ԵՌԱՏՈՆ ՎԱՅՔՈՒՄ
2017թ-ին մայիսի 28-ին Վայոց ձոր մարզի Վայք քաղաքում նշվում էր Եռատոնը, ինչպես նաև Վայոց ձորի մարզի զորամասերից մեկի կազմավորման 21-րդ տարեդարձը: Միջոցառումը անցկացվում էր Վայքի քաղաքապետարանի հրապարակում, որին մասնակցում էին 4-րդ զորամիավորման հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, գնդապետ Վ. Հարությունյանը, N զորամասի անձնակազմը՝ գնդապետ Ա. Գրիգորյանի հրամանատարությամբ, Վայք համայնքի ղեկավար Թ. Ավետյանը, Վայքի երկրապահ կամավորականների միության անդամները, դպրոցների տնօրենները և համայնքի բնակիչները: Միջոցառումը սկսվեց ՀՀ պետական դրոշի և զորամասի մարտական դրոշի հրապարակ բերելով, որից հետո սկսվեց հանդիսավոր միտինգի արարողակարգը, իսկ մինչ այդ զորամասի գնդերեց Գագիկ սարկավագ Հակոբյանը կատարեց օրհնության կարգ: Շնորհավորական խոսքերով հանդես եկան զորամասի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, փոխգնդապետ Ա. Մանուչարյանը՝ ով իր ելույթում ներկայացրեց նաև զորամասի տարեգրությունը, Վայքի ԵԿՄ անդամ Վ. Գասպարյանը. նա ընթերցեց ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ-լեյտենանտ Մ.Գրիգորյանի շնորհավորական ուղերձը: Ելույթ ունեցան նաև Վայքի հիմնական դպրոցի պատմության ուսուցիչ Դ. Մինասյանը, գնդապետ Ա. Գրիգորյանը և գնդապետ Վ. Հարությունյանը: Շնորհավորական ելույթներից հետո սկսվեց պարգևատրման արարողությունը, որի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով զորամասի մի շարք սպաներ պարգևատրվեցին գերատեսչական մեդալներով, ինչպես նաև զորամասի հրամանատարի հրամանով որոշ զինծառայողներ պարգևատրվեցին պատվոգրերով, կրծքանշաններով, իսկ զորամասի կազմավորման գործում ունեցած ավանդի համար պատվոգրով պարգևատրվեցին նաև զորամասի մի խումբ նախկին զինծառայողներ: Այնուհետև, ԵԿՄ վարչության նախագահի հրամանով պարգևատրվեցին Վայքի ԵԿՄ անդամները, ինչպես նաև զորամասի մի շարք զինծառայողներ: Այնուհետև ներկաները այցելեցին Վայքում տեղակայված Հայ ֆիդայիների հուշարձան և հարգանքի տուրք մատուցեցին հայորդիների հիշատակին:
Միջոցառումների շարքը դրանով չավարտվեց. համերգային ծրագրով հանդես եկան Վայքի մշակույթի տան պարային խմբի սաները, երգիչներ, երգչուհիներ, ինչպես նաև Վայոց ձոր մարզի Կեչուտ համայնքի միջնակարգ դպրոցի սաները՝ ովքեր վերջում զորամասի զինվորներին բաժանեցին իրենց դպրոցի աշակերտների նամակները: Ավարտին Վայքի քաղաքապետարանին կից պուրակում բացազատված ներկայացվեց սպառազինություն. մասնակիցները ծանոթացան սպառազինության արդիական նմուշներին, իսկ ցուցադրական կետերին կից բացազատված դաշտային խոհանոցի խոհարարները միջոցառման ներկաներին ներկայացրին ՀՀ ԶՈՒ հատկացվող սննդի տեսականին, ինչպես նաև հյուրասիրեցին զինվորական ճաշ:
4-րդ զորամիավորման թղթակցական կետ, փոխգնդապետ Արամայիս Մանուչարյան
Խորագիր՝ Նորություններ