Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՐԱՇԱԳՈՐԾ ԵՐՐՈՐԴՈՒԹՅՈՒՆ. ՀՈՒՅՍ, ՀԱՎԱՏ ԵՎ ՍԵՐ…



ՀՐԱՇԱԳՈՐԾ  ԵՐՐՈՐԴՈՒԹՅՈՒՆ.  ՀՈՒՅՍ, ՀԱՎԱՏ ԵՎ ՍԵՐ...«Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին». ահա հասարակական մի աննախադեպ ձեռնարկ, որով ճիշտ ժամանակին երիտասարդների այս  խումբը սեփական նախաձեռնությամբ ու սրտի կանչով օգնության ձեռք մեկնեց բանակին, փորձեց և փորձում է հոգեբանական և նյութական աջակցություն ցույց տալ բանակում վիրավորված մեր զինվորներին,  ոտքի կանգնեցնելու նրանց:  Առավել մեծ հարգանքի տուրք մեր կռված, վիրավորված տղաներին՝ հնարավոր չէ պատկերացնել: Նրանք գործով են ապացուցում, որ պատրաստ են իրենց ժամանակը, գիտելիքներն ու հմտությունները, իրենց  դրական էներգիան ներդնելու վիրավոր  զինվորների՝  կյանքի հանդեպ հավատն ու հույսը վերագտնելու գործին: Իսկ մեր խիզախ տղաները, որ  չեն հանձնվել այնտեղ՝ սահմանին, այժմ էլ չեն հանձվում՝ իրենց կողքին այսպիսի հոգատարություն, սեր, նեցուկ զգալով, ավելի մեծ ուժով են պայքարում իրենց բաժին հասած դժվարությունների դեմ՝ այս կռվում նույնպես հերոսաբար հաղթելու հաստատակամությամբ:

 

Ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին զինվորական հոսպիտալը ծանրաբեռնված էր. սահմանից շտապ բուժհաստատություն էին տեղափոխում վիրավոր զինվորականներին: Բժիշկվիրաբույժները, առանց ժամանակ կորցնելու, մեկը մյուսից բարդ վիրահատություններ էին անում` ծանր վիրավոր տղաների կյանքը փրկելու համար:  Այդ օրերին էր, որ երիտասարդ կինեզիստների մի խումբ սրտի կանչով սկսեց այցելել հոսպիտալ և հետաքրքրվել վիրավոր զինծառայողների կարիքներով, ուժերը ներածին չափ ներգրավեց ամենածանր վիճակում հայտնված վիրավորներին ծառայություններ մատուցելու գործում:

ՀՐԱՇԱԳՈՐԾ  ԵՐՐՈՐԴՈՒԹՅՈՒՆ.  ՀՈՒՅՍ, ՀԱՎԱՏ ԵՎ ՍԵՐ...«Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» հասարակական նախաձեռնության անդամ Հայկուհի Մինասյանի հետ հանդիպումս անընդհատ ձգձգվում էր. «Կներեք, հենց հիմա զինվորների հետ պաշտպանության նախարարություն ենք ուղևորվում», «Հիմա գնում ենք հոսպիտալ, ճանապարհին ենք», «Քանաքեռի հիվանդանոց ենք գնում…», նա պարզապես անորսալի էր թվում, մինչև այն պահը, երբ վերջապես հանդիպեցինք, ու իմ աչքով տեսա, թե որքան հագեցած է երիտասարդ աղջկա օրը: Մեր կարճատև զրույցի ընթացքում նրա հեռախոսը չէր լռում, դիմում էին զինհաշմանդամների հետ կապված ամենատարբեր խնդիրներով, օգնության առաջարկներով, և նա հընթացս փորձում էր պատասխանել, կարգադրություններ անել:

