ՀԱՅ ՀԵՐՈՍՈՒՀԻ ԿԱՆԱՅՔ
Հատվածներ «Հայ հերոսուհի կանայք» գրքից
Նրանց գործիքները ջարդելով՝ բանվորներին ու արհեստավորներին թույլ չէին տվել աշխատել և ետ էին ուղարկել: Զինվորները զարմացել էին՝ տեսնելով իրենց դեմ ելած անզեն կանանց: Կանանց այս համարձակ քայլը տվել էր իր արդյունքը, և ծրագրավորված զորանոցները չէին կառուցվել: Սասունցի կանայք համոզված էին, որ առանց ուժի ազատությունը անհասանելի երազ է, իսկ զենքն անհրաժեշտ է՝ ուժ ունենալու և իրենց ամուսինների կողքին կռվելու համար:
Սասունի 1894 թվականի ինքնապաշտպանության հերոսուհիներից էր Շենիկի իշխան Մոսե Գրքոյի մեծ եղբոր` Մարդոյի կինը՝ հարս Շաքեն (պապիս՝ Սիմոն Հակոբյանի հարազատ մորաքույրը – ընդգծումը իմն է՝ Մինասյան Է.): Նրա գլխավորությամբ դեռևս 1891 թվականին շենիկցի կանայք, տղամարդկանց կողքին կռվելով, քրդական ուժերին ստիպել էին նահանջել: Նրանց նշանաբանն էր «Մահ կամ ազատություն»: Տալվորիկցիները իշխան Գրքոյի ղեկավարությամբ գրոհի էին նետվել թշնամու դեմ: Կանայք քաջալերանքի խոսքերով իրենց ամուսիններին ու եղբայրներին մարտի էին մղել: Մի տեղում հրացանային կռիվ էր մղվել, մյուսում՝ սրի ու դաշույնի: Թշնամու դիակույտերը փռվել էին ամենուր: Քրդական փոքրիկ նահանջը կարճ ժամանակում վերածվել էր խուճապահար փախուստի: Հաջորդ տարվա կռիվներում Անդոքի շրջանի այլ գյուղեր ևս օգնության էին հասել:
Դիրքերը վերագրաված հերոսուհի կանայք հերոս տղամարդկանց հետ միասին հետապնդել էին թշնամուն՝ նրան քշելով Սպիտակ սարից հարավ:
1894 թվականի օգոստոսին, ամիսներով կռվելով թշնամու գերազանց ուժերի դեմ, ռազմամթերքի սպառվելուց հետո նրանք շարունակել էին դիմադրել՝ քարեր գլորելով, որի հետևանքով թշնամին շատ զոհեր էր տվել, չէր կարողացել դիրքերը գրավել: Երբ թշնամին պաշարել էր հայ կանանց, և փախուստը անհնարին էր դարձել, Շաքեն բարձրացել էր քարաժայռի վրա և խոսքն ուղղելով իր քույրերին՝ հորդորել էր լավ մտածել և գերի չընկնել քրդերի ձեռքը կամ ընդունել մահմեդական պիղծ օրենքները: Նա, վեհ գաղափարի համար նահատակվողի պայծառ ժպիտը դեմքին, զավակին կրծքին սեղմած, ժայռից իրեն նետել էր անհատակ անդունդը: Նրան հետևել էին հինգ տասնյակի հասնող կանայք: Ահա թե ինչպես է նկարագրում Ա. Նազարբեկը (Լեռնենց) հերոսուհի շենիկցի Շաքեի նահատակությունն իր «Սասուն» պոեմում.
