ՀՐԵՏԱՆԱՎՈՐՆԵՐԸ
Մութն արդեն ընկել էր, երբ մեր բակում կանգնեց հորս բեռնատարը: 1990-ականներն էին, հայրս Արցախից էր եկել: Վազելով իջա ցած: Մեքենայի թափքից տասնյակ զինվորներ էին իջնում: Տարածքը լուսավորում էին լուսարձակները, բայց ես չէի կարողանում համազգեստավոր տղամարդկանց մեջ գտնել հորս: Փնտրում էի ու փնտրում, երբ մեկ էլ հանկարծ հայտնվեցի նրա ուսերին: Ես հասակով հավասարվեցի զինվորներին: Բոլորը ծիծաղեցին` նկատելով իմ աչքերի փայլը: Այդ օրվանից էլ սիրեցի մեր զինվորներին:
Հադրութի Սուրբ Հարություն եկեղեցու ճանապարհին մի այգի կա, որտեղ ամփոփված են պատերազմներում զոհվածները, իսկ կենտրոնում որդուն սպասող մոր արձանն է: Այգու քարերին զինվորներ են նստած: Բարևում եմ ու անցնում: Քիչ անց նրանցից երկուսը հավասարվում են ինձ: Մտերիմ ընկերներ Լյովն ու Սևակն են: Միանգամից ենք բարեկամանում:
–Ազատ արձակման իրավո՞ւնք եք ստացել,- հարցնում եմ:
–Ճիշտ այդպես,- Լյովը կտրուկ է պատասխանում:
Հետո խոստովանում է, որ «ճիշտ այդպես»-ն արմատավորվել է բառապաշարում, որ վաղուց «այո»-ի փոխարեն միայն այդպես է պատասխանում:
Ուրախ, հետաքրքրասեր, հաճելի, ակտիվ ու կատակասեր տղաներ են: Անընդհատ հարցուփորձում են` ի՞նչ նորություն կա մայրաքաղաքում: Ասում եմ` տղե՛րք, ձեզ միայն ձեր ընտանիքները չեն սպասում, այլ բոլորս:
–Վա՜յ, ինչ լավ է,-ոգևորվում է Լյովը,-չեք պատկերացնում, թե ինչքան ենք սրտապնդվում նման խոսքերից:
Զրուցելով մոտենում ենք մյուս տղաներին: Հրետանավորներն են: Բոլորին խրախուսել են ազատ արձակումով. ուսումնական առաջադրանքն անթերի են կատարել:
–Մեր մարտկոցը հաշվարկները ճշգրիտ է կատարել: Մեր հրամանատարը կես կատակ, կես լուրջ հիշեցրել է` ճիշտ էի, չէ՞, երբ անընդհատ ստիպում էի, որ ավելի շատ աշխատեք,-պատմում է Սևակը, որ, ի դեպ, պոլիտեխնիկի ուսանող է:
–Ես հաստատ հաշվարկ չեմ կարող կատարել,- խոստովանում եմ:
Զինվորը գրպանից թուղթ ու գրիչ է հանում:
–Հրետանավորը միշտ պետք է թուղթ ու գրիչ ունենա,-ասես պատասխանում է իմ զարմացած հայացքին, ապա գծագրում ու բացատրում: Համոզվում եմ` նրա ու մեր մյուս հրետանավորների համար թիրախ խոցելը դժվար առաջադրանք չէ:
Լուսանկարում եմ տղաներին, բայց ինքս էլ շատ եմ ուզում նրանց հետ լուսանկարվել: Ինչպե՞ս: Տղաները շատ հնարամիտն են. արագ–արագ քարեր են դարսում իրար վրա, հարմարեցնում ֆոտոխցիկն ու… այ, քեզ ընտիր նկար:
Չեմ ուզում հրաժեշտ տալ զինվորներին, ընդհատել մեր ջերմ ու մտերմիկ զրույցը: Բայց պետք է շարունակեմ ճանապարհս: Քայլերս ուղղում եմ Հադրութի Թաղասեռ գյուղ, երբ մեկ էլ Լյովն ու Սևակը հասնում են ինձ, թե` «Դեռ 40 րոպե էլ ժամանակ ունենք և, եթե դեմ չես, մի քիչ էլ զրուցենք»: Համաձայնում եմ: Ոչինչ, մի ուրիշ անգամ կգնամ Թաղասեռ:
Սևակը բանակի հնաբնակներից է, մեկ տարի է` ծառայում է: Լյովը՝ ընդամենը 4 ամիս: Խոստովանում է. հենց Սևակի օգնությամբ է հարմարվել բանակային կյանքին:
–Ինձ կարտոֆիլի ժարիտ է պարտք ու դեռ չի տվել,-ասում է ծիծաղելով ու պարզաբանում,-կրակային պատրաստության ժամանակ պարտվել է ինձ:
Ապա շարունակում, որ ծառայությունն ավելի հեշտ է անցնում, քան ինքն էր պատկերացնում:
–Որովհետև, դեռ դիրքեր չես բարձրացել,-ընկերոջը հակադարձում է Սևակը:
Հետո էլ դառնում է ինձ, թե` ոչինչ, այնտեղ էլ կօգնեմ ու խորհուրդներ կտամ:
Սևակը կիթառ է նվագում, սիրում է երգել, հետաքրքրվում է ռոքով:
-SOAD-ի համերգին եղե՞լ ես,- հարցնում եմ:
–Իհարկե: Լյովը չէր եղել, որովհետև էդ ժամանակ դեռ ինձ չէր ճանաչում ու ռոք էլ չէր լսում (ծիծաղում են):
–Իմ սիրած երգը երգիր էլի,-խնդրում է Լյովը:
Երգը զինվորի ու նրա մոր մասին է: Սևակը երգում է, իսկ ընկերը սկսում է ձայնակցել: Ես էլ մտքերի մեջ եմ ընկնում: Մտածում եմ մեր զինվորների, նրանց ծնողների, սահմանին մոտ ապրող մարդկանց, բոլորիս մասին: Մի պահ տխրում եմ, հիշում Արցախյան առաջին պատերազմը, ապրիլը: Հետո, երբ երգն ավարտվում է, ու Լյովն ու Սևակը կրկին իրենց ժպտացող աչքերով իրար հերթ չտալով շարունակում են պատմել բանակային կյանքից, ինքս ինձ ասում եմ` ամեն ինչ լավ է լինելու:
Ժամանակն արագ է անցնում: Տղաներին զորամաս տեղափոխող ավտոբուսը շուտով կմեկնի: Իսկ ես հասցրել եմ նոր ընկերներ ձեռք բերել:
Հիմա, երբ Երեւանում եմ` հարյուրավոր կիլոմետրեր հեռու, սրտով հրետանավորների` Հրայրի, Սևակի, Լյովայի, Արտյոմի, Գրիշայի ու Ալիկի հետ եմ: Խաղաղ ու անփորձանք ծառայություն ձեզ, տղե՛րք:
ԳՈՀԱՐ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ
Խորագիր՝ #20 (1191) 24.05.2017 - 30.05.2017, Ազգային բանակ