«Կարևորը՝ զինվորի ու նրա խնդիրների միջև պատուհան դառնալն է,- ասում է Հայկուհին,- Քառօրյա պատերազմից հետո մենք այցելում  էինք հոսպիտալ, հոգեբանի հետ գնահատում էինք զինհաշմանդամների հատուկ կարիքները: «Մենք» ասելով` նկատի ունեմ «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» նախաձեռնությունը և բոլոր այն սրտացավ մարդկանց, ովքեր հենց սկզբից կամ ընթացքում կամավոր ընդգրկվեցին այս աշխատանքներում: 

Վերականգնողական բուժումը միայն ֆիզիկական վերականգնում չէ. մենք միայն զինհաշմանդամի բուժման կամ սոցիալական խնդիրներով չէ, որ զբաղվում ենք, քանի որ վստահ ենք՝ ցանկացած ֆիզիկական վերականգնում նախ և առաջ այդ մարդու ներաշխարհում է սկսվում: Ուշադրության կենտրոնում պահելով վիրավոր զինվորին, զինհաշմանդամին`  բացի ֆիզիկական վերականգնողական աշխատանքներից, փորձում ենք լուծել նաև այլ կարգի կարևոր խնդիրներ.  ուսման խնդիրը՝ արհեստ լինի, համակարգչային ուսուցում, թե անգամ սպորտ. նա պետք է անպայման սոցիալիզացիայի շրջան անցնի, որևէ ոլորտում ինչոր կերպ ինքնադրսևորվի, ինտեգրվի հասարակության մեջ, իրեն պիտանի զգա: Եթե ընտանիքը ծանր սոցիալական վիճակում է, փորձում ենք եկամտի աղբյուրներ ստեղծել՝ սերմնացու, անասուններ հայթայթել ու տրամադրել»:

Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի նախաձեռնությամբ համալսարանի հարկի ներքո վերականգնողական կենտրոն է բացվում, որը բացառապես զինհաշմանդամներին պետք է ծառայի. բժշկական համալսարանի ողջ տեխնիկական և մասնագիտական ներուժն ու հզորությունը նախաձեռնության անդամներին է տրամադրված: Կենտրոնը պաշտոնապես  բացելու համար դրամահավաք է իրականացվում, որպեսզի որոշակի նորոգման աշխատանքներ կատարվեն, տարածքը հագեցվի ամենատարբեր վարժասարքերով ու տեխնիկայով:

ՀՐԱՇԱԳՈՐԾ  ԵՐՐՈՐԴՈՒԹՅՈՒՆ.  ՀՈՒՅՍ, ՀԱՎԱՏ ԵՎ ՍԵՐ...Կենտրոնի կարիքների համար պանիրն այժմ գնում են զինհաշմանդամի` Արկադի Մկրտչյանի ընտանիքից, որոնց անցյալ տարի կով էին տրամադրել: Խոզի միսն էլ մի ուրիշ զինհաշմանդամի ընտանիքից են գնում: «Խոսակցություններ կային, թե չեն պահի, կմորթեն անասունը: Դրանք լիովին անհիմն էին,- ասում է Հայկուհին,- զբաղվում ենք նաև զինհաշմանդամների տան կենցաղային պայմանների բարելավմամբ, քանի որ վատ սանհանգույցը կարող է վատթարացնել բուժում ընդունող հաշմանդամի վիճակը»:

Համալսարանական թիվ 1 կլինիկայում այժմ բուժում են ստանում 4 զինհաշմանդամներ, մեկն էլ շուտով կմիանա նրանց: Այստեղ  կինեզիստների իրենց խմբով աշխատում են Դավիթ Պարյանն ու Դավիթ Արսենյանը, հոգեբաններ, լոգոպեդներ, ասեղնաբույժ: Հրավիրվում են հանրապետության լավագույն մասնագետները:

