ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ Է ՄԱՏՈՒՑԵԼ ԿԻՊՐՈՍԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՆԱՀԱՏԱԿՎԱԾ ՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Կիպրոս պաշտոնական այցի շրջանակում մայիսի 30-ին ծաղկեպսակ է դրել Նիկոսիայի կենտրոնական բանտի տարածքում գտնվող «Ֆիլակիզմենա մնիմատա» հուշարձանին։
Հուշարձանը նվիրված է 1955-1959 թթ. Կիպրոսում ծավալված ազգային-ազատագրական պայքարի ընթացքում կղզու բրիտանական ղեկավարության կողմից մահապատժի դատապարտված կիպրացի հերոսներին, որոնք հուղարկավորված են բանտի տարածքում։ Վիգեն Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել հայրենիքի անկախության համար նահատակված մարտիկների հիշատակին և գրառում կատարել պատվավոր հյուրերի գրքում։
Մայիսի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ծաղկեպսակ է դրել նաև Նիկոսիայի զինվորական պանթեոնում տեղադրված հուշարձանին, որը նվիրված է 1974 թվականին թուրքական բանակի կողմից Կիպրոս ներխուժմանը հաջորդած մարտական գործողությունների ընթացքում զոհված կիպրացի զինվորականների հիշատակին։