ՀԱՅ ՀԵՐՈՍՈՒՀԻ ԿԱՆԱՅՔ
Արևմտյան Հայաստանում ոչ մի քայլ, ոչ մի աշխատանք չէր կարող կատարել հայ ֆիդային` ազատագրական պայքարի գործիչը, եթե հայ կինը իր կյանքի գնով հանձն չառներ անսահման զոհաբերություն և տանջանք՝ պաշտպանելու ազատագրական պայքարի նվիրյալի կյանքը:
Հայտնի ֆիդայուհիներ էին Մոկունք գյուղից Մոկունաց (Միրզոյան) Լուսոն, Ցրոնք գյուղից՝ Քեռի Բարսեղի խմբում կռված Շուշանիկը (Ցրոնքի Շուշան), Ալվառինջ գյուղից՝ Խանիկը և ուրիշներ:
Աչքի ընկնող կին հերոսուհիներից էր Մշո Մոկունք գյուղից Եսթերը: Նա կոչ է արել ոտքի ելնել թուրքի դեմ հանուն ազատության: Եսթերը հանդգնորեն հրապուրել է քուրդ աղաներին, և կա՛մ ինքն է սպանել, կա՛մ էլ իրենց ցեղակիցների ձեռքով սպանել է տվել նրանց:
Եսթերը փոքր տարիքից որբ է մնացել և ապրել է իր փոքր եղբոր հետ: Ծայրաստիճան աղքատ լինելու պատճառով ստիպված իրենց տան արտերը գրավ էին դրել Քոթանենց Շերիֆ աղայի մոտ: Երբ վավաշոտ թուրքը Եսթերին տեսել է, ամեն միջոց գործի է դրել՝ նրան իր ձեռքը գցելու և հաճոյանալու համար: Եսթերը, չկարողանալով հանդուրժել այս կացությունը, դիմել է հայտնի հայդուկներ Քեռի Ղազարի և Մկրտիչի խորհուրդներին: Երեկոյան, երբ Շերիֆ աղան հյուր է գնացել Եսթերի մոտ՝ գիշերը անցկացնելու, պատվախնդիր հայուհին, թուրքի քնելու ժամանակ դաշույնը վերցնելով, ամբողջ ուժով հարվածելով, սպանել է նրան: Երբ լուրը գյուղի ռեսին է հասնել, բոլոր գյուղացիները հավաքվել են և երդում տվել, թե ինչ էլ պատահի՝ Եսթերի գաղտնիքը պետք է հարգեն: Այդ հանդգնությունը ոգևորել է գյուղացիներին, որոնք, չնայած բազմապատիկ վնասներին, հպարտացել են Եսթերի հերոսությամբ: Նույն օրը Շերիֆ աղայի սպանության համար գյուղից 80 հոգի բանտարկվել են, որոնց մեջ էր նաև Եսթերը:
Չնայած իրենց կրած չարչարանքներին և բանտի մեջ տարածված բծավոր տենդին՝ ոչ ոք որևէ խոստովանություն չի արել: Օսմանյան սահմանադրության հռչակումից հետո Եսթերը և մյուս բանտարկյալներից ողջ մնացածները ազատ են արձակվել: Դրանից հետո Եսթերը միացել է թուրքերի և քրդերի դեմ զինված ելույթներին և նահատակվել Անդոկում 1915 թվականի ինքնապաշտպանական հերոսամարտերի օրերին: Այս դեպքը ևս ցույց է տալիս հայ կնոջ բարոյական բծախնդրությունը` ընդգծելով սեփական կամքի դեմ ամեն մի բռնություն արյունով սրբելու կարևորությունը:
Ցրոնքցի Շուշանը ազատագրական պայքարի ուխտյալ մարտիկներից էր՝ ազատամարտիկ ղեկավար Խուշոյի քույրը: Տարիներ շարունակ կազմակերպել էր շրջանի կանանց: Իրենց դեմքը յազմայով, բերանակապով ծածկող այդ կանայք առաջնակարգ սուրհանդակներ, լրտեսներ, հիվանդապահներ և ֆիդայիների համար զգեստներ կարողներ էին, որոնց պատրաստողն ու կազմակերպիչը Շուշանն էր:
«Ան չէր ամուսնացեր: Եթե շատեր ուխտ կ’ընեն և կոյս կը մնան յանուն կրօնի եւ վանքերու, այս աղջիկը նուիրուեր էր յեղափոխութեան, եւ այդ յետամնաց երկրին մէջ տեղ չունենալով տղամարդոց մէջ, կը գործէր գլխաւորաբար կիներուն հետ: Կիներէն սուրհանդակներ, լրտեսներ, եւ այլն կը պատրաստէր»,- գրել է Ռուբենն իր հուշերում:
Շուշանը, ատրճանակը ձեռքին, մասնակցել է Ցրոնքի առաջին և Կուրավոյի կռիվներին: Երբ Աղբյուր Սերոբի հին զինվորներից Քեռի Բարսեղը, Սեդրակն ու Սարոն, 1901 թ. հուլիսին իրենց ապահով թաքստոցից դուրս գալով, Կուրավո գյուղ են գնացել, մատնվել են և շրջապատվել ոստիկանության կողմից: Կացությունը օրհասական է դարձել ֆիդայիների համար: Երբ դարանակալ ցրոնքցի Շուշանը, տեսնելով այս ամենը, անսպասելիորեն հանել է ատրճանակը և կրակելով` պարպել այն ոստիկանների վրա, վերջիններս շփոթվել են: Այդ ժամանակ Քեռի Բարսեղի խումբը, դուրս գալով հարազատ գյուղի թաքստոցից, կռվի է բռնվել թշնամու դեմ: Սեդրակը սպանվել է գյուղի մեջ, Սարոն կռվելով հասել է Եփրատի եզերքը և այնտեղ նահատակվել, իսկ Քեռի Բարսեղն ու Շուշանիկը, կռվելով և իրենց հետքը կորցնելով, ազատվել են. «Միակ մխիթարութիւնը այն էր, որ անոնք կրցած էին սպանել Եուսուֆ Չաւուշը և Ֆեդուլլահը (Բդօ), որոնք Ցրոնքի կռուին Գուրգէնի եւ Մկրոյի սպանման մէջ մեծ դեր էին կատարած»,-գրում է Ռուբենը:
Մի այլ պատմության մեջ, երբ Գևորգ Չաուշն իր հավատարիմ հայդուկներից մեկի հետ Ցրոնք գյուղ է ժամանել, այնտեղ մեծ զարմանքով նկատել են, որ կանայք կարգապահ են և կազմակերպված:
Նրանք իրենց երեսները յազմաններով ծածկել են, բերանները բերանակալով կապել: Նրանց ղեկավարն էր Շուշանը: Նրանք վճռական պահերին գիտեին առյուծի պես կռվել, սիրտ տալ տղամարդկանց, որպեսզի նրանց մարտական թափը կրկնապատկվի:
Շուշանի կազմակերպած կանայք 1904 թ. Սասունի ինքնապաշտպանության ընթացքում բոլորին հիացմունք էին պատճառում իրենց քաջությամբ ու նվիրվածությամբ: Նրանք ֆիդայիներին սիրտ էին տալիս և մղում խիզախումների: Շատ հաճախ քաջությամբ և ցուցաբերած խիզախություններով նրանք գերազանցում էին միմյանց: «Անոնք զէնք, ջուր եւ պաշար կը հասցէին կռուողներուն եւ իրենց ճերմակ սաւանները օդին մէջ շարժելով, կը գոչէին. – Հալլա, հալլա, դէհ խըպըտէք, դէհ խըպըտէք, յաճախ ալ կռիւին կը մասնակցեին»:
Շուշանը անուրանալի հեղինակություն է վայելել ամբողջ շրջանի մեջ և մասնակցել է կուսակցական բոլոր կարևոր ժողովներին: Ս. Կարապետի անտառի մեջ 1906 թ. հուլիս-օգոստոսին կայացած Դուրան-բարձրավանդակի շրջանային ժողովի 200-ից ավելի մասնակից պատգամավորներին թվարկելիս Ռուբենն առանձնացրել է 4 հայդուկ կանանց՝ «Ցրոնքի Շուշան, Մոկունաց Լուսօ (Միրզոյեան), Ալվառինջի Խանիկ եւ Խարսի Զըրէ»: Նա շարունակելով իր միտքը, նշում է. «Ասոնք սակայն փափուկ կընիկներէն չեն, եղած են կռիւներու մէջ, բազմաթիվ արկածներ տեսած, ու տղամարդոց չափ գործեր կատարած»: Քննարկելով ընդհանուր ապստամբության և հայդուկային պայքարի հարցերը՝ ընդհանուր ժողովը «…սկզբունքով ընդունեց ուժերի կենտրոնացումը երկրի մեջ, ցույցը՝ Պոլիս և ծովեզրյա քաղաքները և մարտական-զինավարժական խմբեր կազմակերպելու ծրագիրը»:
Այս վերջին խնդրի իրականացմանն էլ ձեռնամուխ են եղել ժողովին մասնակից կանայք, այդ թվում՝ Շուշանը: Նա իր հերոսական գործունեությունը շարունակել է նաև ժողովից հետո` մինչև 1915 թվականը:
Մինչև վերջ Շուշանը մնացել է ազատագրական կռիվների պատնեշի վրա և նահատակվել է 1915 թվականի Մեծ եղեռնի օրերին:
Հարյուրավոր են եղել այնպիսի կանայք ու մայրերը, որոնք լուռ ու մունջ, անվախ ու անտրտունջ պահել, պաշտպանել, խնամել ու անքուն գիշերներով հսկել են, որ ոչ մի չար աչք ու ոտք չթափանցի ազատագրական պայքարի մարտիկների թաքստոցները, սուրհանդակների դեր են կատարել, զենքեր են փոխադրել և այդ բոլորը դժոխային պայմաններում, երբ ամեն քայլափոխի կարող էին զոհ տալ իրենց և իրենց ամբողջ ընտանիքի կյանքը:
Նշանավոր հայդուկ էր Ալվառինջ գյուղից Խանիկը: Նա աչքի է ընկել որպես իր շրջանի կանանց կազմակերպիչ: Խանիկն իր կանանց խմբով մասնակցել և մեծ հեղինակություն է ձեռք բերել Տարոնի՝ 20-րդ դարասկզբի ինքնապաշտպանական մարտերի ժամանակ: Նա ոչ միայն զենքով կռվել է դարավոր ոսոխի դեմ, այլև աչքի է ընկել հատկապես հետախուզական աշխատանքներում: Գիշերային հետախուզություններից մեկի ժամանակ Խանիկի խումբը մթության մեջ թշնամու մի ջոկատ է նշմարել, որը գաղտագողի շտապել է ֆիդայիների դիրքերին հասնելու: Հերոսուհի կանանց հետ Խանիկի ջոկատը շրջապատել է թշնամուն և համազարկի տակ առել: Նրանցից ոմանք սպանվել են, իսկ մի մասն էլ` վիրավորվել, շատերն էլ գերի են ընկել:
Ալվառինջի արյունալի կռվում Գևորգ Չաուշի տասը ֆիդայիները սպանվել են, և միայն ինքն է ողջ մնացել, քանի որ թուրք սպայի համազգեստ էր հագել, որի պատճառով թշնամին չի ճանաչել նրան:
Գևորգ Չաուշը մեծ դժվարությամբ հասել է Խանիկի տուն և խնդրել, որ փախուստի ճանապարհը ցույց տա: Առանց խուճապի մատնվելու՝ խիզախ ու անվախ հայուհին ֆիդայապետին նախ գետնափոր թաքստոց է առաջնորդել, ապա այնտեղից հարևան գոմով անցկացնելով՝ անվնաս մի քրդի ուղեկցությամբ հասցրել է Մարինկա սարը՝ Մակարի մոտ:
Խանիկը մասնակցել է ՀՅԴ կուսակցական կարևոր ժողովներին, շատ հերոսական կռիվներով է անցել հայտնի խմբապետների հետ միասին: Այդ ժամանակ նա իրեն երջանիկներից երջանիկ էր համարում: Ինչպես Արևմտյան Հայաստանի բոլոր կանայք, նա նույնպես թշնամուց հաշիվներ ուներ մաքրելու: Այս հերոս հայուհին ևս զոհվել է 1915 թվականի Մեծ եղեռնի օրերին Սասունի ինքնապաշտպանական մարտերում:
Հայդուկային պայքարում իր նվիրվածությամբ աչքի է ընկել Մշո դաշտի սուրհանդակ Մարիամը: Նա Մշո դաշտի գյուղերից էր: Շատ փոքր տարիքից սիրել է իրենց գյուղի քուրդ Բեկի տղային՝ 17-ամյա Սմոյին, որի հետ էլ փախել է դեպի Ալադաղի լեռները՝ լքելով իր հայրենի տունն ու ծնողներին: Վերջիններս դեմ են եղել այդ ամուսնությանը: Սակայն քուրդը աստիճանաբար փոխվել է, հատկապես իրենց զավակի ծնունդից հետո: Նա սկսել է Մարիամին հալածել` «կեղտոտ գյավուր» անվանելով և հաճախ ուրիշ քրդերի հետ հայկական գյուղերի թալանով է զբաղվել: Կինը այս ամենը հանդուրժել է հանուն զավակի սիրո: Սակայն զավակը որքան հասակ է առել, այնքան նմանվել է հորը և նույն անհարգալից վերաբերմունքը դրսևորել է մոր նկատմամբ: Երբ ռուսական զորքը գրավել է Ալաշկերտը և Ալադաղի վրա արշավել, Սմոն կռվի է գնացել Դրոյի կամավորական գնդի դեմ: Երբ Մարիամը աղաչել է, որ ամուսինը հայերի դեմ զենք չբարձրացնի, վերջինս ոչ միայն մերժել է կնոջ խնդրանքը, այլև հրացանի կոթով կնոջը խփել է և հեռացել: Զավակը ևս մոր խոսքերի վրա բարկացել է՝ ասելով, թե ինչպես են այդ «կեղտոտ գյավուրները» համարձակվել քրդերի դեմ կռվել և սկսել է մորը քարկոծել: Այս ամենը զայրացրել է Մարիամին: Նրա աչքերը կատաղությունից մթագնել են, ոչինչ չի տեսել և իր անցյալը սեփական ձեռքով քանդելու պատրաստակամությամբ անարժան զավակի վրա է խոյացել և տեղն ու տեղը սպանել է նրան:
Ապա խելագարի նման մի կերպ հասել է իր հայրենի գյուղ, որտեղ շեն գյուղից միայն ավերակներ ու մոխրակույտեր է գտել՝ նեխած դիակներով լի:
Խորագիր՝ #23 (1194) 14.06.2017 - 20.06.2017, Պատմության էջերից