ՀԵՐՈՍ ՏԱՆԿԻՍՏԸ
Նույնիսկ չէի էլ երազի, որ անձամբ կճանաչեմ մի մարդու, որը լեգենդար Մոնթե Մելքոնյանի զինվորն է եղել. նրա տանկը հաղթանակներ է կերտել թե՛ 90-ական թվականների եւ թե՛ ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին:
Մեր կողքին ապրող հերոսը Արցախի եւ Հայաստանի Հանրապետության «Մարտական խաչ» շքանշանի ասպետ, փոխգնդապետ Արթուր Հովսեփյանն է:
Փառապանծ տանկիստը երկու պատերազմում ոչնչացրել է 17 ադրբեջանական տանկ: Նրա կողքով քայլելը հպարտություն է, նրան ճանաչելը՝ պատիվ:
Երբ Արցախում էի, հյուրընկալվեցի լեգենդար տանկիստի օջախում, փորձեցի պատառիկներ «պոկել» հերոսի հարազատներից ու զինվորներից, քանի որ Մոնթեի զինվորը երբեք չի սիրում խոսել իր մասին:
Արթուր Ռաֆիկի Հովսեփյանը ծնվել է 1971թ. մայիսի 28-ին ԼՂՀ Մարտունու շրջանի Ճարտար գյուղում: Ավարտելով տեղի միջնակարգ դպրոցը` 1989-91թթ. ծառայել է խորհրդային բանակում` երկաթուղային զորքերում: Զորացրվելուն պես ներգրավվել է գյուղի ինքնապաշտպանական ջոկատում: Մասնակցել է Մարտունու շրջանի գյուղերի բոլոր պաշտպանական մարտերին, Մարտակերտի, Քարվաճառի, Աղդամի, Կուբաթլուի, Ֆիզուլիի մարտական գործողություններին: Մարտնչել է լեգենդար Մոնթե Մելքոնյանի եւ Մովսես Հակոբյանի հրամանատարությամբ: 1994թ. հերթական մարտերի ժամանակ ստացել է ցնցակաթված, իսկ 1994թ. մայիսի 4-ին մարտական գործողությունների ժամանակ բեկորային հակատանկային նռնակից ստացել է վնասվածքներ: Սկզբում եղել է նռնականետորդ: Հետագայում` տանկիստ–նշանառու: 1998թ. ամուսնացել է, ունի մեկ դուստր եւ զույգ տղա` Պարույրն ու Սեւակը: Արթուր Հովսեփյանը կանոնավոր բանակի ստեղծման պահից ծառայել է պաշտպանական շրջանում` որպես տանկային վաշտի հրամանատար: Այդ տարիներին նրա գլխավորությամբ տանկային վաշտը բազմիցս ճանաչվել է զինված ուժերում լավագույնը: Եղել է թիկունքի գծով տեղակալ: Իսկ 2017թ.՝ զորամասի թիկունքի պետ–փոխգնդապետ:
Արցախի հերոս տանկիստը պարգեւատրվել է «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան», «Մարտական ծառայության», «Մարշալ Բաղրամյան» մեդալներով, «Զինված ուժերի 20-ամյակի հոբելյանական» մեդալով, նաեւ` Արցախի «Մարտական խաչ» եւ Հայաստանի Հանրապետության «Մարտական խաչ» շքանշանի ասպետ է:
2016թ. մայիսի 8-ին Ճարտարի թիվ 5 միջնակարգ դպրոցում կազմակերպվել էր հուշ–ցերեկույթ՝ նվիրված Արթուր Հովսեփյանին:
Ահա զորամասի հրամանատար, գնդապետ Գ. Գաբրիելյանի կարծիքը իր գործընկերոջ մասին.
«Արթուր Հովսեփյանը այն ապրող հերոսներից է, որն իր ներկայությամբ հերոսական է դարձնում մեր առօրյան: Բանակում ունենալ հենց այնպիսի սպա, ինչպիսին Հովսեփյանն է, պատիվ է բոլորի համար: Նա պարտաճանաչ եւ բարեխիղճ սպա է, որն ունի զինվորի հոգեբանություն, հստակորեն է կատարում վերադաս հրամանատարության առաջադրած բոլոր խնդիրները: Ես միայն հպարտանալ կարող եմ նման մարդկանցով…»:
Նժդեհի բանաձեւումով` «Պատմությունը անավարտ վեպ չէ, այլ չավարտված ճակատամարտ», իսկ ճակատամարտը զինվորներ է պահանջում, անձնուրաց ու նվիրյալ զինվորներ, ովքեր պարտավոր են շարունակելով նախնիների սրբազան գործը` փառքով «ընթերցել» իրենց բաժին ընկած պատմության հատվածը, եթե ոչ գերազանցելով, ապա նույն քաջությամբ էստաֆետը հանձնելով գալիք սերնդին:
Այդպիսի մի հայ զինվոր էլ Արթուր Հովսեփյանն է:
ԱՐՄԻՆԵ ԿԱՐԱԽԱՆՅԱՆ
Խորագիր՝ #21 (1192) 31.05.2017 – 06.06.2017, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում