ՀԱՅ ՀԵՐՈՍՈՒՀԻ ԿԱՆԱՅՔ
Հատվածներ «Հայ հերոսուհի կանայք» գրքից
ՀԱՅՈՒՀԻՆԵՐԻ ՀԵՐՈՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ 20-ՐԴ ԴԱՐԱՍԿԶԲԻ ՀԱՅՈՑ ԱԶԱՏԱՄԱՐՏԻ ՏԱՐԻՆԵՐԻՆ
Ա. ՀԱՅՈՑ ԱԶԱՏԱՄԱՐՏԻ ՀԱՅԴՈՒԿԱՅԻՆ (ՖԻԴԱՅԱԿԱՆ) ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍՆԱԿԻՑ ՀԵՐՈՍՈՒՀԻ ԿԱՆԱՅՔ
Մայրերի ափի մեջ պիտի փնտրել ազգերի ճակատագիրը:
Գարեգին Նժդեհ
Հայ կինը, առավելապես հայ մայրը, հայոց պատմության դժվարին, ճակատագրական ու վճռական պահերին անմասն չմնալով հայոց գոյապայքարից, իսկական հերոսուհի հայուհուն վայել կեցվածքով ու նմանությամբ խիզախության, քաջության, հերոսության և նպատակասլացության բազմաթիվ օրինակներ է ցույց տվել: Հայ մայրը համարվել է սրբություն սրբոց, եղել է առաքինի, ազնիվ ու համբերատար, ինչի համար միշտ մեծարվել, սրբացվել ու պաշտվել է հայության կողմից: Հայուհիներից շատերը ֆիդայիների հետ կողք կողքի պայքարել են թշնամու դեմ, գոյամարտի պահերին դարձել քաջ զինվոր, հերոսացել և կյանքի գնով պաշտպանել են իրենց տունն ու երեխաներին: Դարավոր ընդմիջումից հետո ազատ ապրելու համար պայքարը իրեն երկար սպասեցնել չտվեց. հայ կնոջ սխրանքները երևացին Սասունի, Զեյթունի, Վանի և այլ հերոսամարտերի ընթացքում: Հայ կինը ոչ միայն աչքի է ընկել իր սխրագործություններով կռվի դաշտում, այլ նաև թիկունքում: Այստեղ նրա մասնակցությունը առավել նշանակալից է եղել: Նա ոչ միայն հսկել է հայդուկի թաքստոցը, անհրաժեշտ տեղեկություններ, հաց ու ջուր է հասցրել նրան, այլև վիրավորների վերքերն է բուժել ու գաղտնի նամակներ հասցրել, միաժամանակ զբաղվել է հետախուզությամբ:
Հայտնի ֆիդայապետ Սեբաստացի Մուրադի գեղջկուհի մայրը որդուն պատգամում էր քաջ լինել, նույնիսկ սպառնում էր՝ ասելով. «Հարամ կանեմ տուած կաթս, թե որ իյնաս թուրքերու ձեռքը»: Նշված խոսքերը մեծ խորհուրդ ու բովանդակություն պարունակող հայրենասերի խիստ պատասխանատու խոսքեր են:
Հայտնի փաստ է, որ հայդուկային կռիվներին, ըստ ֆիդայական գործող կանոնների, հայ կանանց մասնակցությունն արգելված էր: Հայ տղամարդիկ դա համարել են անթույլատրելի՝ վտանգի չենթարկելով օջախի և ընտանիքի պահապանին: Բայց մյուս կողմից հայ կնոջ մասնակցությունը ավելի շատ ոգևորել է տղամարդուն՝ նրան մղելով անզիջում ու հերոսական կռիվների: Շատ հաճախ չգրված, բայց սրբորեն պահպանվող կանոնները չխախտելու նպատակով հայ կանայք կռիվներին մասնակցել են տղամարդու ծպտյալ հագուստով:
Հայ հայդուկային պայքարի հայտնի դեմքերից է եղել անզուգական հերոսուհի Սոսեն՝ Սոսե Մայրիկը (Սոսե Վարդանյան)՝ հայոց հերոսամարտի տարեգրության մեջ իր անփոխարինելի տեղն ունեցող հայդուկային պայքարի քաջակորով ասպետ, ֆիդայապետ Սերոբ Աղբյուրի կյանքի ու զինակից ընկերը:
Սոսե Մայրիկը ծնվել է 1868 թվականին Սասունում՝ Նեմրութ լեռան փեշերին գտնվող Թեղուտ գյուղում՝ բազմանդամ ընտանիքի տեր Մարգար Դրո–Աստանտուրի հարկի տակ: Հազիվ 13 տարեկան էր, երբ սասունցի հայերի ավանդության համաձայն՝ ծնողները որոշել են ամուսնացնել Սոսեին: Սակայն բարձրահասակ և գեղադեմ Սոսեն ըմբոստացման իր առաջին և բախտորոշ քայլն է կատարել, երբ ծնողների առաջարկած թեկնածուներին մերժելով՝ որոշել է կյանքը կապել Խչեենց Սերոբի հետ, որի անձն ու հայրենասիրությունը հեղափոխական տրամադրություններ ունեցող հայուհու համար մինչ այդ արդեն ներշնչման աղբյուր էին դարձել: Այդ տարիները քրդերի և թուրքերի անիրավությունների դեմ հայկական ըմբոստացման առաջին բռնկումների, ինչպես նաև ապրուստի ապահովման դժվարին պայմանների հաղթահարման համար նաև պանդխտության մեկնելու ժամանակաշրջան էին:
1890-ականների սկզբին կնոջն ու անդրանիկ զավակին՝ Հակոբին թողած՝ Սերոբը մեկնել է պանդխտության: Ընտանեկան օջախի պաշտպանության հոգսը, անհրաժեշտության դեպքում նաև զենքով քրդական ամենօրյա գողությունների ու թալանի դեմ պայքարը Սոսեի մեջ կոփել են դիմադրողականության ոգի: Այդ շրջանում երիտասարդ կինը խորապես տպավորվել է ամուսնու հորեղբոր՝ Առաքելի հայրենասիրական պատմություններից: Առաքել հորեղբոր հայրենասիրական խոսքերը նոր եռանդ ու նվիրում են ներշնչել կորովի, աշխույժ ու վառվռուն Սոսեին: 1895 թվականին, երբ Սերոբը Ախլաթ է վերադարձել, սկսել է քարոզել՝ ասելով. «Տղա՛ք, առանց հացի մնացեք, առանց զենքի մի՛ մնացեք»: Նա, կտրիճ երիտասարդներին հավաքելով, խումբ է կազմել, իր ունեցածը ծախել է և կնոջ ու զավակների հետ լեռ բարձրացել:
Սոսեն միշտ եղել է ամուսնու գաղափարակիցն ու գործակիցը: Չնայած ֆիդայական պայքարի օրենքներով ֆիդային չպիտի ամուսնանար կամ ամուսնանալու դեպքում պետք է հեռու մնար ընտանիքից, սակայն Սոսեն, հակառակ ֆիդայիների առարկությանն ու Սերոբի հասցեին հնչած մեղադրանքներին, հավատարիմ մնաց ամուսնու` վտանգներով լի աստանդական կյանքին:
1898 թվականի հոկտեմբերին Բաբշենի կռվից հետո Սերոբը Սոսեի և մի խումբ ֆիդայիների հետ Մշո դաշտից անցել է Սասուն և հաստատվել Գելիեգուզան գյուղում: Այդ խումբը հասել է ջարդի սպառնալիքի ենթարկված շրջանները և հերոսական խոյանքներով թշնամուն ցրել: Խմբի գործունեության ծիրը հետզհետե ընդարձակվել է Բաղեշից մինչև Ախլաթ: Լեռների բազե Սոսեի և նրանց ֆիդայական խմբի օրինակը վարակիչ է դարձել ոչ միայն տարոնահայության, այլև ամբողջ արևմտահայ երիտասարդության համար, որոնք նրանց հայրենյաց փրկության կոչին պատասխանել են և Սերոբի խմբի մեջ իբրև պայքարող մարտիկներ թրծվել:
1899 թվականին, երբ Սերոբը հայ դավաճան Ավեի կողմից թունավորվել և մատնությամբ շրջապատվել է քուրդ ցեղապետ Բշարե Խալիլի զինվորների կողմից, կնոջ՝ Սոսեի աջակցությամբ 8 ժամ անընդմեջ կռվել է: Այն բանից հետո, երբ թշնամու գնդակը վերջ է դրել Սերոբի կյանքին, Սոսեն վերցրել է նրա հրացանը և շարունակել է կռվել մինչև վերջ, նույնիսկ այն բանից հետո, երբ իր աչքի առաջ սպանվել է անդրանիկ զավակը՝ 18-ամյա Հակոբը, նաև Սերոբի եղբայրները՝ Զաքարն ու Մխոն: Սոսեն, արցունքները կուլ տալով, շարունակել է կրակի տարափը թշնամու վրա, մինչև ծանր վիրավորվել է: Երբ Ալի փաշայի զինվորները փորձել են սպանել վիրավոր Սոսեին, թուրք հրամանատարը, զարմացած հայ կնոջ հերոսությունից, արգելել է՝ ասելով. «Այդ կինը իսկական դյուցազուն է»: Նա նույնիսկ կառավարության ծախսերով բուժել է տվել նրա վերքերն ու նետել Բաղեշի բանտը:
Բանտից ազատվելուց հետո Սոսեն այցելել է ամուսնու գերեզմանին, չի հեռացել երկրից, մնացել ու ապրել է Վանում: Նա հաճախ է կրկնել հետևյալ խոսքերը. «Ինչպե՞ս այստեղ թողնեմ իմ Սերոբի որբ գերեզմանը… Այն ինչպե՞ս թողնեմ մեր թշնամու ձեռքում»: «Երիտասարդ, խարտյաշ ու գեղեցիկ այդ կինը՝ սլացիկ ու վայելուչ հասակով, թարմ ու վարդագեղ դեմքով, ուներ շատ հետաքրքիր մի նայվածք, պատկառազդու ժպիտ՝ պարզ, բայց հպարտ, քաղցր ու հեղինակավոր»,- այսպես է նրան բնութագրել Կարո Սասունին «Պատմություն Տարոնի աշխարհի» աշխատության մեջ: Ամուսնու, հրամանատարի և անվեհեր հայդուկապետի կողքին ազատասեր հայուհին կարողացել է դիմակայել բոլոր դժվարություններին և փառքի արժանի էջեր գրել հայ ֆիդայական շարժման պատմության մեջ:
Ի վերջո, Սոսեն տարագիր հայության հետ անցել է Կովկաս, հետո՝ Արևելյան Հայաստան, տեսել ամուսնու երազանքի իրականացումը՝ Հայաստանի անկախ Առաջին հանրապետությունը, ապա մեկնել Կ. Պոլիս, այնտեղից էլ՝ Եգիպտոս: Հայոց ազգային–ազատագրական պայքարի դյուցազնուհին վերջնականապես հաստատվել է Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում, որտեղ էլ 1953 թվականին կնքել է իր մահկանացուն:
Տարոն աշխարհի դյուցազունների կողքին մեր նորագույն պատմության այս դյուցազնուհին իր պատվավոր տեղն ունեցավ: Նրա վրիժառության բռունցքը միացավ մեր ազգային պահանջների համար մյուս հերոս հայուհիների բռունցքներին, և նրա օրինակով շատ կանայք ու աղջիկներ հերոսական մաքառումների ելան նենգ ոսոխի դեմ հայ գողգոթայի ճանապարհին: Նման հերոսուհիներից էին Սասնա կռիվներում անմահացած կանայք, որոնք, ինչպես գրում էր Կարո Սասունին՝ «Միշտ էլ աչքի են ընկել իրենց մարտունակությամբ, քաջությամբ, պատվախնդրությամբ, ազատատենչությամբ ու գաղափարական նվիրվածությամբ: Հնարավոր չէ ընկճել սասունցի կնոջ հոգին, որը ուզում է ապրել իր ազատ կամքով: Նույնիսկ դժբախտության ժամանակ, փոխանակ ողբ ու կոծի, զենք է վերցնում և կռվում է թշնամու դեմ»:
Նշանավոր ֆիդայապետ Գուրգենը, Տարոնում տեսնելով սասունցի կնոջ բացառիկ առաքինությունները, յուրաքանչյուր գյուղում կանանց կազմակերպություններ էր հիմնել և խմբապետուհիներ նշանակել:
Սասունցի կանայք լավ կազմակերպված էին ու իրար հետ մշտապես հաղորդակցության մեջ էին: Ահա թե ինչու, երբ 1900-ական թվականների սկզբներին թուրքերը որոշել էին Սասունի մի քանի գյուղերում, այդ թվում` Տալվորիկի, Շենիկի և Սեմալի մոտ զորանոցներ կառուցել, թուրք կամ քուրդ բանվորներ ու վարպետներ չգտնելով Մուշում, փորձել էին 500 զինվորների պաշտպանությամբ դրսի հայերի բերել Սեմալ, անմիջապես սասունցի կանայք մեծ ցույց էին կազմակերպել, հարձակվել էին արհեստավորների վրա, անեծք ու սպառնալիք թափել նրանց գլխին՝ ասելով, թե՝ «Եկել եք ձեր ազգակիցների գերեզմանը փորելու»:
Խորագիր՝ #20 (1191) 24.05.2017 - 30.05.2017, Պատմության էջերից