ՄԱՐՏԱԿԱՆ ՀՐԱՁԳՈՒԹՅԱՄԲ ԳՈՒՄԱՐՏԱԿԱՅԻՆ ԵՎ ՎԱՇՏԱՅԻՆ ՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Օրերս 1-ին բանակային զորամիավորումում անցկացվեցին զրահատանկային գումարտակի և մոտոհրաձգային վաշտի մարտական հրաձգությամբ ցուցադրական երկօրյա զորավարժություններ: Գումարտակի և վաշտի գործողությունները վերահսկում և համապատասխան խորհրդատվությամբ հանդես էր գալիս զորամիավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Ալեքսանդր Ցականյանը:
Զորավարժությունների ղեկավարներ, զորամասի հրամանատարներ, փոխգնդապետներ Ադամյանը և Բժշկյանը «Տագնապ»-ով վերկացից մինչև կենտրոնացման շրջաններ գումարտակի և վաշտի անձնակազմերի զբաղեցումը, տեղազննումից մինչև փոխգործակցության կազմակերպումն ու մարտական գործողությունների համակողմանի ապահովումը հաջողությամբ իրականացնելուց հետո, դաշտային պայմաններում ծավալեցին ուսումնական կետեր:
Ուսուցանվող թեմաներն առնչվում էին անցկացվող զորավարժություններին: Ցուցադրվեցին նմանատիպ զորավարժությունների անցկացման համար անհրաժեշտ փաստաթղթերի օրինակելի ձևերը, կապի արդիական միջոցներն ու դրանց կիրառումը, սպառազինությունն և ռազմական տեխնիկան մշտապես մաքուր պահելու պայմանները:
Զինծառայողների մարտական բարձր պատրաստվածությանը զուգահեռ, կարևորվեց նաեւ նրանց ռազմահայրենասիրական, գաղափարական պատրաստությունը, բարոյահոգեբանական կայուն վիճակը, հանգստի և ազատ ժամանցի կազմակերպումը:
Ցուցադրական պարապմունքն ուղեկցվեց հարց ու պատասխաններով, առաջարկություններով ու բարձրացված հարցերի վերաբերյալ անհրաժեշտ պարզաբանումներով:
Մայոր Բալասյանի և կապիտան Ղուլինյանի հրամանատարությամբ գործող գումարտակի և վաշտի անձնակազմերը պաշտպանական մարտի վարման ժամանակ հետախուզեցին հակառակորդին, «ոչնչացրին» նրան:
Թշնամին փորձում էր ճեղքել մեր պաշտպանական գիծը և մեծաքանակ ուժերով շարժվել առաջ: Վերակազմավորելով մեր պաշտպանական հարվածներից տուժած ցաքուցրիվ ուժերը՝ թշնամին գրոհ կազմակերպեց: Զրահատանկային գումարտակի և մոտոհրաձգային վաշտի զինծառայողները նախ ետ քաշվեցին՝ տպավորություն ստեղծելով, թե նահանջում են, ապա թողնելով, որ թշնամին առաջանա և հայտնվի ծուղակում, հուժկու հարվածներով հետ մղեցին թշնամու գրոհները` ջախջախելով նրան:
2-րդ շարակազմի վճռական գործողություններից հետո մեր զինծառայողները նվաճեցին նպաստավոր բնագծեր և շարունակեցին իրականացնել սահմանի տվյալ հատվածի անընդհատ վերահսկողությունը:
Մարտական հրաձգությամբ ցուցադրական զորավարժությունները ցույց տվեցին, որ մեր զրահատանկային գումարտակների և մոտոհրաձգային վաշտերի մարտունակությունն ու անձնակազմերի դաշտային վարժվածության աստիճանը բարձր է:
ՎԱՉԵ ՄԿՐՏՉՅԱՆ
1-ին զորամիավորման թղթակցական կետ
Խորագիր՝ #20 (1191) 24.05.2017 - 30.05.2017, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում