Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆԱ ԱՆՑԵԼ Է ԿՐԱԿԵ ԲՈՑԵՐԻ ՄԻՋՈՎ



Սակրավորը կյանքում մեկ անգամ է սխալվում… Այս դիպուկ դարձվածքը բնորոշում է սակրավորի դժվարին, բարդ ու պատասխանատու դերը ռազմաճակատում։ Նա պետք է առաջինը նետվի կրակի գիծ եւ վերջինը թողնի մարտադաշտը։ Մահվան երախում անգամ սակրավորը ականապատում եւ ականազերծում է ռազմադաշտերը, կամուրջներն ու ճանապարհները, թշնամու մրրկային կրակի տակ կառուցում անհրաժեշտ ամրություններ եւ այն ամենը, ինչ պահանջում է մարտական իրադրությունը։ Ահա այդպիսի մի դժվարին մասնագիտություն էր բաժին ընկել Մեծ հայրենականում Ծալկայի շրջանի Ղզլքիլիսա գյուղում ծնված Վարազդատ Ղուլիկյանին։

Ծնվել է 1921թ. հունվարի 10-ին։ Պատերազմի սկզբում Վ. Ղուլիկյանը զորակոչվում է Կարմիր բանակ։ 1942 թվականից ծառայում է Հայկական 89-րդ հրաձգային դիվիզիայի 280-րդ սակրավորների հատուկ գումարտակում։ 1942թ. օգոստոսից մինչեւ պատերազմի հաղթական ավարտը մարտնչել է Կովկասյան նախալեռներում, Թամանյան թերակղզում, Ղրիմում, Լեհաստանում, Գերմանիայում եւ հասել մինչեւ Էլբա։ Մասնակցել է Մալգոբեկի, Կրասնոդարի, Նովոռոսիյսկի, Կերչի, Սեւաստոպոլի ազատագրական կռիվներին։

Առաջին իսկ մարտերում նա գերազանց է կատարել ականազերծման առաջադրանքները։ Մալգոբեկի ազատագրման համար մղվող կռիվներում Վ. Ղուլիկյանը թշնամու տեղատարափ կրակի տակ վնասազերծել է ականապատված դաշտը եւ ճանապարհ հարթել հարազատ դիվիզիայի հետեւակի համար։ «Դա շատ ծանր առաջադրանք էր, գլուխ բարձրացնելը մահվան էր հավասար, սակայն սակրավորներս, արհամարհելով մահը, գործում էինք հմտորեն»,- այսպես է հիշում արդեն 90-ամյակը թեւակոխած նախկին զինվորը։ Այդ առաջադրանքը հաջող կատարելու համար Վարազդատ Ղուլիկյանը արժանանում է դիվիզիայի հրամանատարության խրախուսանքին՝ հատուկ շնորհակալության։

1943թ. սեպտեմբերին, երբ կատաղի մարտեր էր մղվում Թամանյան թերակղզու ազատագրման համար, Վ. Ղուլիկյանը ինն անգամ դժվարին հետախուզական առաջադրանք է կատարում։ Ահա թե այդ մասին ինչ է գրված 1943թ. սեպտեմբերի 25-ին հրամանատարության կողմից կազմված պարգեւատրման թերթիկում. «1943թ. սեպտեմբերի 6-19-ը Վ. Ղուլիկյանը հետախույզների խմբի համար ճանապարհ է բացել հակառակորդի ականապատված դաշտի ու փշալարափակոցների միջով։ Այդ ընթացքում նա ինն անգամ գնացել է հետախուզության եւ անցուղիներ բացել ականապատված դաշտերի եւ փշալարափակոցների միջով։ Երեք անցուղի է բացել 526-րդ հրաձգային գնդի համար եւ վեց անցուղի՝ Դոլգայա լեռան վրա, 400-րդ ու 390-րդ հրաձգային գնդերի տեղամասերում։ Կարմիրբանակային Վ. Ղուլիկյանը վնասազերծել է 320 ական»։ Ահա այդ խիզախության համար նա պարգեւատրվել է «Կարմիր աստղի» շքանշանով։