«Նետում է իրան այն ժայռից անդունդ՝
Սեղմած իր գրկին իր սիրոյ ծնունդ,
Եւ մէկն է, միւսը, երրորդն, յիսուն կին,
Որ հետեւում են նրա սուրբ քայլին…
Ո՛չ, դրանք, այդ կիներն մահկանացու չեն,
Դիցուհիներն են սրբացած արդէն»:
Սասունցի շատ կանայք հետևեցին Շաքեի արարքին նաև 1904 թվականի Սասունի ինքնապաշտպանության օրերին և 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ: Նրա օրինակին հետևելով՝ քրդերի ձեռքը չընկնելու համար Շենիկ գյուղի մոտով հոսող Գելի գետն էին իրենց նետել Շաքեի երկու գեղատեսիլ քույրերը՝ Հեզիկն ու Ալթունը: Զայրացած քրդերը փորձել էին անգամ ծաղրուծանակի ենթարկել քույրերի դիակները:
Շաքեի մյուս քույրը՝ Շուշանը, նույնպես հերոսուհի էր իր քույրերի նման: Սիմոն պապիս վկայությամբ՝ 1902 թվականին Տիգրանակերտ գնալու ճանապարհին, երբ 5 զինված քրդեր հարձակվել են նրա վրա, վերջինս խլել է նրանցից մեկի զենքը, տապալել է նրան գետնին, սպանել է մեկին, երկրորդին դաշունահարել, ինչը տեսնելով՝ մյուսները փախուստի են դիմել: Պատահական չէ, որ հերոսուհու դիմապատկերը քանդակել են Տիգրանակերտի պարիսպների վրա, որը, պապիս վկայությամբ, իր մոր՝ անվեհեր ֆիդայի Հռիփսիմեի (Ռպե) հետ ամեն այցելության ժամանակ իրենք դիտել են մեծ հպարտությամբ: Այդ անվեհեր հայուհին նահատակվել է 1904 թվականի Սասունի ինքնապաշտպանական մարտերում:
Հայ հայդուկային պայքարի հայտնի դեմքերից է Աննա Մայրիկը՝ ազգային և պետական նշանավոր գործիչ Կարո Սասունու մայրը: Նա ազգային–ազատագրական պայքարի շրջանում Խուլբի ամբողջ շրջանի, մասնավորապես՝ Ահրոնք գյուղի ոգին էր: Աննա Մայրիկը Սասնա լեռնաշխարհի այն խիզախ կանանցից էր, որն իր ողջ կյանքը նվիրաբերել էր ժողովրդի ազատագրական պայքարին՝ մասնակցելով Սասունի 1894, 1904 թվականների ինքնապաշտպանական մարտերին: Այդ հերոսուհին իր ազդեցությունն ուներ լեռնաշխարհի բնակչության վրա. նրան հաշվի էին առնում ոչ միայն հայ իշխաններն ու քուրդ աշիրեթապետերը, այլև շրջանի թուրք կառավարիչները:
Մանկոյենց Աննա Մայրիկը ծնվել է 1847 թվականին Խուլբի շրջանի Ահրոնք գյուղում: Նա նշանավոր հայդուկապետ և հայ ազատագրական շարժման ականավոր ու առաջատար գործիչ Հրայրի (Արմենակ Ղազարյան) ազգականն էր:
Աննան Ահրոնքի իշխաններից Խաչեենց միակ աղջիկն էր, և նա բոլորի ուշադրությունը գրավել էր իր խելացիությամբ, կամքի ուժով և նախաձեռնությամբ: 1865 թվականին ամուսնացել է Մակոյենց իշխանական տան Ղազարի հետ:
Ժամանակակիցների վկայությամբ՝ 1875-1915 թվականների ընթացքում Աննա Մայրիկն առնչություն ուներ Տարոնի բոլոր վանահայրերի, աշիրեթապետերի և թուրք կառավարիչների հետ: Աննան իր զորավոր նկարագրով, համարձակախոսությամբ և խելքով գրավել էր բոլորի ուշադրությունը: Հերոսուհու իսկական տիպար էր նա: 1880-1890-ական թվականներին բարենորոգումների հարցի շուրջ հաճախ քննարկումներ ու վեճեր է ունեցել Վարդան վարդապետի, Մ. Տամատյանի, հոգևոր առաջնորդ Ն. Խարախանյանի և նշանավոր այլ այրերի հետ:
1880 թվականին հայերը հրաժարվել էին քուրդ աղային վճարել «10 փարա» կոչվող հակաօրինական տուրքը, որի համար Միրզա աղան խաբեությամբ սպանել էր Ահրոնքի իշխան Գրգոյին: Աննա Մայրիկի կոչով և գլխավորությամբ ոտքի ելած ահրոնքցիները հարձակվել էին Միրզա աղայի տան վրա և այրել ու հողին էին հավասարեցրել այն: Թեև Միրզա աղան, խույս տալով հայերի վրեժխնդրությունից, փախել էր լեռները, սակայն հայերի բարձրացրած աղմուկն ու ըմբոստությունն այնքան ուժեղ ու ազդու էին եղել, որ թուրքական իշխանությունները ստիպված բանտարկել և կախաղան էին հանել նրան:
