Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՏՐՎԵԼ Է ՈՒԺԵՂ ՀԱԿԱՀԱՐՎԱԾ



ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՏՐՎԵԼ Է ՈՒԺԵՂ ՀԱԿԱՀԱՐՎԱԾԱրցախի Հանրապետության պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար, գեներալլեյտենանտ Լեւոն Մնացականյանը հունիսի 5-ին Ստեփանակերտում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է առաջնագծում տիրող իրավիճակին, ադրբեջանական կողմի սադրիչ հարձակումներին եւ հայկական կողմի պատասխան գործողություններին:

Ըստ Լեւոն Մնացականյանի՝ թեեւ նախորդ տարվա համեմատությամբ հակառակորդի դիվերսիոնխափանարար գործողությունները եւ դիպուկահարների ակտիվությունը նվազել է, ու առկա է լարվածության թուլացում, սակայն հայկական կողմը շարունակում է նույն աչալրջությամբ պաշտպանել Արցախի Հանրապետության սահմանները եւ  ուժգին հակահարված տալ հակառակորդի յուրաքանչյուր ոտնձգությանը: Պաշտպանության բանակի հրամանատարը լրագրողներին տեղեկացրել է, որ իրավիճակը մշտապես ներկայացվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, տեղեկացնելով, որ հրադադարի ռեժիմը պարբերաբար խախտել է հենց ադրբեջանական կողմը, ինչին հետեւել է համանախագահների հայտարարությունը:  Առաջին անգամ համանախագահները շեշտել են, որ հրադադարի ռեժիմը խախտել է Ադրբեջանը: Լեւոն Մնացականյանը մամուլի ասուլիսի ժամանակ հույս է հայտնել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունները այսուհետ եւս կլինեն խիստ ու հասցեական:

Գեներալլեյտենանտը անդրադարձել է նաեւ հրադադարի ռեժիմի խախտման հետաքննական մեխանիզմներին՝ շեշտելով հայկական կողմի շահագրգռվածությունը այդ կապակցությամբ: Պաշտպանության բանակի հրամանատարը խոսել է նաեւ 2016թ. Ադրբեջանի  ապրիլյան ագրեսիայից հետո սահմանագծում իրականացված ինժեներական աշխատանքների մասին, մանրամասնելով, որ առաջնագծում տեղադրվել են տեսադիտարկող սարքեր, բարելավվել է առաջնագծի ինժեներական կահավորումը, մեծացել են դիրքապահ զինծառայողների անվտանգության երաշխիքները: Լ. Մնացականյանը իր դիտարկումներն է շարադրել նաեւ Ազգբանակ հայեցակարգի մասին:

ՊԲ հրամանատարը  կտրականապես հերքել է զինծառայողների զոհվելու  դեպքերը թաքցնելու մասին շրջանառվող լուրերը, հավաստելով որ հայկական բանակում մարդկային  կորուստների մասին տեղեկությունները բաց են եւ երբեք չեն կեղծվում: Պատասխանելով լրագրողներից  մեկի հարցին, պաշտպանության  բանակի հրամանատարը անդրադարձել է ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ զինամթերքի պակասի մասին խոսակցություններին՝ միանշանակ պնդելով, որ մարտալրակազմը դիրքերում սահմանվածից մի քանի անգամ ավելին է եղել:

Լեւոն Մնացականյանը լրագրողների խնդրանքով տեղեկություն է տրամադրել երեք զինծառայողների ջրահեղձ լինելու փաստով հարուցված քրեական գործի քննության վերաբերյալ՝ նշելով, որ զինծառայողները դուրս են մնացել վերահսկողությունից, եւ փաստի առնչությամբ աշխատանքից ազատվել են բարձրաստիճան զինվորականներ: Լեւոն Մնացականյանը ասուլիսն ավարտել է շնորհավորանքով: Նա բարի ծառայություն է մաղթել այն զինակոչիկներին, ովքեր գալիք զորակոչին համալրելու են հայկական բանակը:

Խորագիր՝ #22 (1193) 07.06.2017 - 13.06.2017, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


07/06/2017