Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՆԴՐԱՆԻԿԻ ԵՐԳԸ



ԱՆԴՐԱՆԻԿԻ ԵՐԳԸՀատված արձակագիր Ռոբերտ Կարայանի «Փրկություն» վեպից

Զինվորական կառքը թխպոտ գիշերվա միջով շտապում էր Կիլիկիա: Նրա ճանապարհին մեռնում էր 1918թ. ձյունացող աշունը: Միակ ուղեւորը խորացել էր կառքի անկյունում: Կառքի մշուշապատ ապակին նրանից թաքցնում էր ամայացած դաշտը: Ամեն ինչ շրջապատում լուռ է եւ վախազդու: Մթան եւ մտրակի ահից ձիերը շտապում են` ահաբեկ տարածելով զանգակների թախծալի ղողանջը:

Ե՞րբ կհասնենք Կիլիկիա,- միակ ուղեւորը քիչինչ առաջանալով` վերջապես դիմեց կառապանին:

Թուրքը հսկա մարմնի վրա շարժեց երկարուկ գլուխը: Նա չհասկացավ, թե ինչ է ուզում իմանալ օտարերկրացի երեւելի պարոնը: Միայն ծառայության բնազդի պահանջով պատասխանեց.

Այս կողմերում, պարո՛ն, ապահով չէ ճանապարհը, ապահով չէ: Չախկալները հանկարծակի վրա են տալիս մորեխների պես:

Ցերեկ լիներ, շրջապատում մարդկային մարմնի մասեր, շատ ոսկորներ կտեսնեիք: Դրա համար սակր ենք պահում մեզ հետ, հրազեն, ուրիշ բաներԵրկյուղալի ճանապարհ է, երկյուղալի

Ոգեւորված թուրքը լռեց մեկեն: Նա ահաբեկված իր շուրջը նայեց եւ ակամայից բղավեց ձիերի վրա:

Ուրֆայում էր, գերման պարոնի հետ ժամանել էր Կարաբեքիր փաշան: Ո՜ւ, փաշայի սպառնական աչքը թրի պես երկու կես կանի, թե իմանաՆա խիստ կարգադրություն արեց. գիշերով ճամփա հանել գերման թղթակցին. ամեն բան չէ, որ պիտի տեսնի: Չղջիկը բարեկամ երկրից է, թող խավարին ընկերանա, ոչինչ չտեղեկանա տարաբախտ հայերի քարավանային ճամփաներից:

Իրավ, գերմանացի թղթակիցը անտեղյակ դավին եւ անհաղորդակից կառապանին անհասկանալի պատասխանին, այժմ մտաբերում է փաշայի դեմքի թուխ մորթը, արժանապատիվ կրծքալանջը, որի վրա փայլատակում էին զինվորական կոճակները: «Օ՜, պարո՛ն Ռիխտեր,- ժպիտի միջից ասաց նա ճաշկերույթի ժամին,- իմանա՜ք, որքան սիրելի է մեզ համար «Բեռլիներ Տագլեբլատ» լրագիրը, որի պատվարժան թղթակիցն եք դուք: Հուսով եմ, որ վարպետ գրչով պիտի նկարագրեք Տավրոսի եւ Ամանոսի «թունելային» մեծագործությունները, որոնց միջով փափագելի երկաթուղին երկարում է Բաղդադ»: Հրաժեշտին նա ավելի քողածածկ դիմեց` նենգ հրճվանքով: «Օ՜, բախտավոր իմ, Ռիխտե՛ր, որքան ուրախություն պիտի պատճառեք ինձ` այնտեղ հանդիպելով ձեր հայրենակիցներ Մորֆ եւ Կլաուս ճարտարապետներին: Նրանք մեր հայրենակիցներն են նաեւ եւ գիշեր ու ցերեկ առաջ են տանում մեծ Գերմանիայի եւ բարեկամ Թուրքիայի եղբայրական գործը: Յաշասըն…»:

Ցուրտ է մաղում երկինքը: Պատուհանի մոտ պարոնին կարծես տնազում են ձյան մանրիկ փաթիլները, որ թրթռալով հայտնվում եւ անհետանում են վայրկենապես: Դրսում առաջվա ձայնով թախծալի կանչում են զանգակները, որ գնալով ուժգնանում են, երբ թուրք կառապանը դարձյալ եւ դարձյալ հալածում է ձիերին:

Զառիթափ ոլորանի մոտ, գիշերվա խոր ժամին, հանկարծ խուլ դղրդյուն լսվեց: Այդ միջոցին հրացանակիր երկու ձիավորներ հանդիպեցին կառքի հանդիման.

Ովքե՞ր եք, ի՞նչ ունեք այս կողմերում,- հոխորտաց մեկը` հրազենի փողը երկարելով կառապանին: Սա վախից մի կողմ թեքվեց եւ գրպանից դուրս բերած նամակը մեկնեց ավազակին.

Ներսում Կարաբեքիր փաշայի հյուրն է,- խոսեց երկյուղաբար,- գնում ենք Տավրոսակողմ

Ձիավորներն իրար գլխի դիպած` լապտերով ստուգեցին գրությունը եւ վերադարձնելով կառապանին, ետ թռան դեպի իրենց թաքստոցը:

Կառապանը առանց շրջվելու, կռնակին զգաց օտարականի վախեցած հայացքը, ինքնաբերաբար խոսեց.

Անվտանգ չէ ճանապարհը, պարո՛ն, փառք Ալլահին, յուրայիններ հանիպեցին, շուտով տեղ կհասնենք:

Հեռվում կրակներ երեւացին: Ավելի շուտ` դրանք օրորվում են ասես կախված օդում: Քիչ անց ձայներ լսվեցին: Դրանք խուլ ու երկար արձագանքեցին թունելախորշի շրջապատում

Տեղ չհասած` մի քանի թուրք զինվորներ պահեցին կառքը: Առաջ ընկած փափախավորը շատ երկար ընթերցեց փաշայի նամակը

Մեր գործը պիտի ուշանա,- դժկամությամբ հայտնեց նա հավաքվածներին եւ ձեռքով նշան արեց կառքից իջնել հյուրին: Գաճաճ յուզբաշին, սակայն, կերպարանափոխվեց մեկեն, երբ հայտնված անծանոթ եկվորը բարդու պես կանգնեց գիշերվա մեջ

Բարի այց, պարո՛ն Ռիխտեր,- դիմեց նա խոնարհանքով,- ինչո՞ւ այսպես ուշ գիշերով: Մենք ձեզ լույսով էինք սպասում, լույսո՛վ:

Հանդիպակաց ձվաձեւ ժայռափորի խորքից տարածվեց մետաղե նույն արձագանքը

Յուզբաշին շտապեց բացատրել` մտերմիկ եղանակ հաղորդելով ձայնին:

Առավոտ շուտ 816-րդ պայթեցումը կատարեցինք թունելի մեջ: Գյավուր դասալիքները մինչեւ հիմա դուրս չեն բերել քարերը: Աշխատող, հո՜, չեն: Վաղը նրանց ետ կուղարկենք, նորերը կգան, գործը առաջ կգնա

Այն տեսարանը, որ քիչ հետո բացվեց Ռիխտերի առջեւ, սոսկալի էր, թունելի երախի միջից հայտնված ուրվականները մի պահ առկայծեցին մուտքերի ջահերի արձակած լույսի մեջ: Նրանք ասես փակ աչքերով երերում էին: Թշվառները թունելից դուրս էին գալիս` մանրիկ քարերը գրկած եւ հասնելով տեղ, որտեղից սկսվում էր ահալի անդունդը, դրանք հապաղում էին ցած նետել

Գլուխ պահող անպիտաններ են,- միջամտեց Յուզբաշին` նկատելով օտարերկրացու մտազբաղ դեմքը,- շղթաները ձեռք ենք բերել ապահովության դրդումով, վտանգավոր կիրճը քթներիս տակ է: Դեպքեր եղել են, ականջը չենք գտելՀետո դա մի տեսակ երաժշտություն է, որի տակ հեշտ է աշխատել,- գաճաճը փորձեց սրախոսել, սակայն Ռիխտերի մռայլանքից զգուշացած` կարգադրեց կողքի զինվորին առաջնորդել հյուրին հանգստանալու:

Երեւելի՛ պարոն,- անտեղի համառեց Յուզբաշին,- դուք գնացեք, վտանգավոր է: Այս գիշեր մեծ պայթեցում է կատարվելու, առավոտյան կհայտնվեք, ամեն տեղ անդորր կլինի:

Որտե՞ղ են Մորֆը եւ Կլաուսը:

Ռիխտերը որոշեց ուշ գիշերով հանդիպել յուրայիններին, որոնց հետ ծանոթ էր նախակրթարանից:

Լամպով լուսավորվող քարաշեն փոքրիկ տնակը, որը միայնակ թախծում էր ոչ հեռու դաշտի մեջ, դիականոց թվաց: Մորֆը եւ Կլաուսը մեռածների նման անշարժ երկարել էին տախտակներին` աչքները բաց: Նրանք երկար ժամանակ չնկատեցին Ռիխտերին, որն աղմուկով շեմելուց հետո ցցվել էր սենյակի կենտրոնում եւ սպասում էր ընկերների ուշացած գրկախառնությանը