«Զինհաշմանդամ Դանիել Դավթյանի  օրինակով երևում է, թե այս աշխատանքների շուտ սկսելը որքան կարևոր էր ու արդյունավետ,- շարունակում է Հայկուհին,- նա այժմ հանգիստ քայլում է, խոսում: Իսկ տարիներ առաջ նույնանման վիրավորում ստացած Արկադի Մկրտչյանի դեպքում աշխատանքները  շատ ավելի դժվար են ընթանում: Մեծ ջանքեր գործադրելով՝ այսօր նա ինքնուրույն կարողանում է աստիճաններով բարձրանալ և իջնել: Ամեն ինչ արվում է, որ տղան գոնե ձեռնափայտով կարողանա հանգիստ քայլել: Ապրիլյան պատերազմից սկսած՝ Դավիթներն ու նրանց ընկերներն են զբաղվում այս աշխատանքներով: Նրանք այսօր արդեն բժշկական համալսարանի աշխատակիցներ են,  փորձում են Հայաստանում զարգացնել վերականգնողական բժշկությունն ընդհանրապես, ինչպես նաև մեր տղաների կողքին լինել ու օր առաջ ոտքի հանել նրանց»:

ՀՐԱՇԱԳՈՐԾ  ԵՐՐՈՐԴՈՒԹՅՈՒՆ.  ՀՈՒՅՍ, ՀԱՎԱՏ ԵՎ ՍԵՐ...Դավիթները. այս ընդհանրական անունով են կոչում երիտասարդ կինեզիստներին:  «Դավիթների շնորհիվ», «Դավիթները գիտեն…», «Դավիթները թող ասեն…»:

Կինեզիստ Դավիթ Պարյանի խոսքերով՝ ապրիլյան այդ օրերին հոսպիտալում ռազմական բժիշկներն անասելի ծանր ռեժիմով էին աշխատում, հսկայական ջանքերով էր հաջողվում փրկել տղաների կյանքը, թեթևացնել նրանց վիճակը: Աշխատանքն այնքան շատ էր, որ վերականգնողական բուժում սկսելու մասին դեռ հնարավոր չէր մտածել: «Հոսպիտալ մեր այցի առաջին թե երկրորդ օրն էր,-հիշում է Դավիթը,- բոլորս  հուզված էինք, քանի որ շատ ծանր վիճակում տեսանք տղաներին: Մեր Դանիելի ոչ միայն գլխի, այլև մարմնի աջ կողմի տարբեր հատվածներում ծանր վնասվածքներ կայինշատ բաներ տեսանք, և ընկերներով որոշեցինք մեր մասնագիտական օգնությունն առաջարկել բժիշկներին: Մտածում էինք՝ արդյոք ռազմական բուժհիմնարկում մեզ նման հնարավորություն կտրվի՞: Բայց մեր նախաձեռնությունը ողջունեցին: Հատկապես տպավորվել է մի դրվագ. վերակենդանացման բաժնից նյարդավիրաբուժական բաժանմունք նոր տեղափոխված Դանիելի կողքին նստած՝ բացատրում էի նրա առողջացման  քայլերի հերթականությունը: Նա ինձ մի պահ ընդհատեց ու միանգամայն վստահ ձայնով ասաց.  «Դա՛վ ջան, ասա՛, լիարժեք վերականգնվելու համար ի՞նչ  պետք  է անեմ. ամեն ինչ կանեմՃիշտ է, մի ամիս էր մնացել զորացրվելուս, բայց ինձ համար կարևոր չէ, թե ինչ կարգավիճակով ինձ կզորացրեն` պիտանիության հարց կլինի՞, թե՞ ոչԿիսատ գործ ունեմ, պետք է հետ գնամ, գտնեմ իմ դիրքը, նորից վարեմ իմ տանկը: Ինձ ճանաչողները գիտեն, թե ինչքան եմ սիրում իմ տեխնիկան…»: Համատեղ աշխատանքի այս ամիսների ընթացքում իհարկե շատ ուրիշ դեպքեր կարող եմ հիշել, բայց նրա այդ խոսքի հնչերանգը երբեք չեմ մոռանա: Բոլոր առումներով մարտնչող է մեր տղան,- Դավիթը ջերմությամբ դառնում է  այդ պահին ասեղնաբուժության սեանս ստացող Դանիելին,- դու մի՛ լսի»:

