Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՂԹԱՆԱԿԻ ԳԵՆԵՐԱԼՆԵՐԸ. ՆՎԵՐ ՍԱՖԱՐՅԱՆ – 110



ՀԱՂԹԱՆԱԿԻ ԳԵՆԵՐԱԼՆԵՐԸ. ՆՎԵՐ ՍԱՖԱՐՅԱՆ - 110Մեծ եղեռնի դժնդակ օրերին փոքրիկ Նվերը կորցնում է հորը: Երկու  երեխաների հետ Էջմիածին տեղափոխված մայրը հիվանդությունից մահանում է 1918 թվականին, որից հետո Նվերին տեղափոխում են Օշականի որբանոց…

 

Փառահեղ ուղու սկիզբը

1927 թվականին Նվեր Սաֆարյանն ավարտում է Ալեքսանդր Մյասնիկյանի անվան միացյալ զինվորական դպրոցը, որից հետո նշանակվում է Կլիմենտ Վորոշիլովի անվան հայկական լեռնահրաձգային դիվիզիայի 3-րդ գնդի դասակի հրամանատար: 1940 թվականին նրան նշանակում են Կիեւյան հատուկ զինվորական օկրուգի 58-րդ դիվիզիայի 170-րդ գնդի շտաբի պետ:

 

Հայրենական մեծ պատերազմ

Հայրենական մեծ պատերազմի սկզբին Նվերը կռվում էր սահմանամերձ Նադվորնայա քաղաքի շրջանում: 1941թ. հոկտեմբերին նրան նշանակում են 218-րդ հրաձգային դիվիզիայի 658-րդ գնդի շտաբի պետ: 1942թ. հունիսի 15-ից Նվերը՝ որպես 295-րդ դիվիզիայի հրամանատար, կռվում էր Կովկասում:

 

89-րդ դիվիզիայի հրամանատարը

«1942թ. հոկտեմբերի 25-ի առավոտյան Նալչիկի ուղղությամբ թշնամու ուժեղ գրոհից հետո հարկադրված էինք նահանջել: Հակառակորդը չէր կարողանում առաջանալ: Ետ էին շպրտվում նրա գրոհները: Իսկ ի՞նչ է պատահել, ինչո՞ւ են ինձ կանչել»,- ճանապարհին այս մտքերը հանգիստ չէին տալիս նրան, դա 1943թ. փետրվարի 12-ի լուսաբացին էր: Գնդապետ Սաֆարյանը նոր էր հասել ռազմաճակատի շտաբ: Այն տեղավորված էր մի երկհարկանի քաղաքացիական փոքրիկ շենքում: Ընդունարանում ոչ ոք չկար: Հանկարծ աջակողմյան դռնից դուրս եկավ մի երիտասարդ կապիտան եւ ներս հրավիրեց: Գեներալ-գնդապետ Մասլեննիկովը զրույցն սկսեց առանց նախաբանի. «Ընկեր Սաֆարյան, Ձեզ կանչել ենք՝ 89-րդ հայկական հրաձգային դիվիզիայի հրամանատար նշանակվելու կապակցությամբ, քանի որ նախկին հրամանատարը` գնդապետ Վասիլյանը, Գարբուզովայա Բալկայի մոտ հերոսաբար զոհվել է»,- ասաց նա:

Սաֆարյանը լուռ էր. առաջարկը նրա համար շատ անսպասելի էր: «Ընկեր գեներալ, չեմ ցանկանում: Ես սիրում եմ իմ դիվիզիան, իմ զինվորներին եւ չեմ կարող նրանցից բաժանվել»,- պարզաբանեց Նվերը:

Մասլեննիկովը եւ ռազմխորհրդի անդամը նայեցին իրար: Նրանք լավ գիտեին` եթե Նվերն ասաց` ասաց: Ռազմխորհրդի անդամը ավելի լավ գիտեր Սաֆարյանին: «Ընկեր Սաֆարյան, չէ՞ որ Դուք հայ եք եւ ավելի լավ գիտեք հայ ժողովրդին, քան մեկ ուրիշը»,- ասաց գեներալ-մայոր Ֆոմինիխը:

«Համաձայն եմ»,- մտքում վճռեց Նվերը եւ նրան թվաց, թե մի պահ մտածեց բարձրաձայն, ու գեներալներն իրեն լսեցին: Ճիշտ է՝ նրանք չլսեցին նրան, բայց դեմքի արտահայտությունից կռահեցին պատասխանը: «Ընկեր Սաֆարյան, գնացեք եւ ընդունեք 89-րդ հրաձգային հայկական դիվիզիան: Ամեն ինչ լավ կլինի»,- հրամայեց Մասլեննիկովը:

Վիլիկ Զաքարյան, «Գեներալ Նվեր Սաֆարյան», 1978թ.:

 