Այս դեպքերից հետո Աննա Մայրիկը դարձել էր պատմական անձնավորություն. նրա մասին տարբեր պատմություններ էին շրջանառվում և նույնիսկ երգեր հյուսվում: «Իշխան Գրգոյի մահէն ետք, Մանկոյենց տունն էր գիւղին առաջաւորը եւ ամենահարուստը: Երբ Միացեալ Ընկերութիւնը Տալւորիկի եւ Խուլբի շրջաններուն համար Ահրոնքի մէջ դպրոց բացաւ, Աննա Մայրիկը իր վրայ առաւ ուսուցիչները եւ դուրսէն եկած աշակերտները տեղաւորելու գործը եւ գիւղացի կիները կազմակերպեց՝ անոնց կարիքները հոգալու համար: Մեծ նուիրում ունէր կրթական գործին հանդէպ եւ ուսումը հրամայական պահանջ կը նկատեր հայկական գիւղերուն համար:
Մեծ հետաքրքրությամբ կը հետեւեր ազգային կեանքին, կը մտածէր պատահող դէպքերուն մասին եւ իր առողջ դատողութեամբ կը վերլուծէր զանոնք»,- գրում է Կ. Սասունին:
Թուրքական բարենորոգումները անհասկանալի էին Աննա Մայրիկի համար:
1894 թվականին՝ Սասունի ապստամբության պարտությունից հետո, երբ իշխան Գրգոն սպանվել էր, իսկ Հրայրը ձերբակալվել, Աննա Մայրիկն անմիջապես գործի էր անցել: Խուլբի հայ գյուղերի մեջ տեղավորել էր նահանջող ուժերին, հալածվող ընտանիքներին ու որբերին, և այդ ձմեռ ինքն անձամբ էր հոգացել նրանց կարիքները:
Աննա Մայրիկը վայելում էր բոլորի վստահությունը, մեծապես հարգված ու սիրված էր իր վճռականության, քաջության ու հանդգնության շնորհիվ: Հնարավոր չէր ընկճել նրա ազատ, հպարտ, ըմբոստ ոգին: Այդ հայրենասեր կնոջը բնութագրող փաստարկներ և վկայություններ է բերում Կարո Սասունին: «1894 դէպքերուն ընթացքին,- գրում է նա,- ահրոնքցիներ լուր առին, թէ զինուած քիւրտերու խումբ մը Ահրոնքէն պիտի անցնէր եւ ճաշի պիտի մնար: Աննա Մայրիկ կարգադրեց, որ գիւղը ամբողջովին դատարկուի, եւ ժողովուրդը լեռ ապաստանի: Գիւղի մէջ ինք եւ իրեն օգնական 20 կիներ մնացին միայն:
Հիւրասիրութեան պատշաճ պատրաստութիւնները տէսնելէ ետք, երբ զինեալ քիւրտերու խումբը հասաւ, առանձին, առանց երբեք ընկրկելու, Մայրիկը դիմաւորեց զանոնք: Ճաշէն ետք, երբ տեսաւ, որ զինուորներէն մէկը թանի պղինձէ թասը գաղտագողի ծոցը կը դնէր, օձիքէն բռնեց, եւ երբ քիւրտը գողութիւնը ուրացաւ, Աննա Մայրիկ շառաչուն ապտակ մը զարկաւ եւ աշիրէթապետին խիստ դիտողութիւն ըրաւ:
Քիւրտ պարագլուխը յանկարծակիի եկաւ հայ կնոջ ցուցաբերած այս վարմունքէն եւ հիացումով դիտեց հպարտ հայուհիին իրաւունքի պաշտպանութեան կորովի կեցուածքը:
Ուրիշ առիթով մը Բիթլիսի նահանգապետը Ահրոնք եկավ՝ տեղացի իշխանները կալանաւորելու համար: Իջեւանեցաւ Աննա Մայրիկենց տունը եւ առանց այլեւայլի շղթայի զարնել տուաւ իշխանները: Հիւրասիրութեան աւանդական օրէնքները յարգելէ եւ ընթրիքի սպասարկութիւնը կատարելէ ետք Աննա Մայրիկ հիւրերուն խնդրեց, որ ազատ արձակէ իշխանները, բայց երբ նահանգապետը իրեն պատասխան անգամ չտուաւ, կատղած հայուհին վրան խոյացավ, համրիչը ձեռքէն քաշեց, կտոր–կտոր ըրաւ, նետեց թուրքին երեսին եւ ապա օճախէն բոցավառ փայտ մը խլելով՝ պատրաստուեցաւ կրակի տալ վրայի շարուած վերմակները: Իր արժանապատութիւնը բարձր պահելու համար կը նախընտրեր իր տունը այրել, քան թէ ընկրկիլ անարգ թշնամիին դիմաց: Սակայն ամուսինը՝ իշխան Ղազար, միջամտեց, եւ կինը, ամուսինին հնազանդելով, ակամայ հեռացաւ: Մայրիկին բուռն բողոքը բարերար ազդեցութիւն ունեցաւ. իշխանները ազատեցան, եւ յաջորդ օրն իսկ նահանգապետը գիւղէն հեռացաւ»:
«Աննա Մայրիկ նշանաւոր էր նաեւ գաղտնի գործեր գլուխ հանելու տեսակէտէն,- մեկ այլ տեղում գրում է Կ. Սասունին,- առասպելական էին վտանգի րոպէին իր վճռականութիւնն ու քաջութիւնը: Հրայր Դժոխքը յաճախ իրեն կը վստահէր գաղտնի գործերը, ինչպէս, օրինակ, Խուլբի շրջանին, պատուհաս Շաւէշ Չաւուշի մաքրագործումը:
Բիթլիսի բանտէն ազատելէ ետք, Հրայր Ահրոնք եկաւ եւ Աննա Մայրիկին հետ երկարօրէն խորհրդակցեցաւ: Հրայրի մեկնումէն ետք, Մայրիկը զէնքի եւ կապարի փոխադրութեան իր երկու գործակատարները` Մանոն եւ Առքոն, կանչեց եւ իր թելադրութիւները ըրաւ: Անոնց անվրէպ գնդակն էր, որ Շաւէշ Չաւուշ տեղն ու տեղը սպաննեց»:
Խորագիր՝ #21 (1192) 31.05.2017 – 06.06.2017, Պատմության էջերից