Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱԿԱՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ



Սկիզբը` նախորդ համարում

Հիշեցման է արժանի, որ կենցաղային սպասարկման սենյակներն արգելվում է կողպել, իսկ արդուկների վերաբերյալ` դրանք պետք է դրվեն չայրվող եւ անջերմահաղորդ տակդիրների վրա:

Քիչ չեն դեպքերը, երբ ստորաբաժանումների կողմից ուսումնական կենտրոններում հակահրդեհային անվտանգության կանոնները չպահպանելը եւս հանգեցնում են հնարավոր հրդեհների: Անտառներում տեղակայվելիս, ինչպես նաեւ ուսումնական եւ մարտական հրաձգությունների ժամանակ պետք է զգուշանալ հրդեհներից:

Անվտանգության տեսանկյունից խորհուրդ է տրվում հրդեհների բռնկման հնարավորությունը բացառելու համար խստորեն կատարել հակահրդեհային անվտանգության հետեւյալ միջոցառումները.

♦ վրանները տեղակայել ճակատով դեպի քամիների գերիշխող ուղղությունը,

♦ կից վրանների կողեզրերի միջեւ հեռավորությունը սահմանել. ճակատով` ոչ պակաս 2,5մ, խորքով` ոչ պակաս 5մ,

♦ արգելել վրանները մոմով կամ ճրագով լուսավորելը, փոխարենն օգտագործել «Չղջիկ նավթալամպեր», մարտկոցավոր լապտերներ,

♦ նավթալամպերով կամ լապտերներով վրանները լուսավորելիս վառելիքալցավորումը պետք է կատարել վրանից դուրս,

♦ լուսավորման համար օգտագործվող կերոսինը պահել վրանից դուրս, միայն մետաղյա տարաներում,

♦ արգելել վրաններում ծխելը,

♦ ծխելու համար հատկացնել վրաններից դուրս 15 մ հեռավորության տեղեր, որոնք մաքրվում են մամուռից եւ փշատերեւներից մինչեւ ապարաշերտին հասնելը, իսկ հարթակի կենտրոնում դրվում է ջրով լցված ծխաման,

♦ վրանների էլեկտրալուսավորվածության դեպքում պետք է օգտվել փողրակավոր հաղորդալարերից:

♦ չի թույլատրվում կոճկել վրանի ելքի բոլոր կոճակները,

♦ ներսում, մահճակալներ տեղադրելիս, պետք է թողնել միջանկյալ լայնական ու երկայնական անցումներ, ինչպես նաեւ ազատ տարածություն աղյուսե վառարաններից` 0,7մ-ից, մետաղե վառարաններից` 1մ-ից ոչ պակաս,

♦ վրաններում նշանակել գիշերային հերթապահ վառարանապաններ: Նրանք պարտավոր են մշտապես գտնվել վառվող վառարանի մոտ` արթուն,

♦ դաշտային խոհանոցները պետք է տեղադրվեն փշատերեւ ծառերից առնվազն 10մ, վրաններից` 25մ հեռու: Խոհանոցային վառարանների մոխիրը պետք է հավաքվի նախատեսված փոսերում, ողողվի ջրով եւ ծածկվի հողով,

♦ տեխնիկան կայանվում է վրաններից եւ կառույցներից շուրջ 50 մ հեռավորության վրա, որի շուրջբոլորը կառուցվում է 2մ լայնությամբ հակահրդեհային շերտ,

♦ հրդեհը մարելու նպատակով ստեղծվում է ջրի անհրաժեշտ պաշար:

Հրդեհների կանխման նպատակով ոչ պակաս ուշադրություն է պահանջվում դաշտային հավաքակայաններում, որտեղ հրդեհների բռնկումը կանխելու համար խստագույնս արգելվում է.

♦ վառելիքով լիցքավորել կայանատեղերում գտնվող մեքենաները, պահել անսարք վառելիքաբաքերով եւ վառելիքամուղներով մեքենաները,

♦ բացի մեքենաների եւ պահեստային բաքերում եղածներից, կայանատեղերում պահել վառելիքն ու քսայուղերը,

♦ կերոսինով կամ բենզինով լվանալ եւ մաքրել հագուստը, մեքենաներում պահել կողմնակի առարկաներ, յուղոտված լաթեր եւ արտահագուստ,

♦ մեքենաների կայանատեղերում բաքերը լիցքավորելիս օգտագործել հրավտանգ ջեռուցիչներ, բաց կրակ կամ «Չղջիկ» լապտերներ,

♦ ամուր փակել կայանատեղի շինությունների դռներն ու դարպասները, այդ շինություններում կառուցել պահեստներ եւ արհեստանոցներ:

Այս պահանջները կարելի է ամրագրել տեղերում, համապատասխան հրահանգներում` ճամբարային հավաքների նախապատրաստվելիս:

Տարահանման համար մեծ նշանակություն ունի տեխնիկայի ճիշտ դասավորվածությունը: Շինություններում եւ ծածկի տակ մեքենաները դասավորում են երկու շարքով` դիմային մասով դեպի դարպասները: Մեքենաների միջեւ, ինչպես նաեւ պատի ու պատին զուգահեռ կանգնած մեքենայի միջեւ հեռավորությունը պետք է լինի 0,8մ, իսկ շարքում կանգնած մեքենաների միջեւ` 1մ:

Վառելիքալիցքավորման ժամանակ անհրաժեշտ է պահպանել հետեւյալ պահանջները. լցավորելու համար մեքենան կանգնեցնում են լցավորման աշտարակից առնվազն 2մ հեռավորության վրա, լիցքավորվող մեքենաների միջեւ հեռավորությունը պետք է լինի 5մ-ից ոչ պակաս: Մեքենան լիցքավորելու ժամանակ շարժիչն անջատում են: Եթե լիցքավորվող մեքենայի վրա վառելիք է թափվել, ապա շարժիչը չի կարելի գործարկել մինչեւ մեքենայի մակերեւույթից չմաքրվի վառելիքի հետքը:

Զորամասի անձնակազմի հակահրդեհային պատրաստության նպատակն է զինծառայողներին ծանոթացնել հրդեհների կանխման միջոցառումներին, հրդեհամարիչ միջոցների հետ վարվելու կանոններին եւ հրդեհի ժամանակ կատարվող գործնական քայլերին: Հակահրդեհային պատրաստության պարապմունքներ անցկացնում են գնդի բոլոր ստորաբաժանումները: Անձնակազմի հետ անցկացվում են «Հակահրդեհային պատրաստություն» առարկայի պլանային պարապմունքներ, հաշվարկամեթոդական սկզբունքով հրշեջ-մարտավարական վարժություններ եւ պարապմունքներ, հակահրդեհային միջոցառումներին նվիրված ուսուցողական կինոցուցադրումներ, հրահանգավորումներ, դասախոսություններ, զեկույցներ, զրույցներ, պատրաստվում են հակահրդեհային անկյուններ, ցուցափեղկեր, ստորաբաժանումները ապահովում են հակահրդեհային անվտանգության միջոցառումներին վերաբերող հրահանգներով, հուշագրերով, պլակատներով, անվտանգության նշաններով եւ այլն:

Անձնակազմի հետ պարապմունքները, որպես կանոն, անցկացնում են ստորաբաժանումների հրամանատարները, իսկ սպայական կազմի եւ ստորաբաժանումների ավագների հետ` զորամասի կամ կայազորի հակահրդեհային պաշտպանության եւ փրկարարական աշխատանքների ծառայության պետը:

Քանի որ հակահրդեհային պաշտպանությունը ստուգվում ու գնահատվում է «Համազորային կանոնադրություններ» առարկայի համատեքստում, ուստի զորքերի ծառայության պլանային ստուգումներին /համալիր/ պետք է անպայման ստուգվի հակահրդեհային պաշտպանության տեսական եւ գործնական ուսուցման ընթացքը, ինչպես նաեւ հակահրդեհային պահանջների կատարումը զորամասում:

Զորամասերին հրշեջ գույքով եւ սարքավորումներով, որպես կանոն, ապահովում են բնակշահագործման ծառայությունները, դրանք կայազորային «կիսատ-պռատ» ԲՇՄ-ներն են, որ պետք է համապատասխան ՀԱՅՏ-եր ներկայացնեն սպառազինության վարչություն եւ ստանալով անհրաժեշտ գույք` բաշխեն կայազորի տարածքի զորամասերին: Զորամասում գտնվող հրշեջ բոլոր սարքավորումները տրամադրվում են առանձին ստորաբաժանումներին, իսկ ստորաբաժանումներում եղածները՝ ենթակա շինություններին եւ հաշվառվում են ընդհանուր գույքացուցակում: Ստորաբաժանումների հրամանատարներն ու օբյեկտների պետերը պատասխանատու են ամրագրված հրշեջ սարքավորումների եւ դրանց պարունակության պահպանման համար: Հրշեջ սարքավորումները պետք է մշտապես պատրաստ լինել անհրաժեշտ գործողություններ կատարելու, այլ նպատակների համար հրշեջ գույքի օգտագործումը կտրականապես արգելվում է:

Ստորաբաժանումներում եւ օբյեկտներում օգտագործվում են առաջնային հրդեհմարիչ միջոցներ: Առաջնային հրդեհմարիչ միջոցներ են հանդիսանում` կրակմարիչները, ջրով լցված տակառները, ավազը, ազբեստե ծածկոցները, դույլերն ու հրշեջ գործիքները:

Կրակմարիչները մշտապես պետք է լինեն սարքին վիճակում եւ գործողություններին պատրաստ: Յուրաքանչյուր կրակմարիչի տրվում է կարգահամար: Այն սպիտակ ներկով գրվում է կրակմարիչի իրանին` գործարանային պիտակից 5սմ ներքեւ: Նշված կարգահամարներով որոշվում է կրակմարիչների տեխնիկական վիճակը:

Հակահրդեհային գործողություններին մշտապես պատրաստ լինելու համար կրակմարիչներում պարունակության առկայությունն ստուգելու համար, յուրաքանչյուր կրակմարիչ, անկախ տեսակից, պետք է կապարակնքված լինի եւ ունենա 3 x 5սմ չափսի պիտակ, որի վրա նշված լինի լիցքավորման (վերալիցքավորման) անսաթիվը: Շինությունների ներսում կրակմարիչները պատերից կախվում են շինության հատակից 1.5մ բարձրության վրա: Փրփրային կրակմարիչները թույլատրվում է տեղադրել հատուկ տակդիրների վրա:

Խիստ կարեւոր է իմանալ, թե ինչ է պարունակում իր մեջ կրակմարիչը, ինչ կարգի կրակների մարման համար է այն նախատեսված:

Ձեռքի կրակմարիչները հրդեհի բռնկման սկզբնական փուլում բոցը մարելու հուսալի միջոց են: Դրանք լինում են քիմիական, փորփրային, օդափրփրային, ածխաթթվային, ածխաթթվա-բրոմէթիլային եւ փոշելից: Զորամասերում օգտագործվող մի քանի կրակմարիչների վերաբերյալ տվյալներ կներկայացվեն ստորեւ, հաշվի առնելով, որ զորային օղակում այդ մասին առանձին տեղեկատվական ձեռնարկ դեռեւս չկա:

«ՔՓԿ-10» քիմիական փրփրային կրակմարիչը նախատեսված է պինդ նյութերի, ինչպես նաեւ զանազան վառվող հեղուկների հրդեհի օջախները մարելու համար, բացառությամբ լարման տակ գտնվող էլեկտրակայանքների եւ էլեկտրական սարքերի: Դրանք արդյունավետ են աշխատում հատկապես 5-450C ջերմաստիճանում: Կրակմարիչների պարունակության որակն անհրաժեշտ է ստուգել տարեկան առնվազն երկու անգամ` գարնանը եւ աշնանը:

«ՕՓԿ-5» եւ «ՕՓԿ-10» օդափրփրային կրակմարիչները նախատեսված են զանազան նյութերի հրդեհային բռնկումները մարելու համար, բացառությամբ ալկալիական նյութերի, լարման տակ գտնվող էլեկտրակայանքների եւ էլեկտրական սարքերի: Այդ կրակմարիչները արդյունավետ են աշխատում 5-500C ջերմաստիճանում: Դրանց կրակմարման արդյունավետությունը 2,5 անգամ բարձր է քիմիական փորփրային կրակմարիչի արդյունավետությունից` նույն տարողության դեպքում:

Ձմեռային պայմաններում դրանց պահպանությունը եւ անխափան աշխատանքն ապահովելու համար շենքերից դուրս գտնվող կրակմարիչները զորամասի հրամանատարի հրամանով պետք է տեղափոխել մոտակա ջեռուցվող շինություններ, իսկ պահելու տեղը նշել «Կրակմարիչների պահոց» ցուցատախտակով:

«ԱԿ-2», «ԱԿ-5», «ԱԿ-8» ածխաթթվային կրակմարիչները նախատեսված են մարտական ու տրանսպորտային մեքենաների շարժիչների ու վառելիքաբաքերի, զանազան վառվող հեղուկների, լարման տակ գտնվող էլեկտրակայանքների եւ էլեկտրական սարքավորումների, արժեքավոր փաստաթղթերի եւ վառվող նյութերի հրդեհային բռնկումները մարելու համար: Դրանք 2, 5, 8լ տարողության պողպատե բալոններն են: Ածխաթթվային կրակմարիչները արդյունավետ են 250C ջերմաստիճանում: Ավելի ցածր ջերմաստիճանի դեպքում ճնշումը բալոններում ընկնում է, եւ ածխաթթու գազի հոսքը դանդաղում:

«ԱԲԿ-3» եւ «ԱԲԿ-7» ածխաթթվաբրոմէթիլային կրակմարիչները նախատեսված են զանազան վառվող նյութեր, մարմրող պինդ նյութեր (բամբակ, տեքստիլ, մեկուսիչ նյութեր եւ այլն), ինչպես նաեւ բոցավառվող, մինչեւ 380Վ լարման տակ գտնվող էլեկտրակայանքները, էլեկտրական սարքավորումները եւ բոցավառվելիս՝ հրդեհի ոչ մեծ օջախները մարելու համար: Այս տեսակի կրակմարիչները արդյունավետ են մարում -600C մինչեւ +550C ջերմաստիճանում:

(շարունակելի)

Ա.ՊԵՏՐՈՍՅԱՆ
գնդապետ
ԶՈՒ ԳՇ զորքերի ծառայության եւ ԶԾԱԱ
վարչության պետի տեղակալ

Խորագիր՝ #29 (894) 27.07.2011 – 3.08.2011, Ազգային բանակ


03/08/2011