Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԳԼԱՁՈՐԻ ԴՊՐՈՑՈՒՄ



ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԳԼԱՁՈՐԻ ԴՊՐՈՑՈՒՄԱպրիլի 19-ին «Բանակը մեր տունն է» խորագրով միջոցառում կազմակերպվեց Վայոց ձորի մարզի Գլաձոր համայնքի միջնակարգ դպրոցում: Առիթը դպրոցի մի խումբ աշակերտներն էին, ովքեր ավարտում էին  4-րդ դասարանը: Դասվար Օսիկ Հովհաննիսյանը, որն իր 46 տարվա մանկավարժական գործունեության ընթացքում հերթական տարրական դասարանն էր փոխադրում միջին դասարան, ներկայացրեց միջոցառման նպատակը. «Երեխաների մեջ պետք է սերմանել ազգային գաղափարախոսություն, դպրոցն այն դարբնոցն է, որտեղ ռազմահայրենասիրական դաստիարակությամբ պետք է հասնել դրան»: Մանուկների շուրթերից հնչող երգերը, բանաստեղծություններն ստեղծել էին ջերմ մթնոլորտ, առաջացրել մեծ խանդավառություն: Ծնողները կարծես նոր էին բացահայտում իրենց երեխաների հայրենասիրական ոգին, նրանց «այրող» հայացքների մեջ տեսնում էին պաշտպաններին: Տարրական դասարանն ավարտելու կապակցությամբ իր բարեմաղթանքի խոսքն ասաց նաև դպրոցի տնօրեն Ա.Հայրապետյանը, նա բարձր գնահատելով դասվար Օ. Հովհաննիսյանի աշխատանքը՝  հավելեց, որ նմանատիպ միջոցառումները դպրոցում կկազմակերպվեն հաճախակի, որն էլ խթան կհանդիսանա «դպրոցբանակ» կապի համար:

Ծնողները իրենց երախտագիտությունը հայտնեցին դասվարին՝ հավաստիացնելով, որ դասվար Հովհաննիսյանի բարեխիղճ, անձնվեր և հմուտ աշխատանքը հայրենասիրության ձևավորման վառ օրինակ է:

 Գլաձորի դպրոցի մի խումբ ծնողներ

Խորագիր՝ #20 (1191) 24.05.2017 - 30.05.2017, Բանակ և հասարակություն


24/05/2017