Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԸՆՏԱՆԻՔԸ 140 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐԻ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ԱՐՏԵՐԿՐՈՒՄ



ԹՈՒՐՔԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԸՆՏԱՆԻՔԸ 140 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐԻ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ԱՐՏԵՐԿՐՈՒՄԱնցյալ շաբաթ լուսաբանեցինք Թուրքիայի նախագահի ապօրինի հարստացումը՝ 25 միլիոն դոլար արժողությամբ նավթատար նավը մի ադրբեջանցի միլիարդատիրոջից որպես նվեր ստանալու փաստը, իսկ այս շաբաթ կբացահայտենք Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմին, որը, ինչպես պարզվում է, նույնքան կոռումպացված է, որքան իր շեֆը…
Քրեյգ Շոուն և Զեյնաբ Սենթեքը, theblacksea.eu կայքում տեղադրված իրենց հոդվածում, Եվրոպական հետաքննական համագործակցության (ԵՀՀ) զեկույցի հիման վրա, բացահայտել են, որ Յըլդըրըմի ընտանիքին են պատկանում 140 միլիոն դոլար արժողությամբ նավեր և օտարերկրյա այլ ունեցվածք:
2009 թվականին, երբ Յըլդըրըմը Թուրքիայի տրանսպորտի և ծովագնացության նախարարն էր, Ստամբուլում կայացած խոշոր նավասեփականատերերի հավաքի ժամանակ ասել է. «Այսուհետև թուրքական ընկերություններին պատկանող բոլոր թուրքական նավերը, զբոսանավերը կամ ծովային նավերը, որոնք նավարկում են օտարերկրյա դրոշի ներքո, «կասկածանքի տակ կլինեն» կառավարության կողմից»: Յըլդըրըմը նավասեփականատերերին երեք ամիս ժամանակ է տվել՝ փոխելու իրենց նավերի գրանցումը: Նախարարը, ըստ երևույթին, ցանկանում էր խթանել ուժեղ, ազգային նավատորմի ստեղծումը, որը հարկեր կվճարեր Թուրքիային:
Զավեշտալի է, որ ելույթի ժամանակ Յըլդըրըմից մի քանի քայլ հեռու նստած էր նրա 30-ամյա որդին՝ Էրքամը, որը «սեփականատերն է առնվազն մեկ՝ «Սիթի» անունը կրող բեռնափոխադրանավի՝ գրանցված ընտանիքին պատկանող օֆշորային ընկերության միջոցով, Նիդեռլանդական Անթիլյան կղզիներում: Այս բեռնատարը նավարկում է ոչ թե թուրքական, այլ հոլանդական Կարիբյան կղզիների դրոշի տակ», ըստ ԵՀՀ-ի հետաքննողների:
Այդ ժամանակից ի վեր, հաղորդում է ԵՀՀ-ն, Յըլդըրըմի ընտանիքն ունեցել է օտարերկրյա դրոշով նավարկող 11 նավ «գաղտնի ընկերությունների ցանցում` Մալթայում, Նիդեռլանդներում և Նիդեռլանդական Անթիլյան կղզիներում, մասնավորապես՝ այժմ Կյուրասաոյում և այլ նավեր Մարշալյան կղզիներում և Պանամայում»:
Բացի այդ, theblacksea.eu-ն պարզել է, որ «Յըլդըրըմի որդին, դուստրը, հորեղբայրը և զարմիկները ձեռք են բերել 2.5 միլիոն դոլար արժողությամբ յոթ անշարժ գույք Նիդեռլանդներում, որոնց բոլորի համար վճարել են կանխիկ գումար»:
Յըլդըրըմը նավատորմում իր կարիերան սկսել է 1994-ին, երբ ղեկավարում էր Ստամբուլ քաղաքին պատկանող Fast Ferries ընկերությունը (IDO): Սակայն 2000 թվականին, երբ բացահայտումներից պարզվեց, որ նա պայմանագրով լաստանավերի ճաշարանների կառավարումը հանձնել է իր հորեղբորը՝ Յըլմազ Յըլդըրըմին, նա ազատվեց աշխատանքից, հայտնում են Շոուն և Սենթեքը:
Յըլմազը այն նույն հորեղբայրն է, որը 1998թ. Մալթայում գրանցել էր թուրքական Tulip Maritime Limited ընկերությունը: Ըստ Շոուի և Սենթեքի` Յըլմազի գործընկերներն էին «հայտնի նավատեր Սալիհ Զեքին Չաքիրը, որը կարճ ժամանակով աշխատանքի էր ընդունել Յըլդըրըմին, Ահմեդ Էրգունը, որը Էրդողանի խորհրդականն էր՝ Ստամբուլի քաղաքապետ եղած ժամանակ, նաև խորհրդարանի մի նախկին պատգամավոր ու բարձր ատյանի դատարանի դատավոր Աբբաս Գյոքչեն»:
