ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ` ՆՎԻՐՎԱԾ ՄԱՆՈՒԿՆԵՐԻՆ
Հունիսի 1-ին, երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը, ձևավորված ավանդույթի համաձայն, ՀՀ ՊՆ վարչական համալիրում կազմակերպվել էր տոնական միջոցառում, որին մասնակցեցին զինծառայողների և քաղաքացիական հատուկ ծառայողների, ազատամարտիկների և զոհված զինծառայողների երեխաները:
Տոնական համերգի առաջ պարգևատրվեցին «Ազգ–բանակ-2017» համաժողովի շրջանակում ապրիլի 21-23-ը Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացված մարզամշակութային մրցույթի հաղթող ճանաչված դպրոցականները և կրթօջախները: «Հրաձգություն վարժասարքից», «Ինքնաձիգի քանդում–հավաքում», «Ուժային վարժություններ», «Ինտելեկտուալ խաղ» և «Թումո–բանակ» անվանակարգերում անցկացված մրցույթին մասնակցած հազարավոր դպրոցականներից լավագույններին մրցանակները հանձնեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
«Ազգ–բանակ» մարզամշակութային մրցույթի մասնակից լավագույն երեք դպրոցականներին տրամադրվեցին հատուկ մրցանակներ` «Արմֆոն» բջջային հեռախոսներ: Մրցույթին մասնակցած կրթօջախների շարքում լացագույններն էին Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի N 2 միջնակարգ դպրոցը, «Հայ ասպետ» ԿԲՀ–ի հիմնական դպրոցը և Արմավիրի մարզի Արևադաշտ գյուղի միջնակարգ դպրոցը, որոնց ներկայացուցիչներին ՀՀ պաշտպանության նախարարը պատվոգրեր հանձնեց: «Ազգ–բանակ» մարզամշակութային մրցույթին ակտիվ մասնակցության և բարձր արդյունքների համար հատուկ մրցանակի արժանացավ ԵԿՄ «Պատանի երկրապահ» ակումբը: Մրցանակային տեղեր զբաղեցրած երեք դպրոցներին տրամադրվեցին նաև ԵԿՄ ամառային ճամբարի ուղեգրեր: