ՄԱՅԻՍՅԱՆ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ՏՈՆ ԳՈՐԻՍՈՒՄ
Մայիսի 9-ին Մեծ հայրենականի եւ Արցախյան պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրում տեղի ունեցավ միջոցառում` նվիրված Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 72-րդ եւ Շուշիի ազատագրման 25-րդ տարեդարձներին:
Տոնական միջոցառմանը մասնակցում էին Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցը, զորամիավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Ալեքսանդր Ցականյանը, զորամիավորման սպաներ, Գորիսի ԵԿՄ տարածքային նախագահ, փոխգնդապետ Սուրեն Բաղդասարյանը, Մեծ հայրենականի վետերաններ, մինչեւ Բեռլին հասած 92-ամյա Հովհաննես Դաջունցը, 91-ամյա Երեմ Ճաղարյանը, Արցախյան պատերազմի ազատամարտիկ–վետերաններ, մեծաթիվ գորիսեցիներ, հյուրեր, դպրոցականներ:
Մեծ հայրենականում եւ Արցախյան պատերազմում զոհված հայորդիների հիշատակին ջերմ եւ սրտառուչ խոսք ասաց Վաչագան Ադունցը՝ շնորհակալություն հայտնելով պատերազմների մասնակից վետերաններին, մայիսի 9-ը իրենց սխրանքներով կայացրած մարտիկներին:
Մայիսյան հաղթանակների առթիվ զորամիավորման բոլոր զինծառայողների անունից շնորհավորանքի խոսք ասաց 1-ին զորամիավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Ալեքսանդր Ցականյանը:
Գնդապետ Ցականյանը հիշատակեց Մեծ հայրենականում հայորդի լեգենդար մարշալներին, հարյուրավոր գեներալներին, տասնյակ հազարավոր հրամանատարներին, սպաներին ու զինվորներին, որոնց անուրանալի սխրանքների շնորհիվ կերտվեց նաեւ ֆաշիզմի դեմ տարած հաղթանակը:
Մեր ժողովրդի կյանքում այն անուղղակի հաղթանակ էր նաեւ ակնհայտ ծառացած թուրքական սպառնալիքի դեմ:
Գնդապետն անդրադարձավ նաեւ Շուշիի մարտերին, նրա 11 անմահ զոհերին:
Խաղաղ երկինք եւ ստեղծարար աշխատանք, առողջություն բարեմաղթելով պատերազմների մասնակից վետերաններին, գորիսեցիներին, ողջ հայ ժողովրդին՝ գնդապետը հավաստիացրեց, որ Հայոց բանակը մարտունակ է, աչալուրջ, պատրաստ է նոր ոտնձգության դեպքում թշնամուն վերջնական եւ ջախջախիչ հարված հասցնելու:
1-ին զորամիավորման ավագ սպա Վահրամ Հովհաննիսյանն ընթերցեց հրամանատար, գեներալ–մայոր Տիգրան Փարվանյանի շնորհավորական եւ շնորհակալական ուղերձը:
Այդուհետ հրամանատարի կողմից լավագույն զինծառայողներին գնդապետ Ցականյանը խրախուսեց շնորհակալությամբ եւ պատվոգրերով:
Ելույթներ ունեցան նաեւ Գորիսի տարածքային վետերանների խորհրդի նախագահ Խ. Հարությունյանը, տարածքային պատանի երկրապահների միության նախագահ Արթուր Հովսեփյանը, զորամասի գրադարանի վարիչ Հերմինե Առուստամյանը:
Գորիսի ԵԿՄ տարածքային նախագահ, փոխգնդապետ Սուրեն Բաղդասարյանը հուշամեդալներ եւ պատվոգրեր հանձնեց պատանի երկրապահներին:
Տոնական միջոցառումը շարունակվեց քաղաքի Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոնի սաների համերգային կատարումներով, դրամատիկական թատրոնի ներկայացումով:
Խորագիր՝ #20 (1191) 24.05.2017 - 30.05.2017, Բանակ և հասարակություն