Դանիելը շատ արագ է ապաքինվելու,- վստահեցնում է Հասմիկը, որն այդ պահին ասեղներ էր տեղադրում տղայի մարմնի վնասված հատվածներին:

Հասմիկ Դավթյանը 19 տարվա փորձառու ասեղնաբույժ է: Նախաձեռնության անդամները  լսել էին նրա անունը` որպես լավ մասնագետի, առաջարկել հանդիպել զինվորներին: «Եկա, տեսաու հայտնվեցի այս գործընթացի մեջ,- իր գործն ավարտելուց հետո պայծառ ժպիտով ասում է Հասմիկը,- էսպիսի տղաներին մեկ անգամ տեսնելուց հետո ուզում ես ամեն ինչ անել, որ նրանց լիարժեք կյանքի վերադարձնես: Երբ տեսա նրանց շարասյունըբոլորը երիտասարդ ու բոլորը սայլակների մեջահավոր տեսարան էր: Ինքս ինձ «ծրագրավորեցի»՝ պիտի հրաշք գործեմ, բոլորը պիտի քայլենՈւ ես հավատում եմ դրան: Իմ աշխատանքային պրակտիկայում շատ դեպքեր են եղել, որ ասել են` հնարավոր չէ, բայց ասեղնաբուժությունը հրաշքներ է գործել: Բացի այդ, այս պարագայում երիտասարդ օրգանիզմների հետ գործ ունենք, իսկ նրանց վերականգնվելու հնարավորություններն ավելի մեծ են:  Դեռ չեմ ուզում հստակ արդյունքների մասին խոսել, քանի որ մասնագիտական տեսանկյունից դա ճիշտ չի լինի, բայց արդեն զգալի առաջընթաց ունենք: Նյարդեր են արթնանումՆրանց շարասյունը ուրիշ կերպ պետք է առաջ գնա` առանց սայլակների` սեփական ոտքերի վրա հաստատուն քայլերով»: Այդ պահին սայլակի վրա բժշկուհուն է մոտենում Լաերտը, և մենք ընդհատում ենք խոսակցությունը. Հասմիկը կրկին գործի է անցնում:

ՀՐԱՇԱԳՈՐԾ  ԵՐՐՈՐԴՈՒԹՅՈՒՆ.  ՀՈՒՅՍ, ՀԱՎԱՏ ԵՎ ՍԵՐ...Անցյալ ամառ նախաձեռնության անդամները առողջապահության նախկին նախարարի հետ շրջել են Հայաստանի մարզերով, հարյուր զինհաշմանդամի են այցելել, տեսել են կենցաղային պայմանները, պարզել նրանց առաջնահերթ կարիքները, որպեսզի հեշտացնեն ոչ միայն ընտանիքի վիճակը, այլև համապատասխան պայմաններ ստեղծեն երիտասարդների ապաքինման համար:  «Այս տղաներին, որ հիմա այստեղ են, մեր այցերի արդյունքում ենք հայտնաբերել,- ասում է Հայկուհին,- այս պահին տարբեր կարիքներ ունեցող մոտ 200 շահառու ունենք՝ մեկի համար ուսումնական խնդիրն է առաջնահերթ, մյուսի համար՝ առողջականը, մեկինը սոցիալականն է, մյուսինը՝ գյուղատնտեսականը:

Այժմ հաջորդ քայլին ենք նախապատրաստվում: Քանի որ վերականգնողական կենտրոնում պայմանները դեռևս բավարար չեն բոլորին օգնելու համար, վերականգնողական աշխատանքների համար այցելելու ենք զինհաշմանդամների տները: Հուսով ենք, որ դրամահավաքի շնորհիվ, որն այժմ ընթացքի մեջ է, կենտրոնը կբացվի այս տարվա սեպտեմբեր ամսին, և մենք  հնարավորություն կունենանք ավելի մեծ թվով  զինհաշմանդամներ ընդունելու»:

Նախաձեռնության անդամները համոզված են, որ զինհաշմանդամներին  նաև աշխատելու, գումար վաստակելու  հնարավորություն պետք է տալ՝ արժանապատիվ կյանք վարելու համար: Այս  նպատակով վերջերս մեկնարկել է «Զինվորը զինվորի համար»   ծրագիրը:  Վիրավոր զինվորները և զինհաշմանդամները քողարկող ցանցահագուստ կգործեն: Երեք զինհաշմանդամի համար սա կդառնա նաև աշխատանքային ծրագիր` ամսական 50000 դրամ աշխատավարձով:  Սա նաև նրանց թերապիայի շատ կարևոր մասն է,  ինչպես նրանց շարժումների  վերականգնման տեսանկյունից, այնպես էլ՝ բարոյահոգեբանական: Թելերի ձեռքբերման, ներկման, դազգահների և այլ ծախսերի համար վճարել են բարեգործներ ԱՄՆից: Աշխատավարձային ֆոնդը հոգալու են Սինոփսիս Արմենիա ու Իսնթիգեյթ ընկերությունների  աշխատակիցները:

Առաջին քողարկող ցանցահագուստը: Հագուստը գործել են վիրավոր զինվորները՝ սահմանին կանգնած իրենց ընկերների համար:

Հրաչյա Շալջյանը, որ բժշկական համալսարանի նախկին շրջանավարտներից է և Գերմանիայում 20 տարի է, ինչ ղեկավարում է կոմայի մեջ գտնվող հիվանդների վերականգնողական բուժման  կլինիկան, վերջերս այցելել էր համալսարանական թիվ 1 կլինիկա`  տեսնելու, թե  ինչո?վ կարող է օգտակար լինել նոր բացվելիք վերականգնողական կենտրոնին: Նրա և Բժշկական համալսարանի միջև համաձայնություն ձեռք բերվեց, որ կինեզիստներից երկուսը վերապատրաստում անցնեն Գերմանիայում: 

ՀՐԱՇԱԳՈՐԾ  ԵՐՐՈՐԴՈՒԹՅՈՒՆ.  ՀՈՒՅՍ, ՀԱՎԱՏ ԵՎ ՍԵՐ...Տղաների մոտ արձանագրվող յուրաքանչյուր առաջընթաց, յուրաքանչյուր նոր ձեռքբերում տոնի է վերածվում. նախաձեռնության անդամներն ու տղաները միասին նշում են: Ամեն մի դրական փոփոխություն ոգևորում է վերականգնվող տղաներին, հույս ներշնչում՝  դրանով իսկ օգնելով նրանց հետ աշխատող անձնակազմին: Նրանց մասնակցությամբ նաև տարբեր միջոցառումներ են կազմակերպվում: Այս տարվա ապրիլի մեկին Ապրիլյան պատերազմի վիրավորներն ու նախորդ տարիներին վիրավորված զինվորները՝ ի հիշատակ իրենց զոհված ընկերների` ծառատունկ էին կազմակերպել թիվ 1 հիվանդանոցի բակում: Ծառատունկին մասնակցելու էին եկել կոմպոզիտորներ Տիգրան Մանսուրյանը, Արա Գևորգյանն ու ուրիշներ` շփվելու մերօրյա հերոսների հետ, իրենց հարգանքը հայտնելու տղաներին:

Եթե զինհաշմանդամների ծնողները մինչև այժմ իրենց զավակների ապաքինման հնարավորությունը միայն արտերկրում էին տեսնում, այժմ արդեն ոգևորված ու լիահույս են, որ իրենց որդիների առողջական առաջընթացն ամեն Աստծու օր ավելի ու ավելի ակներև է դառնումԻսկ նույն նախաձեռնության  սոցիալական աջակցության ծրագրերը նրանց սերտորեն կապում են սեփական հողին, ապագայի հանդեպ վստահություն ներշնչում:

 

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

ՄԱՅՈՐ

Խորագիր՝ #21 (1192) 31.05.2017 – 06.06.2017, Բանակ և հասարակություն


31/05/2017