Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՆՔՆԱՎՆԱՍՈՒՄ. ՊԱՏՐԱՆՔՆԵՐ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ



ԱՆՋՆՋԵԼԻ ԽԱՐԱՆ

Ինքնախեղումների ու ինքնավնասումների դեպքեր լինում են բոլոր երկրների բանակներում, քանի որ միշտ էլ գտնվում են թուլակամ ու տկարամիտ պատանիներ, որոնք ծառայության դժվարություններից առժամանակ խուսափելու համար ձեռք են բարձրացնում իրենք իրենց վրա՝ անջնջելի խարան թողնելով սեփական կենսագրության սին էջերում:

Ինքնախեղում նշանակում է ինքն իրեն հասցնել աշխատունակությունն էապես սահմանափակող ու զինվորական ծառայության հետ անհամատեղելի վնասվածքներ՝ հաճախ նաեւ հաշմանդամ դառնալու ծանր գնով վաղաժամկետ զորացրման հասնելու համար: Ու քանի որ մեկ անգամ տրված կյանքը ոչ ոք չի ուզում ֆիզիկապես անլիարժեք ապրել, հետեւաբար նման քայլի քչերն են դիմում: Ինքնախեղումները, լինելով բավականին ծանր, հիմնականում խնամքով նախապատրաստված արարքներ, կարոտ են հոգեբանական լուրջ ուսումնասիրության, եւ լրագրային մեկ հրապարակման շրջանակում հնարավոր չէ այս տխրահռչակ եւ ցավալի երեւույթին համակողմանի անդրադառնալ:

Ինքնախեղումից մեծապես տարբերվում է ինքնավնասումը: Այս քայլին դիմող յուրաքանչյուր ոք նույնպես, չգիտես ինչու, իրեն համարում է մարդակազմության ու բժշկության ասպարեզների քաջ գիտակ եւ վստահ է, որ իր իսկ ձեռքով իրեն հասցրած վնասը (վերքը), տեխնիկական առումով ճիշտ կատարման դեպքում, ոչ մի լուրջ վնաս էլ չի հասցնի սեփական առողջությանը, փոխարենը թույլ կտա մի քանի շաբաթ «հանգստանալ» նախ՝ զորամասի բուժկետում եւ ապա` զինվորական հոսպիտալում: Այս պարզունակ կամ թեթեւամիտ ինքնավստահությունը իրականում հիմնված է տարրական անգրագիտության եւ մի քանի կեղծ ու ցածրակարգ մտայնության վրա, որին հավատ ընծայելու համար առնվազն պետք է լինել իմաստակ եւ փոքրոգի, միաժամանակ ընդունակ լինել ոտնատակ տալու օրենք, պատվիրան ու արժանապատվություն: Բայցեւայնպես փորձենք որոշ տարբերակիչ եւ հատկանշական եզրեր քննել:

Հասարակական կարծիքն ավանդաբար հակված է նման դեպքերը բացատրելու այս կամ այն ստորաբաժանումում տիրող ոչ կանոնադրական հարաբերությունների առկայությամբ՝ համարելով, որ «երեխան այդ ամենին չի դիմացել», «այլ ճար չուներ» եւ այլն: Դույզն-ինչ չթերագնահատելով հրամանատարական բոլոր օղակների դերն ու պատասխանատվությունն այս հարցում՝ միաժամանակ կարծում ենք, որ խնդրին այս պարզունակ տեսանկյունից մոտենալը խիստ մակերեսային ըմբռնման հետեւանք է: Ընդ որում, նաեւ վիրավորանք՝ հայրենիքի նկատմամբ իրենց պարտքը պատվով կատարած զինվորների, երբեմն՝ սեփական որդիների հասցեին: Ի՞նչ է, նրանք անինքնասեր մարդի՞կ էին, որ դիմացան «դժվարին, երբեմն նաեւ ցավագին պայմաններին», թե՞ «այդ պայմանները» ստեղծողներն իրենք էին: Իհարկե, ոչ:

Ինքնավնասումները բանակին խորթ երեւույթ են եւ ծնունդ են առել կալանավայրերում. բանտային կյանքի դժվարություններից խուսափելու եւ քրեակատարողական հիմնարկի հիվանդանոցում հայտնվելու համար դատապարտյալները իրենք իրենց համեմատաբար քիչ վնաս հասցնելու հազար ու մի միջոց են հորինել: Բժիշկները, սակայն, արագորեն գլխի են ընկել, թե ինչն ինչոց է, ու այդպես, պատժվելուն զուգընթաց, կալանավորները շարունակ հնարամտորեն կատարելագործել են ինքնավնասման ձեւերն ու եղանակները: Այստեղից ինքնին ծագում է մի պարզ հարց. որտեղի՞ց գիտի «այդ խելոք պատանին» բանտային տարատեսակ հնարքների մասին:

Իր վրա ձեռք բարձրացնելու ծանրագույն տեսակը ինքնասպանությունը կամ ինքնասպանության փորձն է: Պակաս ծանրը՝ ինքնախեղումը, ապա՝ ինքնավնասումը: Հասկացությունները, որոնք հնարավոր չէ հստակորեն իրարից սահմանազատել, քանի որ սխալ կատարման, տեւական արյունահոսության եւ կամ առաջին անհապաղ բուժօգնություն չցուցաբերելու դեպքում առաջին հայացքից անվնաս վերքը կարող է սպառնալ ինքնախեղման դիմածի կյանքին: Ի վերջո, հեռավոր ու մեկուսի հենակետում, երբ բոլոր ճանապարհները ծածկված են գրեթե անանցանելի ձյունով, ավտոմատի փողը «մի թեթեւ» իր վրա ուղղած զինվորը, արդյոք, պիտի նկատի առնի՞, թե ե՞րբ ու ի՞նչ վիճակում առաջին բժշկական մասնագիտական օգնություն կստանա: Ըստ այդմ՝ ինքնավնասմա՞ն, ինքնախեղմա՞ն, թե՞ ինքնասպանության փորձ կորակվի իր արարքը: Այսինքն՝ ժամանակն ու հանգամանքները կարող են հիմնովին փոխել տվյալ արարքի հետեւանքները սահմանող իրավական հատկանիշները եւ ստանալ միանգամայն այլ՝ արդարացի որակումը:

Նույն կերպ կարելի է անփութորեն գերազանցել կուլ տրվող ասեղի երկարության, կամ կտրող գործիքը նախաբազկին սեղմելու ուժի սահմանային չափը, եւ ինքնավնասման փորձը կարող է հանգեցնել պարզ ինքնախեղման: Այսինքն՝ իր վրա ձեռք բարձրացնող զինվորը կարող է իրեն հասցնել բոլորովին չնախատեսված վնաս (վերք) եւ ըստ այդմ՝ առողջանալուց հետո կրել օրենքով սահմանված անհամեմատ խիստ պատիժ, քան ակնկալում էր:

Գանք նաեւ մեկ ա՛յլ հարցի: Զինվորական ստորաբաժանման անձնակազմն ու հրամանատարները մերժելով մերժում են նման արատավոր արարքները: Ծառայակից զինվորները արգահատանքով են վերաբերվում նմաններին, քանի որ վերջինս այլեւս զինվոր կոչվելու իրավունք չունի եւ այդ կոչումից զրկվել էր դեռ ա՛յն ժամանակ, երբ առաջին անգամ «գնահատող» հայացքով նայել էր նախաբազկին մոտեցվելիք ածելիին կամ աչքաչափով ծանրութեթեւ արել կուլ տրվելիք ասեղի երկարությունը:

Ասելով, թե զրկվել էր զինվոր կոչվելու իրավունքից, բարձրագոչ արտահայտությունների չենք դիմում, այլ բառերն օգտագործում ենք իրենց անվանական արժեքով: Զինվոր կոչվելու իրավունք ունի նա՛, ով օրենքով սահմանված ժամանակահատվածում պաշտպանում է իր հայրենիքը օտարից, նպաստում իր անբասիր ծառայությամբ սեփական ժողովրդի խաղաղ, ստեղծագործ կյանքի կայացմանը: Իսկ նա, ով ձեռք է բարձրացնում իր վրա՝ դրանով իսկ հայրենի զինված ուժերին հասցնում է ոչ միայն ֆիզիկական (սանիտարական), այլեւ պատճառում է բարոյական-հոգեբանական անդառնալի կորուստ: Եվ, համաձայնենք, իրավունք չունի զինվոր կոչվելու: Նա անգամ օտար մարմին չէ բանակում, այլ հակահամակարգ:

ՈՏՆԱՀԱՐՎԱԾ ՍՐԲՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ՕՐԵՆՔՆԵՐ

Քրիստոնեական ուսմունքի համաձայն՝ Աստված մարդուն ստեղծեց Իր պատկերի նմանությամբ, ու մարդու մեջ նաեւ հոգի դրեց, եւ ոչ ոք իրավունք չունի այն բռնի անջատել մարմնից: Այս ըմբռնումն էլ քրիստոնեության համար հիմք դարձավ մերժելով մերժելու ոչ միայն մարդասպանությունը, այլեւ անձնասպանությունը, քանի որ ինքնասպանը ձեռք է բարձրացնում ոչ թե իր, այլ Աստծո պատկերի եւ Աստծուց տրված հոգու վրա: Ըստ այդմ, դեռեւս 365 թվականին Ներսես Մեծ կաթողիկոսի ղեկավարությամբ եւ մեծ թվով աշխարհականների մասնակցությամբ գումարված Աշտիշատի առաջին եկեղեցական ժողովը դատապարտեց հեթանոսական սովորույթների հետեւողությամբ հանգուցյալի մոտ ինքնասպան լինողներին ու իրենց մարմնական վնասվածք պատճառողներին:

Ինքնասպանները բանադրվում էին, նրանց հոգու հանգստության համար պատարագ չէր մատուցվում ու արգելվում էր գերեզմանոցներում նրանց հուղարկավորելը: Հայ միջնադարյան իրավագիտական մտքի սյուներ Մխիթար Գոշը՝ Հյուսիսային, իսկ նրա երկերից օգտված Սմբատ Սպարապետը՝ Կիլիկյան Հայաստանում ստեղծած իրենց նշանավոր «Դատաստանագրքերում» անգամ դժբախտ պատահարի հետեւանքով տեղի ունեցած ողբերգության դեպքում պահանջում էին քննել բոլոր հանգամանքներն ու համոզվել, որ մահացածին չեն սպանել, կամ որ նա ինքնասպանություն չի գործել, որպեսզի վերջին դեպքում սխալմամբ պատարագ չմատուցվեր նրա հոգու հանգստության համար:

Դեռեւս Հին աշխարհի բոլոր պետություններում զինվորականների՝ իրենց պարտականությունների կատարումից խուսափելը, դասալքությունը եւ նմանօրինակ այլ հանցագործություններ յուրայինների շրջանում ծնում էին արհամարհանք ու ատելություն, իսկ մեղավորները դատապարտվում էին մահապատժի, խարանադրոշման, տաժանակրության, մարմնական պատիժների, լավագույն դեպքում ստրկացվում էին: Եվ եթե սկզբնական շրջանում զինվորականների կատարած հանցագործությունները պատժվում էին դարերի ընթացքում սովորույթի ուժով սրբագործված օրենքներով, ապա հետագայում, իրավունքի զարգացմանը զուգընթաց, դրանք փոխարինվեցին զինվորական հանցագործությունները հստակ սահմանող քրեաիրավական նորմերով:

Հայ միջնադարում օրենսդրական ակտերի նման ժողովածու էր Ներսես արքեպիսկոպոս Լամբրոնացու 57 հոդվածներից բաղկացած «Կարգ զորացը» կամ «Լամբրոնացու զինվորական օրենքը», որը հրատարակվեց 1196 – 1197 թվականին՝ Կիլիկյան հայկական թագավորության հռչակման արշալույսին, եւ առանց որեւէ փոփոխության գործեց Կիլիկյան պետության գոյության ողջ ընթացքում՝ խաղաղ ժամանակ 50.000-անոց հետեւակից եւ 12.000-անոց հեծելազորից կազմված բանակում կարգավորելով զինվորականների միջեւ քրեաիրավական ու կանոնադրական բոլոր հարաբերությունները:

Լամբրոնացին Կիլիկյան հայկական թագավորության զինվորական օրենսգրքում ինքնախեղումներին ու ինքնավնասումներին երկու հոդված է նվիրում՝ հստակ առանձնացնելով նաեւ այս հանցագործությունների կատարման դրդապատճառներն ու հանգամանքները:

Մասնավորապես, «Կարգ զորացի» 19-րդ հոդվածը վերաբերում էր պատերազմի ժամանակ իրեն մարմնական վնասվածք հասցնելով ծառայությունից խուսափելուն եւ հասանելիք պատժի խստության որեւէ սահմանափակում չէր նախատեսում: Այն թողնվում էր ժամանակի, հրամանատարի ու հանգամանքների հայեցողությանը. «Եթե որեւէ մեկը ճակատամարտից երկյուղելով իրեն մարմնական վնաս պատճառի, գլխավորի (զորահրամանատարի) կողմից կպատժվի»:

Իսկ 36-րդ հոդվածը վերաբերում էր խաղաղ պայմաններում ինքնասպանության փորձ, ինքնախեղում կամ ինքնավնասում կատարելուն եւ սահմանում էր, որ ծառայակիցները չպիտի սպասեն զորահրամանատարի վճռին, այլ իրե՛նք պատվազուրկ անեն մեղավորին, եւ ապա զորահրամանատարը առավել խիստ պատիժ սահմանի: Այսինքն՝ մինչ դատաստանական իրավունք ունեցողի կողմից օրինական վճռի կայացումը, զինվորներից պահանջվում էր զինվորական դասից անվերադարձ կերպով դուրս վանել իր վրա ձեռք բարձրացնողին, ինչը նշանակում էր ճանապարհ դեպի ստրկություն:

Այսօրինակ պատիժները բացատրվում են ոչ թե միջնադարյան օրենքների «անմարդկային» խստություններով եւ իշխանավորներին ու զորահրամանատարներին տրվող անսահմանափակ իշխանությամբ, այլ մի պարզ պատճառաբանությամբ: Օրենքը դասալքության համար սահմանում էր առավելագույնը` մահապատիժ, իսկ միջնադարյան իրավագիտակցության տեսանկյունից դասալքությանն էին հավասարեցվում նաեւ զինծառայությունից խուսափելու նպատակով կատարվող ինքնախեղման փորձերը: Խստությամբ պատժվում էին նաեւ սուտ հիվանդ ձեւանալու փորձերը, որոնք դիտվում էին որպես թշնամու նկատմամբ վախի արտահայտություն: Հետագա հարյուրամյակներում հասարակական հարաբերությունների եւ իրավական մտքի զարգացման արդյունքում խմբագրվեցին լոկ այս հանցատեսակների սահմանումներն ու նրանց համար նախատեսվող պատիժները, բայց փոխվեց միայն լեզուն, իսկ բնույթն ու խստությունը մնացին նույնը:

Յուրաքանչյուր դեռահաս եւ ապա զինվոր իր վրա ձեռք բարձրացնելիս պիտի հիշի, որ դրա մասին համապատասխան բժշկական եզրակացությունը գրանցվելու է իր զինգրքույկում, ինչի հետեւանքով նա իրավապահ մարմիններում, ռազմականացված կառույցներում, ինչպես նաեւ մասնավոր պահպանության ծառայություններում էլ երբեք չի աշխատի, անգամ երթուղային կամ սովորական տաքսի չի վարի, որովհետեւ վարորդական իրավունքի վկայական չեն տա: Եթե անգամ բժշկական նշում չլինի, ապա, որպես զինծառայությունից խուսափող, ենթակա է դատական պատասխանատվության, ուստի նրան տխուր հեռանկար է սպասում…

Մինչդեռ ի՞նչ են ասում բժիշկները, զինվորական հոգեբույժներն ի՞նչն են համարում արատավոր ու մերժելի այս երեւույթի պատճառը:

Շարունակելի

ՏԻԳՐԱՆ ԴԵՎՐԻԿՅԱՆ
փոխգնդապետ

Խորագիր՝ #29 (894) 27.07.2011 – 3.08.2011, Ուշադրության կենտրոնում, Սոցիալ-իրավական


03/08/2011