Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՊԱՅԾԱՌԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՄ ՎԱՐԴԱՎԱՌ



Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության կամ Այլակերպության տոնը Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու հինգ տաղավար տոներից է: Այն հիշատակությունն է Հիսուսի` Թաբոր լեռան վրա Իր երեք աշակերտներին Աստվածային փառքով երեւման, որը նկարագրում են Ավետարանները (Մատթ., ԺԷ, 1-13, Մարկ., Թ, 2-12, Ղուկ., Թ, 28-36): Իր քարոզչության երրորդ տարվա ամռանը Հիսուսը, աշակերտներից ընտրելով Պետրոսին, Հակոբին եւ վերջինիս եղբորը` Հովհաննեսին, նրանց հետ բարձրանում է Թաբոր լեռը` միայնության մեջ աղոթելու. «…լեռ ելավ աղոթքի կանգնելու» (Ղուկ., Թ, 28): Հիսուսն Իր երկրային ողջ կյանքն անցկացնում էր աղոթքով, առավել եւս կյանքի որոշիչ միջոցներին: Աղոթքը Նրա մշտական ուղեկիցն էր, ինչպես Մկրտությունից հետո կամ չարչարանքներից առաջ` Գեթսեմանիի պարտեզում: Այս անգամ աղոթքի պահին, այսինքն` երբ Նա Հոր հետ էր, հանկարծ «Նրա երեսի տեսքը այլակերպվեց» (Ղուկ., Թ, 29), եւ Հիսուսն իր աշակերտներին երեւաց Իր աստվածային փառքով: Այստեղից եւ տոնի անունը` «Այլակերպություն» կամ «Պայծառակերպություն», որը նշանակում է «կերպարանափոխություն»: Քրիստոնյա բոլոր եկեղեցիները տոնը Այլակերպություն անունով են նշում, եւ միայն Հայ եկեղեցին է այն անվանում նաեւ Պայծառակերպություն` այլակերպության իմաստի մեջ հատկապես շեշտելով Քրիստոսից ճառագող աստվածային փառքն ու փայլը: Քրիստոսի` Աստծու Որդի եւ սպասված Մեսիա լինելը մինչ այդ արդեն հայտարարվել էր Պետրոս առաքյալի կողմից, եւ առաքյալները հավատացել էին դրան: Պայծառակերպությունից մի քանի օր առաջ Հիսուսը նրանց հարցրել էր, թե մարդիկ ի՞նչ են մտածում Իր մասին` Ո՞վ է Նա: Առաքյալները պատասխանում են, թե ոմանք Նրան համարում են Հովհաննես Մկրտիչը, ոմանք էլ` Եղիան կամ հարություն առած որեւէ մարգարե: Եվ միայն Պետրոս առաքյալը, Սուրբ Հոգով ներշնչված, խոստովանում է Նրան որպես Քրիստոս` Աստծու Որդի: Հիսուսը պատասխանում է Պետրոսին. «Երանի՜ է քեզ, Սիմո՛ն, Հովնանի որդի, որովհետեւ մարմինը եւ արյունը չէ, որ հայտնեց քեզ, այլ Իմ Հայրը, որ երկնքում է: Եվ Ես քեզ ասում եմ, որ դու վեմ ես, եւ այդ վեմի վրա պիտի շինեմ Իմ Եկեղեցին, ու դժոխքի դռները այն չպիտի հաղթահարեն» (տես` Մատթ., ԺԶ, 13-19, Մարկ., Ը, 27-29, Ղուկ., Թ, 18-21): Այսպես կատարվեց Քրիստոսի Եկեղեցու հիմնարկեքը: Հիսուսին Աստծու Որդի ու Քրիստոս դավանությանը հավատացած առաքյալները դարձան առաջին անդամները Քրիստոսի Եկեղեցու, եւ նրա՛նց վրա հիմնվեց քրիստոնեական Եկեղեցին: Այդ Եկեղեցու անդամներ կարող են դառնալ միայն նրանք, ովքեր հավատում են, որ Հիսուսը Քրիստոսն է` Աստծու Որդին ու Մեսիան: Քրիստոսը տնօրինեց նաեւ, որ առաքյալներից ոմանք ականատեսը եւ վկաները դառնան Իր աստվածային փառքի: Այդ նպատակով երեք առաքյալներին բարձրացրեց լեռը եւ պայծառակերպության միջոցով ցույց տվեց Իր Աստվածությունը, որպեսզի փարատի աշակերտների երկյուղը, որոնք, լսելով Երուսաղեմում Նրա գալիք չարչարանքների ու մահվան մասին, երկմտել եւ վախեցել էին: Այդ պատճառով երեւաց նրանց Իր Աստվածային Փառքով, որպեսզի հետո հիշեն, երբ Ինքը մահվան մատնվի: Եթե մինչ այդ դավանել էին Նրան որպես Աստծու Որդի, այժմ հայտնապես տեսան եւ լսեցին Հոր վկայությունը այդ մասին: Քրիստոսը, որ մարմնացել էր Ադամի բնությամբ, պայծառակերպությամբ ցույց տվեց այն փառքը եւ մեզ վերստին հագցրեց այն նույն լուսեղեն զգեստը, որն ուներ Ադամը դրախտում, եւ որն Աստված վերցրել էր նրանից մեղանչումից հետո: Լույսի եւ աստվածայինի համադրումից զմայլված առաքյալները հոգեպարար աննկարագրելի այդ զգացողությունը պահպանելու եւ Աստծու ներկայության վայելքը երկարաձգելու համար են առաջարկում տաղավարներ պատրաստել Նրա, Մովսեսի ու Եղիայի համար` միաժամանակ կարծես չցանկանալով իջնել լեռից, որին հաջորդելու էին Երուսաղեմում Հիսուսի չարչարանքներն ու խաչելությունը: Հիսուսի Պայծառակերպության ժամանակ Մովսեսի` նախանձահույզ օրենսդիրի ու Եղիայի` կենդանի երկինք տեղափոխված նախանձախնդիր օրինապահի հայտնվելը խորհրդանշում է, որ Քրիստոսն է Օրենսդիրը եւ չի դրժում Աստծու Ուխտը: Նա է Տերը երկրի ու երկնքի, ողջերի ու մեռյալների, քանզի Մովսեսին մեռյալների միջից վեր հանեց, իսկ Եղիային` ողջերի:

ՎԱՐԴԱՎԱՌ

Պայծառակերպության տոնի ժամանակ ժողովրդական սովորույթներից է միմյանց վրա ջուր ցողելը եւ աղավնիներ բաց թողնելը: Հնում ջուրը խորհրդանշել է մաքրության, բերրիության միջոց եւ, ըստ այդմ, եղել է պաշտամունքի առարկա: Այն գործածվել է հմայության ու գուշակության ժամանակ, ինչպես նաեւ ծառայել է որպես դեւերին ու չար ոգիներին հեռացնելու միջոց: Միմյանց վրա ջուր ցողելը, աղավնիներ բաց թողնելը խորհրդանշում են ջրհեղեղը, Նոյի ընտանիքի փրկությունը, Նոյի աղավնուն: Այն հնում կապվել է Աստղիկի պաշտամունքի հետ, որովհետեւ արեւելքում Աստղիկը ճանաչվում էր Նոյի դուստր: Սովորություն է նաեւ ծաղիկներով զարդարվելը, ինչը Աստվածորդու փառքի երեւման առիթով մեծ ուրախության արտահայտությունն է: Տոնը հայտնի է նաեւ Վարդավառ ժողովրդական անունով: Այն հավանաբար գալիս է միմյանց վրա վարդաջուր սրսկելու սովորությունից, որը հետագայում փոխվել է սովորական ջուր սրսկելու սովորությամբ: Գրիգոր Տաթեւացին տոնի «Վարդավառ» անունը բացատրում է Հիսուսի` վարդի հետ համեմատությամբ. ինչպես վարդը մինչեւ բացվելը թաքնված է իր պատյանի մեջ եւ բացվելով` երեւում է բոլորին, այնպես էլ Հիսուսը մինչեւ Այլակերպությունը Իր մեջ կրում էր Աստվածության պայծառությունը եւ Պայծառակերպվելով` հայտնեց Իր Աստվածությունը: Գրիգոր Տաթեւացին վարդի չորս գուներանգները` կանաչ, կարմիր, սպիտակ, դեղին, համեմատում է` դեղինը` Քրիստոսի անմեղության, սպիտակը` Աստվածության, կարմիրը` խաչի վրա հեղված Նրա Արյան եւ կանաչը` Նրա հասակի գեղեցկության հետ: Պայծառակերպության տոնը Հայ եկեղեցին նշում է Ս. Հարության տոնից 14 կամ Հոգեգալուստից 7 շաբաթ հետո, կիրակի օրը: Չնայած Հիսուսի Պայծառակերպությունը կատարվեց Նրա Հարությունից առաջ, սակայն տոնը նշվում է Հարության տոնից հետո, համաձայն Հիսուսի` առաքյալներին տված պատվիրանի` չհայտնել Իր Այլակերպության մասին, մինչեւ խաչելություն եւ Հարություն: Տոնը կարող է հանդիպել հունիսի 28-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում:

ԱՄՓՈՓՈՒՄ

Քրիստոսի Պայծառակերպության տոնի խորհուրդը, հաստատելով ճշմարտությունը, որ Հիսուսն Աստծու «սիրելի Որդին է», Աստծու պատվերն է. «Դրա՛ն լսեցեք»: Առաքյալներին ուղղված այս խոսքը պատգամ է մարդկային բոլոր սերունդներին բոլոր ժամանակներում: Սա է Պայծառակերպության տոնի թելադրանքը, դրա խորհրդի բանալին. սիրել Աստծուն, լսել Նրա պատվիրանները, հետեւել դրանց, կյանքի վերածել Նրա պատգամները, որոնք մարդկանց երջանկության եւ ժողովուրդների խաղաղության գրավականն են: Աստծու Կամքով ընթանալու զորավոր ու անշեղ միջոցը մշտական աղոթքն է, զրույցը Նրա հետ, որով լուսավորվում, այլակերպվում եւ պայծառակերպվում է մարդու հոգին` վերստանալով իր աստվածային պատկերը եւ մասնակից լինելով Հիսուսի սքանչելի Այլակերպությանը: Եվ եթե առաքյալները տեսան Նրա փառքը կիսաբաց աչքերով, մի կարճ ժամանակահատված ցնծալով եւ միայն Մովսեսի ու Եղիայի հետ, ապա աղոթքով ու մեր պատվիրանապահությամբ կարող ենք հուսալ տեսնելու Աստծուն` բյուրավոր հրեշտակներով շրջապատված, հարատեւ բերկրանքի ու ցնծության, պայծառության մեջ եւ մշտապես խոսակից Նրա հետ:

ԱՐՄԵՆ սարկավագ ԲԱՅԱԴՅԱՆ
զորամասի հոգեւոր սպասավոր

Խորագիր՝ #29 (894) 27.07.2011 – 3.08.2011, Հոգևոր-մշակութային


03/08/2011