Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ ՍԱՐԴԱՐԱՊԱՏՈՒՄ



ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ ՍԱՐԴԱՐԱՊԱՏՈՒՄՆախագահ Սերժ Սարգսյանը Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Հանրապետության բարձրագույն ղեկավարության եւ հուշահամալիր այցելած հյուրերի հետ մասնակցել է Առաջին Հանրապետության տոնին նվիրված հանդիսություններին: Նախագահը ծաղկեպսակ է դրել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողին եւ հարգանքի տուրք մատուցել: Զորահանդեսի մասնակիցներին ողջունելուց եւ Պատվո նվագախմբի հանդիսավոր քայլերթն ընդունելուց հետո նախագահը միջոցառման մասնակիցների հետ Սարդարապատի հուշահամալիրի Հայոց ազգագրության եւ ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանում դիտել է «Գալէմքեարեաններ պղնձագործ վարպետաց սիրիահայոց դպրոց. փրկված եւ Հայրենիքին նվիրաբերված մշակութային արժեքներ» խորագրով ցուցահանդեսը:

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ ՍԱՐԴԱՐԱՊԱՏՈՒՄՏոնի առթիվ Սերժ Սարգսյանը Սարդարապատում շնորհավորական ուղերձ է հղել:

Սիրելի՛ հայրենակիցներ

Շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի կապակցությամբ:

1918 թվականի մայիսյան հաղթանակները նոր եւ փառավոր էջ բացեցին հայ ժողովրդի դարավոր պատմության մեջ: Սարդարապատի, ԲաշԱպարանի, Ղարաքիլիսայի ճակատամարտերում մեր նախնիները նվաճեցին ապրելու իրավունքը:

Այդ կռիվները բնաջնջման եզրին հայտնված ժողովրդի վերջին եւ օրհասական ճիգերն էին, որ կոչված էին պաշտպանելու մեր պատմական հայրենիքի վերջին հողակտորները եւ փրկելու մեր ժողովրդի վերջին բեկորները: Այդ անհավանական թվացող սխրանքը գործեցին մեր ժողովրդի բոլոր խավերը, բոլոր շերտերը: Գործեցին բացառիկ միասնականությամբ եւ կազմակերպվածությամբ, անձնազոհ խիզախությամբ եւ աննահանջ կամքով: Գործեցին ազգային գիտակցության եւ պատմական պատասխանատվության բարձր մակարդակով:

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ ՍԱՐԴԱՐԱՊԱՏՈՒՄՆորանկախ Հայաստանը ծնվեց Առաջին աշխարհամարտի համազարկերի տարափի տակ: Մենք ամեն տարի հավատարմության երդման նման կրկնում ենք մի պարզ ճշմարտություն. չլիներ 1918 թվականի մայիսի 28-ը, չէր լինելու Խորհրդային Հայաստանը, եւ չէր լինելու ներկայիս Հայաստանի Հանրապետությունը:

Հայ ժողովրդի ողջ պատմության ընթացքում մենք, թերեւս, չենք ունեցել պետականությունից զրկված լինելու ավելի մեծ ժամանակահատված, քան այն փուլը, որն անմիջականորեն նախորդել է մայիսի 28-ին: Եվ, անկասկած, չենք ունեցել ավելի ծանր եւ ողբերգական ճակատագիր նախորդ որեւէ դարաշրջանում: Ահա թե ինչու 99 տարի առաջ պետականության վերականգնումը կրկնակի թանկ էր եւ նվիրական եւ այսօր էլ սրբազան է յուրաքանչյուր հայի համար:

Հայաստանի Հանրապետությունը իր քաղաքացիներին բերեց ոչ միայն անկախ պետականություն, այլեւ մարդու իրավունքներ եւ ազատություններ, որոնք արդեն ամրագրված էին օրենքներով:

Այսօրվա Հայաստանը նույնպես ծնվեց պատերազմի կրակի բովում, բայց այս անգամ՝ արցախյան ճակատում: Մենք՝ ներկա Հայաստանի քաղաքացիներս, հավատարիմ ենք Առաջին Հանրապետության պատգամներին:

Սիրելի՛ հայրենակիցներ

Կրկին շնորհավորում եմ բոլորիս` այս մեծագույն տոնի կապակցությամբ: Մաղթում եմ խաղաղություն եւ ստեղծագործ աշխատանք՝ հանուն մեր երկրի առաջընթացի եւ բարօրության:

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:

Փա՛ռք հայ ժողովրդին:

Խորագիր՝ #21 (1192) 31.05.2017 – 06.06.2017, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


31/05/2017