Մուսկատին հրավիրել է Ստրասբուրգի նստավայրը՝ իր դեմ ուղղված մեղադրանքների վերաբերյալ ցուցմունք տալու, սակայն Մուսկատը մերժել է հրավերը»:
Հետաքննող լրագրող Գալիցիան տեղեկացրել է. մի կին, որն աշխատել է որպես Pilatus բանկի սեփականատիրոջ՝ Սեյիդ Ալի Սադր Հաշեմինեջադի օգնական, չհրկիզվող պահարանում հայտնաբերել և պատճենահանել է Միշել Մուսկատի անունով գրանցված բանկային հաշվի ձևակերպման փաստաթղթերը: Օգնականը հայտնել է թղթակցին, որ՝ «Նրան տվել են ընկերությունների մի ցանկ, միգուցե ութ կամ տասը անուն և ասել, որ պետք է հատուկ ուշադրություն դարձնի դրանց վճարման գործարքներին: Դրանց թվում էին Willerby Inc.-ը, Tillgate Inc.-ը, Hearnville Inc.-ը, Egrant Inc.-ը և Al Sahra FZCO-ը», մի ընկերություն, որը պատկանում է Լեյլա Ալիևային՝ նախագահ Ալիևի դստերը՝ ըստ Times of Malta-ի: Օգնականն ասել է, որ նա տեսել է բանկային հաշիվներ բացելու պաշտոնաթղթերը: «Al Sahra FZCO-ից հարյուր հազարավոր դոլարների վճարումները մշտապես նշվել են որպես վարկային վճարումներ և չեն փոխանցվել նրանց հաշիվներին Pilatus բանկում, այլ՝ նրանց ունեցած հաշիվներին Դուբայում… Մի անգամ, ասել է նա, բանկի գլխավոր գործադիր տնօրեն Ղանբարին հրահանգներ է ստացել Հաշեմինեջադից՝ մոտ 400 հազար դոլար գումար փոխանցելու մի մալթացի կնոջ, որն ապրում է Նյու Յորքում և ունի ոսկերչական բիզնես: Այն պետք է նշվեր որպես վարկային վճարում»:
Օգնականը խոստովանել է, որ նա բանկի իր պատճենած փաստաթղթերը հանձնել է Մալթայի իշխանություններին, քանի որ՝ «Ես այլևս չէի կարող հանդուրժել այդ կեղծիքները, ժխտումները և կիսաճշմարտությունները: Դա չափազանց շատ էր…»:
ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ
Թարգմանությունը՝ ՌՈՒԶԱՆՆԱ ԱՎԱԳՅԱՆԻ
Խորագիր՝ #20 (1191) 24.05.2017 - 30.05.2017, Տարածաշրջան