Black Sea-ն և ԵՀՀ-ն նշել են, որ Յըլդըրըմի ընտանիքին պատկանող 11 նավերից վեցը, «որոնց արժեքը տատանվում 1.9-33 մլն եվրոյի սահմաններում, ըստ երևույթին, գնվել են առանց որևէ բանկային վարկի: Եթե այդպես է, ուրեմն հոլանդական գործարքում առկա են հսկայական դրամական միջոցների պաշարներ, չնայած թղթի վրա այն ցույց է տրված որպես անշահավետ բիզնես»:
2016 թ. հունիսի 9-ին, Էրդողանի՝ Յըլդըրըմին վարչապետ նշանակելուց երկու շաբաթ անց, նա ձեռք է բերել չորս նոր նավային ընկերություններ, որոնք գրանցված են Մալթայում: Այդ ընկերությունների տնօրենը Յըլդըրըմի զարմիկն է՝ Սուլեյման Վուրալը: Այս ընկերություններից երկուսը, որոնց բիզնեսը կապված է Ստամբուլ քաղաքի հետ, ստեղծվել են 2015-ին, հորեղբայր Յըլմազի և նրա որդի Ռիֆաթ Էմրահ Էրինչի կողմից:
Յըլդըրըմի որդուն՝ Էրքամին են պատկանում նաև խոշոր բիզնեսներ Նիդեռլանդներում, ներառյալ «ոչ մեծ սեփականություններ և թանկարժեք նավեր»` ըստ Շոուի և Սենթեքի: ԵՀՀ-ն հաղորդում է, որ Յըլդըրըմի ընտանիքին պատկանող՝ Castillo Real Estate BV անվանումով ընկերությունը գտնվում է Նիդեռլանդների Ալմեր քաղաքում, որտեղ շենքերից մեկում տեղակայված է ատամնաբուժարան, որը պատկանում է վարչապետի որդուն: Ատամնաբուժարանի հարևանությամբ գտնվում են ընտանիքին պատկանող երկու խոշոր ընկերությունների՝ Castillo Real Estate և Zealand Shipping գրասենյակները: Այս երկու շենքերից բացի, Castillo-ին են պատկանում չորս սեփականություններ Նիդեռլանդներում` Շունհովենում, երկու տուն Ուտրեխտում, կոշկակարի խանութ Հաագայում: Այս վեց սեփականությունները, որոնք գնահատվում են 2.16 մլն եվրո, բոլորն էլ վաճառվել են կանխիկ գումարով: Ալմերում գտնվող յոթերորդ գույքն անձամբ գնել է Էրքամը՝ Zealand Shipping-ի մենեջերի համար:
Նիդեռլանդներում Յըլդըրըմի ընտանիքի խոշորագույն ակտիվները՝ 129.8 մլն դոլար արժողությամբ, ստեղծվել են Էրքամի կողմից 2007 թվականին` Zealand Shipping-ի անվան տակ: 2014թ. այն գնել է Holland Investments Cooperatif UA-ը, որը ևս պատկանում է Էրքամին: Բացի այդ, Յըլդըրըմի ընտանիքին է պատկանում՝ «Բարենդրեխտում գտնվող Q-Shipping BV-ի 30 տոկոսը: Այս բիզնեսում գործընկեր է Աբդուլվահիթ Շիմշեքը, մի թուրք գործարար, որը Յըլդըրըմների հետ միասին գրասենյակ ունի Ստամբուլում…. Q-shipping BV-ը և դրա դուստր ձեռնարկությունները ղեկավարում են 20 նավեր, որոնցից և ոչ մեկը չի նավարկում Թուրքիայի դրոշի տակ»:
Ըստ Շոուի և Սենթեքի` մինչև անցյալ տարի Նոր Զելանդիայի նավատորմին պատկանող տասը նավեր նավարկում էին նիդեռլանդական դրոշի տակ, որոնցից երկուսը վաճառվել էին «Kolin Group թուրքական կոնգլոմերատին, որը մոտ է Էրդողանի կառավարությանը»: Ստորև, ըստ նրանց, ամփոփված է «Թուրքիայի վարչապետի ընտանիքի օտարերկրյա հարստությունը».
– 18 նավ (հոլանդական կոնգլոմերատներ՝ մասամբ կամ ամբողջությամբ սեփականացված).
– 1 նավ (Նիդեռլանդների Անթիլյան ընկերություն).
– 4 մալթական ընկերություններ.
– 7 սեփականություն Նիդեռլանդներում.
– 8 նավ Նիդեռլանդներում.
– 3 նավ Մալթայում:
Ընդամենը՝ 140 մլն դոլար արժողությամբ:
Շոուն և Սենթեքը եզրափակում են իրենց հոդվածը, նշելով, որ «Թուրքիայի սահմանադրական հանրաքվեից հետո, որը նախագահ Էրդողանին իրավունք է տալիս վերացնելու վարչապետի պաշտոնը երկու տարվա ընթացքում, Յըլդըրըմի պաշտոնավարման ժամկետը մոտենում է իր ավարտին: Բայց, քանի որ գրեթե 20 տարի «նա իր բիզնեսները փոխանցել է իր զավակներին», նրանք շատ փափուկ բարձ են ստեղծել նրա հաջող վայրէջքի համար՝ քաղաքականությունից վերջնականապես հեռանալուց հետո…»:

ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ

Թարգմանությունը՝ ՌՈՒԶԱՆՆԱ ԱՎԱԳՅԱՆԻ

Խորագիր՝ #23 (1194) 14.06.2017 - 20.06.2017, Տարածաշրջան


14/06/2017