Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՔԱՌՈՐԴԴԱՐՅԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ



ՔԱՌՈՐԴԴԱՐՅԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ1992թ. մայիսի 18-ին կայացավ երկար տարիներ ԱրցախՄայր հայրենիք կապը խոչընդոտող Լաչինի ազատագրումը, որով և իրականացավ միացումը: Իսկ 1993թ. դեկտեմբերին կայացած որոշմամբ ստեղծվեց Քաշաթաղի շրջանը՝ Բերձոր կենտրոնով: Քաղաքի 25-ամյակի օրը կայացավ տոնական միջոցառում, որին ներկա էին շրջանի ղեկավարությունը, Բերձորի և շրջակա բնակավայրերի բնակիչներ, հյուրեր, ազատամարտիկներ, որոնցից շատերն իրենց ներդրումն ունեն քաղաքի ազատագրման գործում: Բերձորի Արցախյան գոյամարտի նահատակներին նվիրված հուշահամալիրում ծաղիկներ խոնարհելուց հետո շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի աշխատակից Ն. Մխիթարյանը հանդիսավոր մասը հայտարարեց բացված: Հնչեց Արցախի օրհներգը, եղավ լռության րոպե: Ներկաներին իրենց ելույթներով՝ ռազմահայրենասիրական երգ, ասմունք, պար, ողջունեցին բերձորցի դպրոցականները: Շնորհավորական խոսքով հանդես եկան շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանը, Բերձորի քաղաքապետ Արտյոմ Սարիբեկյանը, Երևանում գործող «Հայրենիքի պաշտպան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Հունան Հունանյանը:

ՔԱՌՈՐԴԴԱՐՅԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԲոլոր ելույթ ունեցողները կարևորեցին Բերձորի ազատագրումը մեր ժողովրդի պատմության մեջ: Շնորհակալ եղան քաշաթաղցիներին, որ շենացնում են ազատագրված ու վերահայացած հայրենիքը: «Հայրենիքի պաշտպան» հիմնադրամը «Հայրենիքի պաշտպան» մեդալով պարգևատրեց Բերձորի ազատագրմանը մասնակցած մի խումբ ազատամարտիկների, այդ թվում` ԱՄՆից Գուրգեն Զուռնաչյանին: Մեդալները հանձնեց Քաշաթաղի շրջանի զինղեկ, մայոր Ստեփան Օհանջանյանը: 25 տարի առաջ նույն օրն ազատագրվեց նաև Զաբուղ` այժմ` ԱղավնոԱրիավան գյուղը, որտեղ և մեր հայրենիքի երկու հատվածներից գրոհող ջոկատները հանդիպեցին միմյանց, և հաղթանակի լուրը հասավ ողջ հայությանը: Մայիսի 18-ին տոնական էր նաև Աղավնոյում: Անցած տարվա ապրիլյան քառօրյայում զոհված քաջորդիներին նվիրված խաչքարհուշաղբյուր բացվեց գյուղի Գարեգին Նժդեհի անվան միջնակարգ դպրոցի հարևանությամբ: Միջոցառմանը ներկա էին ԱՀ ԱԺ պատգամավոր Լեռնիկ Հովհաննիսյանը, Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանը, այլ պաշտոնատար անձինք, գյուղի և հարևան բնակավայրերի բնակիչներ, հյուրեր: Լռության րոպեից հետո հուշաղբյուրի բացման պատիվը տրվեց համայնքի ղեկավար Մյասնիկ Մաթևոսյանին և հուշարձանի նախաձեռնող ու ֆինանսավորող Մուշեղ Բաղդագյուլյանին: Անցած ապրիլյան պատերազմական գործողությունների ժամանակ Աղավնոյից նույնպես մոտ երկու տասնյակ կամավորներ մեկնեցին ռազմի դաշտ: Եվ նույն տղաների օժանդակությամբ իրականացավ նրանց ուխտը, որ արել էին առաջնագծում: Շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանը, շնորհավորելով ներկաներին օրվա առթիվ, կարևորեց Աղավնոյի դերը և՛ Արցախյան գոյամարտի ժամանակ, և՛ այսօր: Շնորհակալություն հայտնեց Աղավնոյի բնակիչներին, անցած ապրիլյան օրերին առաջնագիծ մեկնողներին: Կարևորեց նաև այն, որ գյուղի զարգացման նպատակով 50-ից ավելի առանձնատներ են կառուցվել «ԱՐԻ ՏՈՒՆ» ծրագրով, որը շարունակական է: ԱՀ ԱԺ պատգամավոր Լեռնիկ Հովհաննիսյանը նույնպես բարձր գնահատեց Աղավնոյի ազատագրման դերը: Նշեց, որ այստեղ է Արցախի դարպասը, և այն այլևս վտանգված չէ: Հուշաղբյուրի կառուցման նախաձեռնող Մուշեղ Բաղդագյուլյանը, շնորհավորելով տոնի առթիվ, նշեց, որ իր և ընկերների պարտականությունն էր այս խաչքարի կանգնեցումը և շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր աջակցել են այս գործում, իսկ նրանք ողջ գյուղի բնակիչներն են: Դպրոցի փոխտնօրեն Ջուլիետա Մանվելյանն անդրադարձավ անցած 25 տարիներին, ուրախությամբ նշեց, որ իրենց բնակավայրը շենանում է, ապրում առաջընթաց: Ներկաներին ողջունեցին Աղավնոյի դպրոցի սաները: Ռազմահայրենասիրական երգերով ոգևորեցին դպրոցի ուսուցիչներ Կարեն Հակոբյանը, Ռուզաննա Նիգոյանը և Բերձորի Վահան Թեքեյանի անվան միջնակարգ դպրոցի սան Լիլիթ Ավագյանը: Օրվա ընթացքում Բերձորի երկրագիտական թանգարանում, նվիրված թանգարանների օրվան, կազմակերպվեց նկարիչ երեխաների մրցույթ, որի ընթացքում մոտ 15 աշակերտ մատիտանկարով ներկայացրին Բերձորի ազատագրման իրենց պատկերացումները: 

 ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ

Խորագիր՝ #20 (1191) 24.05.2017 - 30.05.2017, Բանակ և հասարակություն


24/05/2017