Մարտական մկրտություն Նովոռոսիյսկում

1943 թվականի սեպտեմբերի 12-ին Հյուսիսային Կովկասի ռազմաճակատի զորքերն անցան ընդհանուր հարձակման: Գիշերվա ժամը 3-ին 89-րդ դիվիզիան հարձակման անցավ: Գնդապետ Սաֆարյանը հետեւում էր մարտին, եւ երբ թշնամու խրամատները գրավեցին, նա հրամայեց հրետանու կրակը փոխադրելով առաջ` ստեղծել կրակե պատնեշ: Թշնամին կատաղորեն դիմադրում էր, բայց բարձունքը գրավվեց:

 

Հունան Ավետիսյանը

1943 թվականի սեպտեմբերի 16-ի առավոտյան դիվիզիայի զորագնդերը կրկին անցան գրոհի: Կապիտան Մ. Մուրադյանի գումարտակի ռազմիկները գրոհով առաջանում էին  դեպի Դոլգայա լեռան գագաթը: Թշնամին կատաղի դիմադրում էր: Գրոհայիններից մի քանիսն ընկան, մյուսներն առաջանում էին: Հանկարծ Նվերը նկատեց, որ ռազմիկներից մեկը սողեսող մոտենում է թշնամու հրակնատին: Այնուհետեւ նա նետվեց առաջ` մարմնով փակելով կրակակետը:

Ծանր, տխրամած ամպ իջավ գնդապետի դեմքին: 390-րդ հրաձգային գնդի, 4-րդ հրաձգային վաշտի դասակի հրամանատարի օգնական, ավագ սերժանտ Հունան Ավետիսյանը զոհվեց (հետմահու ստացել է ԽՍՀՄ հերոսի կոչում): ԽՍՀՄ հերոսի կոչում հետմահու ստացել է նաեւ Սուրեն Առաքելյանը: Ջահան Կարախանյանին նույնպես շնորհվեց ԽՍՀՄ հերոսի կոչում:

Հյուսիսային Կովկասում մարտերն ավարտվեցին: Առջեւում Ղրիմի ազատագրման գործողությունն էր:

Կլիմենտ Հարությունյան, «Հայ ժողովրդի ներդրումը Հայրենական պատերազմի հաղթանակում 1941-1945թթ.», 2010թ.:

 

Ղրիմի ազատագրումը

1943 թվականի նոյեմբերի 1-ից Հյուսիսային Կովկասի ռազմաճակատի զորքերը Սեւծովյան նավատորմի, Ազովյան ռազմական նավատորմի հետ միասին սկսեցին Կերչի թերակղզու դեսանտային գործողությունը: Կերչի մատույցներում ստեղծվեց 10 կմ ճակատով եւ 6 կմ խորությամբ պլացդարմ: Նոյեմբերի 21-ին 89-րդ Թամանյան հայկական հրաձգային դիվիզիան դեսանտ իջեցրեց Կերչի թերակղզի: Այդ ընթացքում դիվիզիայի հրամանատար Նվեր Սաֆարյանին շնորհվեց գեներալ-մայորի կոչում:

Կերչի պլացդարմի առաջին գծի բնական դիրքը խիստ աննպաստ էր ինչպես հարձակման, այնպես էլ պաշտպանության համար: Գերմանացիները իշխող դիրք էին գրավել բարձունքներում եւ կարող էին խոցել գրեթե ամբողջ խորությամբ: Գեներալ-մայոր Սաֆարյանը, գնահատելով իրավիճակը, զորամասերը վերախմբավորեց Վոյկովի անվան գործարանի շրջանում. հաշվի առնելով, որ թշնամին Միհրդատի բարձունքում տեղադրել է հրետանի, իսկ գործարանի տարածքը հնարավորություն էր տալիս քողարկվելու:

Հաջորդ օրը նա ստանում է գրավոր հրաման, որում ասվում էր. «89-րդ Թամանյան հրաձգային դիվիզիան Վոյկով գործարանի շրջանից տեղափոխել դիմացի բարձունքները»: Նվերը կարդաց հրամանը ու մակագրեց. «Առայժմ սպասել»:

Երկու օր անց Նվերին կանչեցին բանակի հրամանատարի մոտ: «Ի՞նչ իրավունքով չեք կատարում հրամանը»,- հարցրին նրան: Նվերը պարզաբանեց. «Ընկեր բանակի հրամանատար, գեներալ Չուդակովի առաջարկած բարձունքներն այնպիսին են, որ տեղնուտեղը ամեն ինչ կոչնչացվի»:

Մտածումների մեջ ընկավ բանակի հրամանատարը եւ մոտեցավ սեղանի մեծ քարտեզին` ստուգելու Սաֆարյանի պատճառաբանությունը: «Այո՛, ճի՛շտ է, չարժեր, ընկե՛ր Սաֆարյան, կատարել այդ հրամանը»:

Մերձսեւծովյան բանակը, որի կազմում էր նաեւ 89-րդ դիվիզիան, 1944 թվականի ապրիլի 11-ի լուսաբացին գրավեց Կերչը:

Պատրաստեց ՀԵՆՐԻԽ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ

Խորագիր՝ #20 (1191) 24.05.2017 - 30.05.2017, Հոգևոր-մշակութային, Ճակատագրեր


24/05/2017