Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅՈՑ ՀԱՂԹԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ԳՆԴԵՐԵՑԸ



ՀԱՅՈՑ ՀԱՂԹԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ԳՆԴԵՐԵՑԸՀոգևորականն Ամենակալ Աստծու պատգամավորն է, ինչպես նշված է Սուրբ Գրքում և հատկապես Հին Կտակարանում` Մաղաքիայի մարգարեության մեջ.  «Արդարև, քահանայի շրթունքները զգույշ պիտի վարվեն գերության հետ, նրա բերանից պիտի օրենքներ խնդրեն, քանի որ նա է Ամենակալ Տիրոջ պատգամաբերը» (Մաղ. 2:7):

Այստեղից աղբյուրի վճիտ կաթիլի նման պարզ ու հասկանալի է դառնում այն ողջամիտ հետևությունը, ըստ որի՝ Երկնավոր Թագավորի ծառա ու սպասավոր անվանվելը մեծագույն պատիվ է և միաժամանակ` քաղցր լուծ, որից էլ պատճառահետևանքային կապով բխեցվում է այն անհերքելի իրողությունը, որ հոգևորականն Աստծու և մարդկանց միջև կապող կամուրջն է: Նույնը կարելի է ասել առավելաբար հոգևորականզինվորական միջանձնային փոխհարաբերության մասին: Այս նվիրական ու արժեքավոր, ելակետային ու հիմնարար դրույթը միս ու արյուն է ստանում բացառապես գնդերեցների ու զինվորականների միջև առկա սերտ գործակցության ընթացքում:

Բնականաբար, մենք մեր կյանքի ընթացքից գիտենք` կամուրջը որքան ամուր և հիմնավոր է, այնքան ավելի հեշտ է այն անցնելը: Իսկ կամրջի անսարքության պատճառով շատերը կարող են կորստյան մատնվել:

Աներկբա է, որ գնդերեցները նույնպես իրենց հոգևոր գործունեության ողջ ընթացքում առաջնորդվում են այս գիտակցությամբ և իրենց արթուն մտքով և հոգևոր աչքերով ամեն ժամ ու վայրկյան քաջաբար ընկալում են, որ Աստվածաշնչում գրված մարգարեական խոսքը տարածական ընդգրկունություն է ունենալու նաև իրենց վրա, եթե ազնիվ ու արդար մշակները չլինեն իրենց տնտեսության տիրույթում:

Ըստ Սուրբ Գրքի` գնդերեցների ծառայության ներքո գտնվողները պետք է իրենց աչքի առջև ունենան ավագ գնդերեցների ու գնդերեցների ազնիվ, աստվածավախ և բարոյական կերպարը` խարսխված քրիստոնեական արժեհամակարգի առանցքային տարրերով և  անսակարկ ծառայությամբ:

Մատթեոսի Ավետարանում  գրվածից եզրակացնում ենք, որ գնդերեցներն արեգակի վառ ու կենսատու օրինակով պետք է լույս տան խավարած մտքերին, ջերմացնեն Աստծու սիրուց սառչածներին, քանի որ մեր Տիրոջ` Հիսուսի խոսքի համաձայն` նրանք հանդիսանում են աշխարհի լույսը, ինչպես գրված է. «Դո՞ւք եք աշխարհի լույսը. մի քաղաք, որ լեռան վրա է կանգնած, չի կարող թաքնվել» (Մտթ. 5:14):

Գնդերեցները, ամենից առաջ հաշվետու լինելով Աստծու առջև, պետք է իրենց հոգևոր փորձառությունն իրականացնելու ճանապարհին ձգտեն ինքնակատարելագործման ու ինքնահայեցողության, որպեսզի ավելի արդյունավետորեն սրբագրվեն ու վերացվեն առկա բացերն ու թերություններն` ի սպաս և ի շինություն իրենց հոգեխնամատարության ներքո գտնվողների:

Հաշվետու լինելով ամենից առաջ Տիրոջ անհասանելի բարձրության առջև` մենք` բոլոր գնդերեցներս, աստվածահաճո և առաքինասեր կենցաղավարությամբ պետք է մշտապես ձգտենք, որ լավ վերակացուներ լինենք և արժանանանք կրկնակի պատվի և աստվածային բյուրավոր օրհնությունների` շնորհիվ մեր գնահատարժան ծառայանվիրումի և նախանձախնդիր գործունեության այն բարձր ոգով և նկարագրով, ինչի մասին անդրադառնում է Պողոս Առաքյալն իր` Տիմոթեոսին ուղղված նամակի 5:17-րդ հատվածում. «Այն երեցները, որոնք լավ վերակացու են, կրկնակի պատվի արժանի թող լինեն, մանավանդ նրանք, որ տքնում են խոսքով եւ ուսուցանելով»:

 ՀՀ ԶՈՒ հոգևոր սպասավոր,

ՊԲ զորամասի գնդերեց

Արման սարկավագ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Խորագիր՝ #20 (1191) 24.05.2017 - 30.05.2017, Ազգային բանակ


24/05/2017