Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՂԹԱՆԱԿՍ՝ ԸՆՏԱՆԻՔԻՍ, ՄԱՆՉԵՍԹԵՐԻՆ ԵՎ ԲՈԼՈՐ ՀԱՅԵՐԻՆ



ՀԵՆՐԻԽ ՄԽԻԹԱՐՅԱՆԸ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԿԵՐՏԵՑ «ՄԱՆՉԵՍԹԵՐ ՅՈՒՆԱՅԹԵԴԻ» ՀԱՄԱՐ

ՀԱՂԹԱՆԱԿՍ՝ ԸՆՏԱՆԻՔԻՍ, ՄԱՆՉԵՍԹԵՐԻՆ ԵՎ ԲՈԼՈՐ ՀԱՅԵՐԻՆՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 28-ին Հայաստանի ազգային հավաքականի եւ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին Առաջին Հանրապետության տոնի առիթով պարգեւատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով՝ հայկական սպորտի զարգացման գործում ունեցած ավանդի եւ Հայաստանն աշխարհում լավագույնս ներկայացնելու համար:

Պարգեւատրման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում Հենրիխ Մխիթարյանը նշել է, որ շատ հպարտ է նման պարգեւի արժանանալու համար:

Անդրադառնալով Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղից հետո Հայաստանի եռագույնը խաղադաշտում բարձրացնելուն, Հենրիխ Մխիթարյանն ասել է, որ հայկական եռագույնը բարձրացնելը յուրաքանչյուրի պարտականությունն է. «Ինձ համար միշտ պատիվ է տարբեր վայրերում բարձրացնել Հայաստանի դրոշը:

♦♦♦ 

ՈւԵՖԱի Եվրոպայի լիգայի եզրափակչում հոլանդական «Այաքս»-ի դեմ խաղում խփած գոլով Հենրիխ Մխիթարյանը պատմություն կերտեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ի համար:

Մխիթարյանը դարձավ ակումբի պատմության մեջ միակը, որը մեկ մրցաշրջանի ժամանակ «կարմիր սատանաների» համար գոլ խփեց հինգ տարբեր խաղերում:

«Ես իսկապես ուրախ եմ, որ այսօր եզրափակչում գոլի հեղինակ դարձա, քանի որ բոլորը շարունակ ասում էին՝ դու գոլ ես խփելու եզրափակչում: Վերջին խաղից հետո ես ամեն օր երազում էի գոլ խփել եզրափակչում: Շնորհակալ եմ իմ թիմակիցներին: Ես շատ երջանիկ եմ»,- նշել է նա:

Ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքը նշում է, որ ակումբի պատմության ընթացքում ինչպես Մխիթարյանը, այնպես էլ Քրիստիանու Ռոնալդուն եւ Ուեյն Ռունին գոլի հեղինակ են դարձել եզրափակչում, սակայն  միայն Մխիթարյանին է հաջողվել գոլ խփել մրցաշրջանի հինգ խաղում:

Խորագիր՝ #21 (1192) 31.05.2017 – 06.06.2017, Մարզաշխարհ


31/05/2017