Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶԻՆՎՈՐԻ ՆԱՄԱԿԸ



ԶԻՆՎՈՐԻ ՆԱՄԱԿԸՀՀ զինված ուժերի զորամասերից սփյուռքի 25 պետություններում ապրող 74 ուսումնական հաստատությունների սաներին ուղղվել է 1271 նամակ: Առաջիկա մի քանի համարներում կտպագրենք դրանցից մի քանիսը:

 

Ես իմ անուշ Հայաստանի…

…Սիրում եմ մեր երկինքը մուգ,

Ջրերը ջինջ, լիճը լուսե,

Արեւն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ…

…Ո՞րն է, բաբո՛, մեր Հայրենիք…

Հայրենիքը կա միայն ու միայն շնորհիվ մեր հզոր ու աննկուն, մարտական ու պատրաստված բանակի:

Ես հպարտ եմ, որ այսօր ես էլ մեր հայրենիքի պաշտպանն եմ: Մինչեւ բանակ զորակոչվելը ամեն ինչ այլ էր ինձ համար, զորակոչվելուց հետո էլ գրեթե նույնպես, եւ միայն վեց ամիս հետո, երբ առաջին անգամ դիրք բարձրացա, հասկացա շատ բան, սկսեցի այլ կերպ ընկալել, զգալ Հայրենիքը:

Կարծում եմ՝ պատահական չէ, որ դիրքը, ուր բարձրացա, գտնվում է ծովից 3100 մ բարձրության վրա, որտեղից երեւում են ե՛ւ թիկունքում գտնվող գյուղակը, ե՛ւ վայրագ հակառակորդի հենակետը, ե՛ւ սուրբ Արարատը: Տեսարանն ազդեցիկ էր… Կարծես՝ գյուղակը խորհրդանշում էր մեր բոլորի տները, բակերը, այգիները, փողոցները: Իսկ հորիզոնում մեր վեհ լեռն է` Արարատը` մեր անցյալի ու ապագայի խորհրդանիշը:

Միայն առաջին անգամ դիտորդ կանգնած ժամանակ ես հասկանում, որ դու ես քո հողի, քո ընտանիքի, քո հայրենիքի տերը, դո՛ւ, միայն դո՛ւ…

Քո ետեւում քնած են զինակից ընկերներդ. դու պատասխանատու ես նրանց համար: Նրանք էլ իրենց հերթին պատասխանատու են այն գյուղակի բնակիչների համար: Մենք կանգնած ենք, զգոն ենք, տանում ենք ամեն դժվարություն` ցուրտ եւ շոգ, անձրեւ եւ ամպրոպ, օրերով չենք քնում` փորձելով որսալ «անօդաչուն»: Կա տագնապ, բայց Արարատն ու մառախուղից ցոլացող գյուղակի լույսերը փարատում են այն: Այստեղ այլ է նաեւ ընկերությունը. չկա հեռու-մոտիկ, իսկ միմյանց կյանքը հսկելը, իրար հետ կրակի մոտ հաց կիսելը ստեղծում է ջերմ, եղբայրական մթնոլորտ…

Եվ ուզում եմ ասել` մայրիկ, քույրիկ, ընկերուհի, ես այստեղ եմ, արթուն եմ, պատրաստ եմ, վստահ եղեք եւ մի վախեցեք, վերադառնալու եմ, ԵՍ ՍԻՐՈՒՄ ԵՄ ՁԵԶ…

ԱՐԹՈՒՐ ԶԱԽԱՐՅԱՆ

♦♦♦

Ֆրանսահայ իմ սիրելի բարեկամ, Ավետիս ջան: Մենք՝ Հայաստան աշխարհի պաշտպաններս, հավաստիացնում ենք, որ այսօրվա հայրենիքը պաշտպանված է, քան երբեւէ: Հայրենիքի զինվոր է ամեն մի հայ` ծեր թե մանուկ, լինի Ֆրանսիայում թե ավելի հեռու, քանզի ձեր ձայնը եւ խոսքը մեզ առավել են քաջալերում եւ դարձնում անպարտելի:

Հպարտ ենք ձեզնով:

ՍՏՅՈՊԱ ԱՌԱՔԵԼՅԱՆ

♦♦♦

Իմ սիրելի սփյուռքահայ բարեկամ, անչափ հաճելի է, այսքան մեծ հեռավորության վրա քեզ հետ կապ հաստատելը:

Մի տեսակ պատասխանատվության զգացում ունեմ, երբ գրում եմ այս նամակը: Գիտեմ` մենք երբեք գուցե չհանդիպենք, բայց այն գաղափարը, որ կա մեզանում` զարգացնել ու հզորացնել մեր հայրենիքը, վեր է ամեն ինչից:

Մի օր ես մտածեցի, որ իմ հայրենիքը ինձնից դժգոհ է, քանի որ ինձ բանակ չեն զորակոչում, իսկ հիմա ես Հայոց բանակում եմ… Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր հայ տղա, նաեւ` սփյուռքահայ, հայրենիքին պարտքը պետք է տա: Հույս ունեմ, որ ապագայում դա այդպես էլ կլինի:

ԱՐՄԵՆ ԿՈԹՈԼՅԱՆ

Խորագիր՝ #23 (1194) 14.06.2017 - 20.06.2017, Բանակ և հասարակություն


14/06/2017