Խորհրդային զորքերը 1943թ. դեկտեմբերին ձեռնամուխ էին եղել Կերչի ազատագրմանը, սակայն թշնամին հեշտ չէր զիջում իր նվաճած տարածքները։ Նա նահանջի ճանապարհին ծուղակներ էր սարքում, կատաղի կերպով դիմադրում։ Այդ ռազմական գործողությունների ժամանակ մեր զորքերի համար ընդհանրապես մեծ դժվարությունների հետ էր կապված ջրային արգելքների հաղթահարումը։ Եվ այստեղ առաջին խոսքը դարձյալ սակրավորներինն էր եւ դիվիզիայի հույսը Ղուլիկյանն էր։

1944թ. փետրվարի 27-28-ին հիտլերականների դժոխային կրակի տակ Վարազդատ Ղուլիկյանը կամուրջ է գցել Կերչի Կատերլեզ գետի վրա, իսկ Սեւաստոպոլի մոտ ծավալված մարտերում երեք օր շարունակ ականազերծել է մարտադաշտը։ Այս դժվարին առաջադրանքի համար պարգեւատրվել է «Փառքի 3-րդ աստիճանի» շքանշանով։

Դիվիզիայի հրամանատարության առաջադրանքով 390-րդ գունդը 1945թ. փետրվարին անցնում է Օդերը եւ նրա արեւմտյան ափին` Ֆրանկֆուրտ քաղաքից երեք կիլոմետր հարավ, մի ճահճուտ տեղանքում ամուր պլացդարմ է գրավում։ Սակայն հաջորդ օրը սառցահոսքի հետեւանքով գետը դուրս է գալիս հունից եւ խորտակում անցուղիները։ 390-րդ գունդը կտրվում է թիկունքից։ Այդ եղանակին ամեն մի գետանցում անխուսափելի մահ էր։ Թշնամին անընդհատ ռմբակոծում էր, կրակում հրանոթներից եւ ականանետներից։ Սերժանտ Վ. Ղուլիկյանը, իր ջոկի մի խումբ մարտիկների հետ միասին, սակրավորի փայտյա մի փոքրիկ նավակով երեք օր շարունակ գնդի հենակետ է հասցնում անհրաժեշտ քանակությամբ սնունդ, զինամթերք եւ այնտեղից թիկունք տեղափոխում վիրավորներին։ Նավակի անձնակազմը Վարազդատի ղեկավարությամբ կարողանում է գերի վերցնել գերմանական մի սպայի, որի միջոցով ձեռք են բերվում թշնամու ուժերի դասավորության մասին ստույգ տեղեկություններ։ Հրամանատարությունը բարձր է գնահատում սերժանտ Ղուլիկյանի անձնվեր սխրագործությունը եւ պարգեւատրում «Փառքի երկրորդ աստիճանի» շքանշանով։

Հայ ռազմիկները 60 օր շարունակ ջրով լցված ու ցեխոտ խրամատներում, ձյան ու անձրեւի տակ, արտակարգ համառությամբ պահում են Օդերի արեւմտյան ափի պլացդարմը, որի համար էլ ռազմաճակատում այն կատակով կոչում էին «Հայկական փոքր հող»։ Պլացդարմը ոչնչացնելու համար հիտլերականները մարտերի մեջ են նետում էսէսական ընտիր զորամասեր։ Սակայն թշնամին ամեն անգամ ջախջախվում եւ հետ է շպրտվում։ Շուտով դիվիզիան նոր առաջադրանք է ստանում՝ լայնացնել պլացդարմը եւ նախապատրաստվել ընդհանուր հարձակման։ Հենց այդ օրը, ապրիլի 13-ի լույս 14-ի գիշերը, թշնամու խրամատներից ընդամենը 30 մետր հեռավորության վրա, Վ. Ղուլիկյանը երկու անցուղի է բացում ականապատված արգելափակոցների միջով։ Լուսաբացին դիվիզիայի բոլոր զորամասերը հանկարծակի բերելով հակառակորդին, հրետանու մրրկային կրակի տակ հարձակման են անցնում եւ ներխուժում թշնամու պաշտպանության երկու բնագծերը։ Զարգացնելով գրոհը, նրանք 1-ին Բելոռուսական ռազմաճակատի զորքերից առաջինն են մտնում Ֆրանկֆուրտ՝ ուղի հարթելով դեպի Բեռլին։

Պլացդարմը ամուր պահելու, այն լայնացնելու եւ Ֆրանկֆուրտի վրա առաջինը գրոհելու համար 89-րդ Հայկական Թամանյան դիվիզիան արժանանում է շնորհակալության։ Շատ ռազմիկներ ու հրամանատարներ պարգեւատրվում են շքանշաններով ու մեդալներով։ Սակրավորների ջոկի հրամանատար սերժանտ Վարազդատ Ղուլիկյանը արդեն պարգեւատրվում է «Փառքի առաջին աստիճանի» շքանշանով։

Վ. Ղուլիկյանի ջոկատը կարեւոր ավանդ է ներդրել նաեւ 1945թ. մայիսի սկզբին, Բեռլինում՝ Վեդգինգի շրջանում գտնվող Հումբոլդ-Հայն այգու երկու անառիկ ամրոցների գրավման գործում։

Դիվիզիայի հրամանատար Նվեր Սաֆարյանի հրամանով` սակրավորներ Վարազդատ Ղուլիկյանը, Քերոբ Սերոբյանը, Սավադ Խաչատրյանը, Նիկոլ Վաթերյանը, Գերասիմ Հակոբյանը եւ ուրիշներ պայթեցնում են անառիկ թվացող ամրոցները։ Ֆաշիստական կայազորը ստիպված սպիտակ դրոշ է պարզում հայ թամանցիների առաջ։ Ղուլիկյանն ու նրա մարտական ընկերներից շատերը պարգեւատրվում են «Հայրենական պատերազմի երկրորդ աստիճանի» շքանշաններով։

Վարազդատ Ղուլիկյանը հաղթանակի բերկրանքը ճաշակել է պարտված ֆաշիզմի որջում՝ Բեռլինում։ Նա Ռայխստագի պատին փորագրել է «Ղզլքիլիսայից-Բեռլին, Վ. Մ. Ղուլիկյան»։

Պատերազմի հաղթական ավարտից հետո, 1946թ. մարտին, նախկին ճակատային զինվորը վերադառնում է հայրենի գյուղ եւ նորից անցնում խաղաղ ստեղծարար աշխատանքի։ 1970թ. ապրիլի 25-ին նախկին զինվորը Մոսկվայում մասնակցում է Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 25-րդ տարեդարձին նվիրված «Փառքի» երեք շքանշանների ասպետների համամիութենական հավաքին։ Այստեղ նա ԽՍՀՄ պաշտպանության նախարարության կողմից պարգեւատրվում է անվանական ժամացույցով։

Պատերազմի եւ աշխատանքի վետերան, «Փառքի» երեք շքանշանների ասպետ Վ. Ղուլիկյանը հայրենիքին մատուցած ծառայությունների եւ աշխատանքային երկարամյա գործունեության համար պարգեւատրվել է նաեւ «Կարմիր աստղի» (2), «Հայրենական պատերազմի առաջին եւ երկրորդ աստիճանի», «Աշխատանքային Կարմիր դրոշի» շքանշաններով, ինչպես նաեւ «Կովկասի պաշտպանության համար», «Վարշավայի ազատագրման համար», «Բեռլինի գրավման համար», «Աշխատանքային արիության համար» մեդալներով, բազմաթիվ պատվոգրերով, գովասանագրերով եւ շնորհակալագրերով։

90-ամյա զինվորականի զգաստ կեցվածքով ծերունուն այսօր էլ հաճախ կարելի է տեսնել Ծալկայի շրջանի ձեռնարկություններում, կազմակերպություններում եւ ուսումնական հաստատություններում, ուր նա երիտասարդության առաջ հանդես է գալիս ռազմահայրենասիրական ջերմ ելույթով։

ՌԱՖԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Խորագիր՝ #29 (894) 27.07.2011 – 3.08.2011, Ճակատագրեր


03/08/2011