Այդ անտարբերությունից նորեկը ներքնապես ցավ զգաց: Մորֆը եւ Կլաուսը նրան երեւացին տեղահան ծաղիկների խղճահար տեսքով: Երեսներին բուսած խառնակ մազերը ավելի ընդգծում էին նրանց ծերացած կերպարանքը: Թվում էր, թե, ուր որ է, կհանգչեն այդպես էլ` չտեսնելով երիտասարդական տարիների մակընթացության կատարները, որոնք կազմում են կյանքի ամենաերանելի ժամանակները:

Կլաո՛ւս, Մո՛րֆ:

Նրանք անտարբեր եւ սառնասրտորեն նայեցին: Նրանց մեջ ասես մեռել էր շարժվելու ընդունակությունը:

Դո՞ւ էլ ես այստեղ, Ռիխտե՛ր,- դառնորեն խոսեց Կլաուսը:

Նրա աչքերը ապակու պես փայլատակեցին լույսի տակ:

Եկել ես թերթիդ համար հոդվածաշա՞ր պատրաստելու: Պետք չէ, հասկանո՞ւմ ես, պետք չէ

Մորֆը մեռելային ոտքերը կախեց ներքեւ, սպառնագին նայեց Ռիխտերին: Կլաուսը դողահար մատներով վառեց ծխամորճը.

Դու եղա՞ր թունելում,- հարցրեց նա խենթական նայվածքով,- հանդիպեցի՞ր դժբախտ ուրվականներին` ոտքերին շղթաներ: Նրանք կիրճի առջեւ խռնվելով` չեն կամենում ազատվել տանջահար քարբեռից, որպեսզի փոքրինչ ուշացնեն իրենց մահը: Սակայն ուր որ է նրանց կհոշոտեն մանգաղներով, բահերով, կացիններովՆրանց գնդակով չեն սպանում: Դա հեշտ մահ է այս կողմերում

Երկար լռությունից հետո շարունակեց Կլաուսը.

Վաղը կբերեն նորերին, կշղթայեն նրանց ոտքերը, նորից մետաղե նույն մահերգությունը կշառաչի օրուգիշեր: Նորից մենք` քաղաքակիրթ Գերմանիայի ճիվաղներս, պինդ կփակենք մեր աչքերն ու ականջները, մինչեւ երկաթուղին հասնի Բաղդադ: Հարյուր հազարավոր այն փայտակոճերը, որ կփռեն այդ ռելսերի տակ, մարդկային ոսկորներից կլինեն շինված:

Պատերազմ է, Կլաո՛ւս,- Ռիխտերը կամեցավ մեղմել ընկերոջը,- ընկնում են անքանակ հերոսներ, ուր մնաց թե խնայեն գերիներին:

Նրանք գերիներ չեն, Ռիխտե՛ր,- բռնկվեց Կլաուսը,- նրանք խաղաղամիտ հայեր են, որոնց պատերազմական պատրվակով զորակոչել են տաճկական բանակ եւ որպես անվստահելիների` զինաթափելուց հետո բերել են այստեղ` անխտիր ոչնչացնելու հրահանգով: Այսօր նրանցից քամել են առավելագույնը: Այլեւս պիտանի չեն նրանք: Նահատակներին նախապես հագցրել են շղթաներ, որպեսզի դժվար չլինի գործը, որպեսզի ոչ ոք չփախչի ջարդից

Կլաո՛ւս, դու ցնորվե՞լ ես:

Ո՛չ, Ռիխտե՛ր: Դու լսո՞ւմ ես շղթաների ձայնը:

Ես ոչինչ չեմ լսում:

Դու համրացել ես, Ռիխտե՛ր: Այժմ նրանց իջեցրել են դաշտ եւ տանում են նույն ճանապարհով, որտեղ թշվառների կացարանն է` խայտաճամուկ վրաններ: Մինչեւ այնտեղ նահատակները կգնան անտրտունջ ձգելով շղթաները` հողին ընկնելու փափագից լլկված: Սակայն այսօր նրանց չեն թողնի այնտեղ մտնել: Կտանեն մոտիկ անտառի ուղղությամբ եւ կմաքրեն հաշիվները

♦♦♦

Ռիխտերը ոչ այնքան ստուգելու, որքան Կլաուսի սպանիչ հայացքից ազդված` դուրս եկավ սենյակից:

Իրավ, շղթաների խուլ ձայնը տարածվում է դաշտի վրա, եւ թխպոտ գիշերը լցվել է ցրտաշունչ ահով

Ռիխտերը քիչ հետո երեսին զգաց Մորֆի մահահոտ շունչը.

Մեր հայրենիք Գերմանիան ո՞ւմ ձեռք մեկնեց, Ռիխտե՛ր

Շարունակելի

Խորագիր՝ #22 (1193) 07.06.2017 - 13.06.2017, Հոգևոր-մշակութային


07/06/2017