Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲՌՆԻ ԻՍԼԱՄԱՑԱԾ ՀԱՅ ԿԱՆԱՆՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ



ԲՌՆԻ ԻՍԼԱՄԱՑԱԾ ՀԱՅ ԿԱՆԱՆՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸՍկիզբը՝ նախորդ համարում

 

Զեյնեի «ծախու» կյանքը

Մարաշցիների` Դեր Զորի շարասյունից Զեյնեի պատմությունը ևս նման է բոլոր հայ կանանց պատմություններին։ Կին միջնորդ Հեջիե Մերդինին Զեյնեին վաճառում է Մարդինի Մազըդաղը գավառի Փիրան գյուղի բնակիչ Էմինե Մըսթոյին։ Զեյնեն, օգտվելով այն հանգամանքից, որ գյուղացիները թուրքերեն չգիտեն, նախ որդուն՝ Ալիին, թուրքերեն է սովորեցնում, իսկ հետո պատմում իր ապրածները։ Որդուն պատմում է, որ օրեր շարունակ սովածծարավ մնացած քարավանի մահվան քայլերթից հետո իր աչքի առաջ սպանել են ընտանիքը, երեխաներին` բռնաբարել, գողացել են անգամ արնոտ հագուստները, որից հետո վերջ է տալիս իր դժնդակ կյանքին։

 

Թուրքիայի առաջին կին գյուղապետը՝ Ֆաթման

Նախկինում անհայտ Ֆաթման Դեր Զորի Մարաշից հավաքված շարասյան մեջ էր, նաև` այն խմբի անդամներից, որ երբ Մարդինի մոտակայքում մի շարքով շարել ու հարցրել էին՝ «Կա՛մ իսլամ, կա՛մ մահ», «Մա՛հ» էր պատասխանել։ Գնդակահարվելով՝ գետնին փռվածների մեջ էր նաև Ֆաթման՝ իր բաժին փամփուշտն ստացած, և երբ նայում ես, թե ինչերի միջով է անցել, չգիտես, արդյոք բախտավորությո՞ւն է, որ հաջողվել է ողջ մնալ։ Ֆաթման ամբողջ օրը մահացածների մեջ է մնում` անգիտակից վիճակում, և ուշքի է գալիս միայն երեկոյան` դիակների կողոպտիչների աղմուկից, սակայն վախենում է օգնություն խնդրել։ Տեսնելով, որ մի կին փորձում է իր արնոտ հագուստը հանել, Ֆաթման ձեռքը բերանին է մոտեցնում և հայացքով աղերսում, որ որևէ մեկին չասի, իսկ կինը Ֆաթմային բերանքսիվայր է շրջում՝ այս կերպ տեսանելի չդարձնելով նրա երեսը։

 

Արյունոտ հագուստներով վաճառվող կանայք

Երբ մթնում է, Ֆաթման դիակներն իր վրայից հեռացնելով` սկսում է քայլել։ Թեև ժամեր էին անցել, բայց կողոպտիչները դեռ իրենց գործն էին անում, և Ֆաթման դիակների կողոպտիչների կին միջնորդ Հեջիե Մերդինիի ցանցն է ընկնում։ Ցեղասպանության միջոցով նոր մասնագիտություն ձեռք բերած կին միջնորդ Հեջիե Մերդինիի կանանց խմբի հետ նրանք 20 օր ապրում են` մոտակայքում գտնվող մի տանը խցկված։ Այս տանը, որ ոչ մի օր հաճախորդի պակաս չուներ, կանայք իրենց իսկ վրա չորացող արնոտ հագուստներով էին վաճառվում, իսկ Ֆաթմային, այստեղիցայնտեղից պարտք վերցնելով, գնում են ու Թեզնե գյուղի ամենաանպիտան տղամարդու՝ Էբոյի հետ ամուսնացնում։ Ահա այսպիսի կյանք էր բաժին ընկել Ֆաթմային, որը բավական խելացի էր:

 

Թուրքերեն միայն նա գիտեր

Էբոյի շղթաներին գամվելով՝ գյուղի ճանապարհը բռնած Ֆաթման մի այնպիսի վայրում է հայտնվում, որտեղ հայեր ու քրդեր են բնակվել, սակայն հայերը հանկարծակի վերացել են, և հայերեն այս գյուղում բոլորովին չէին խոսում, իսկ ինքն էլ այդ լեզուն չգիտեր։ Տարիներ անց նոր Թուրքիայի հռչակմամբ գյուղերում ռեիսությունը (գյուղապետությունը) պարտադիր է դառնում, և զինվորները դռնեդուռ շրջելով` գյուղապետի թեկնածու էին փնտրում, բայց, ինչ արած, որ Մարդինի Մազըդաղը շրջանում դեռ ոչ ոք թուրքերեն չգիտեր. մինչդեռ Ֆաթման անցած տարիների ընթացքում նաև քրդերեն էր սովորել։

Ֆաթման միակն էր, որը թուրքերեն գիտեր և այսպիսով շրջակայքի գյուղերի հետ միասին 7 գյուղի, միևնույն ժամանակ՝ Թուրքիայի պատմության առաջին կին գյուղապետն էր։ Չնայած բոլոր ճնշումներին՝ Ֆաթման, հայտնի չդառնալու նպատակով, բացի իր անունից, կրոնի և մշակույթի հարցում որևէ զիջման չգնաց։ Միևնույն ժամանակ, տարիներ անց իրականացան նաև նրա խոսքերը, որ հաճախ էր կրկնում քրդերին. «Մենք նախաճաշն էինք, իսկ դուք ճաշն եք դառնալու»: Եթե անգամ դարեր էլ անցնեն, միևնույն է, այս խոսքերի հեղինակ Ֆաթման երբեք չի դադարի գյուղի հրկիզումը կանգնեցնող վճռորոշ անունը լինել, իր տանը քրդական շարժման անդամների թաքցնել։

 

Ինքն իրեն հանկարծ մահմեդական կնոջ դերում գտած Հավեն

Հավեի պատմությունն էլ իրենց սեփական հողում օտարական դարձածների պատմություններից մեկն է։ Էգոյի փոքր դուստր Հավեն տեսել էր, թե ինչպես էին Մազըդաղի Փիրան գյուղում սպանել իր հորը, մորն ու ազգականներին, որից հետո՝ որպես երրորդ կին, պարտադրված ամուսնացել էր Շեյխ Օմերի հետ, որը ջարդից առաջ հորը խոստացել էր՝ «Ես նրան տեր կկանգնեմ»: Այսպիսով՝ Հավեն մի ակնթարթում կրոնական պարտականություններ կատարող չարշաֆով կին էր դարձել։

Կարծես՝ բավական չէր, որ մանկահասակ տարիքում էր ամուսնացել, Հավեն դեռ ստիպված էր նաև նամազ անել, պահք պահել, իսկ 15 տարեկանում ունեցած իր  առաջնեկ որդուն կրոնական կրթության տալ։ Այն, որ Հավեն հայ էր, կարծես «սև բծի» նման անցյալում թողած գաղտնիք էր ամբողջ գյուղում, իսկ ինքը՝ Հավեն, ստիպված էր իր երեք որդիներին մեծացնել որպես Ղուրանն անգիր արած, մզկիթում քարոզ կարդացող հոգևորականներ:

 

Թարգմանեց ԱՆԱՀԻՏ ՔԱՐՏԱՇՅԱՆԸ

Խորագիր՝ #21 (1192) 31.05.2017 – 06.06.2017, Պատմության էջերից


31/05/2017