ՀԱՅ ՆՇԱՆԱՎՈՐ ԳԵՐԴԱՍՏԱՆՆԵՐ
ԴԵԼՅԱՆՈՎՆԵՐ
18-19-րդ դարերի ռուսական իրականության մեջ նշանակալից դեր է խաղացել Դելյանովների հայ ազնվականական գերդաստանը, որի բնիկ հայրենիքը եղել է Ջուղան։ Նրանց նախնիները Պարսկաստանում զբաղվել են վաճառականությամբ, մեծ հարստության տեր դարձել, սակայն հանգամանքների բերումով 18-րդ դարի սկզբներին գաղթել են Ռուսաստան՝ բնակություն հաստատելով Աստրախանում եւ շարունակելով վաճառականական գործը։ Գերդաստանի ավագն այդ ժամանակ Հարություն Դալլաքյանն էր (այստեղից էլ՝ «Դելյանով» ռուսականացված ազգանունը), որը տեղափոխվում է Պետերբուրգ եւ ստանում ազնվականի կոչում։ 1888-ին Դելյանովներին տրվում է կոմսի տիտղոս։
Գերդաստանի ամենանշանավոր դեմքը Հարություն Դալլաքյանի որդին էր՝ Դավիթ Դելյանովը, որը 1812թ. Հայրենական պատերազմի զորահրամանատարներից էր, գեներալ-մայոր։ Մասնակցել է Բորոդինոյի եւ Մոժայսկի ճակատամարտերին, ռուսական բանակի 1813-14թթ. արտասահմանյան արշավանքներին։ Նա մեկն էր նրանցից, ովքեր ռուսական զորքերի հետ հաղթականորեն մտել են Փարիզ։ Հետագայում Դավիթ Դելյանովն իր ծառայությունը շարունակել է հուսարական եւ դրագունյան դիվիզիաներում։ Ռուսական կառավարությունը բարձր է գնահատել նրա ավանդը ռազմական գործում՝ պարգեւատրելով բազմաթիվ մեդալներով ու շքանշաններով։
Աչքի ընկնող պետական գործիչ է եղել գեներալի որդին՝ Իվան Դելյանովը։ Մասնագիտությամբ եղել է իրավաբան, զբաղեցրել պետական պատասխանատու պաշտոններ, 1874-ից դարձել պետական խորհրդի անդամ։ Ավելի քան 20 տարի վարել է Պետերբուրգի կայսերական հանրային գրադարանի տնօրենի պաշտոնը, շուրջ 15 տարի եղել Ռուսաստանի լուսավորության նախարարը։
Դելյանովների գերդաստանը 18-րդ դարի վերջերին ճյուղավորվել է, մի մասը հաստատվել է Կ. Պոլսում, ապա տեղափոխվել Բեսարաբիա եւ Կալուգայի նահանգ, որտեղ էլ աստիճանաբար մարել է նրա վաղեմի փառքը։
Ն. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Խորագիր՝ #29 (894) 27.07.2011 – 3.08.2011, Պատմության էջերից