Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ ԱՆՈՒՆՈՎ ԵՐԿԻՐԸ



ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ ԱՆՈՒՆՈՎ ԵՐԿԻՐԸԱրեւածաղիկները մեծ են, խոշոր գլուխներով, կրակագույն: Թվում է` ուր որ է՝ դուրս կպրծնեն կտավից, կջարդեն բարակ, կանաչ ցողունները ու կթափվեն ափերիդ մեջ: Այնքան անզուսպ հրճվանք, անանց պոռթկում ու անկասելի ուժ կա կտավի վրա, որ սրտիս զարկերն արագանում են: Ծովածավալ դեղինը կտավից հոսում է դուրս, ծածկում պատերը, լցվում հոգու մեջ: Ես կարծում եմ, չէ, ես համոզված եմ, որ սա տղամարդ է նկարել ու նվիրել է, ասենք, Շուշիի ազատագրության տարեդարձին կամ հայոց բանակի կազմավորման 25-ամյակին: Մտածում եմ, որ միայն տղամարդը կարող է այսքան ուժեղ պատկերել գեղեցկությունը:

Ես չէի կարող չփնտրել  այս կտավի հեղինակին: Ու մի պահ շփոթվում եմ, երբ գալիս է մի նուրբ, երիտասարդ աղջիկ, հազիվ 20-22 տարեկան ու ոչ թե ձուլվում, այլ կորչում է իր կտավների վառ ու ցնծուն գույների մեջ:

Լիլիթ Տոնականյանն է: Ավարտել է Երեւանի գեղարվեստական ակադեմիան, ապրում է իր ծննդավայր Արթիկում: Ու հայրենիք է նկարում:

 

-Ուրիշ էլ ինչ պիտի նկարեմ,- ասում է Լիլիթը,- Հայրենիքը քո փոքրիկ, հարազատ-սիրելի աշխարհն է այս մեծ աշխարհում: Այն ամենը, ինչը սիրում ես, ինչը մոտիկ է սրտիդ: Ես հազիվ թե ճիշտ գույներ ընտրեմ՝ նկարելու համար Փարիզը կամ Հռոմը, որովհետեւ գույներն ու վրձնահարվածները իմ հոգուց են ծնվում, իսկ իմ հոգին ափեափ լցված է ծննդավայրիս պատկերներով ու երանգներով:

Ես ցույց եմ տալիս կրակագույն  արեւածաղիկները:

-Ի՞նչ է այս նկարի անունը:

-Երջանկություն,- պատասխանում է աղջիկը,- սա վաղվա Հայաստանն է:

-Վաղվա Հայաստանը` երջանկություն անունով,- կրկնում եմ ես:

-Երբ եղբայրս զինվորական համազգեստ հագավ, ես ավելի լավ ճանաչեցի մեր բանակն ու դարձա նրա երկրպագուն: Այդ օրվանից մի երազանք ունեմ: Ուզում եմ, որ զինվորներն իջնեն սահմանից, զենքը դնեն մի կողմ ու հավաքվեն զորամասի մեծ սրահում` տեսնելու իմ կտավներում պատկերված հզոր, գունեղ, երջանիկ Հայաստանը…

Մի քանի օր հետո ես ու Լիլիթ Տոնականյանը մեր զրույցը շարունակում ենք երեւանյան սրճարաններից մեկում: Ես թողել եմ կարեւոր հարցազրույցները բարձրաստիճան այրերի հետ` երկրի ապագայի պրագմատիկ տեսլականներով, ու եկել եմ լսելու Երջանկություն անունով երկրի մասին 22-ամյա նկարչուհու մտքերը: Լիլիթը ցույց է տալիս իր նկարներից մեկը` վառ, ցնծուն գույներով:

-Մենք քամել ենք ամբողջ գորշությունը երկրից ու գույներ ենք լցրել այնտեղ` անկեղծ, ճշմարիտ, ըմբոստ: Ես ատում եմ գորշությունը: Ինձ համար մերժելի են գորշ մարդիկ, գորշ ապրումները, գորշ վարքը: Գորշը կասկածի, երկվության, խեղճության, վախի, մորթապաշտության, ծուլության, փոքրոգության գույնն է:

-Ո՞նց ենք «քամելու» գորշությունը մեր երկրից,- հարցնում եմ երիտասարդ աղջկան` վաղվա Հայաստանի բնակչին:

-Անկախ հայրենիքով, հաղթած պատերազմով, ուժեղ բանակով ու գունեղ անհատներով,- բանաձեւում է աղջիկը միանշանակ, հետո անսպասելի հարցնում:

-Դուք եղե՞լ եք Արթիկում:

-Չեմ եղել:

-Իմ քաղաքը վարդագույն է: Իմ քաղաքը օղակող լերկ բլուրների մեջ ինչ-որ անբացատրելի տիրական վեհություն կա: Կյանքում ավելի խորախորհուրդ ու առինքնող բան չեմ տեսել, քան ժայռափոր Հառիճավանքը: Որպես դիպլոմային աշխատանք, մեր ժողովրդին նկարեցի Հառիճավանքի կերպարով` հողին ձուլված, ժայռակոփ, հին ու ազնվակերտ… Իմ նկարները ցուցադրվել են աշխարհի տարբեր երկրներում, ու հասկացել եմ, որ  միակ միջազգային լեզուն անկեղծությունն է: Ու եթե ուզում եմ «Կնոջ գույնը» վերնագրված մրցույթում հայրենիք նկարել, պիտի հավատարիմ մնամ իմ զգացողությանը` վստահ, որ անկեղծությունս կհուզի…

Հանկարծ ես որոշում եմ, որ վաղն իջնելու եմ բակ ու սեփական ձեռքերով ներկելու եմ մեր բակի կարուսելը, սահարանն ու ճոճանակը, վարժասարքերն ու նստարանները, որոնք անցյալ տարի վառ կանաչ էին, բայց հիմա մի քիչ խամրել են, ու չեմ վախենալու մարդկանց զարմացած հայացքներից:

-Մենք պիտի ներկենք մեր կյանքի բոլոր խամրած գույները,- ասում է 22-ամյա նկարչուհին: Ինձ մի պահ թվում է, թե բարձրաձայն եմ մտորել մեր խունացած բակը ներկելու՝ իմ ցանկության մասին: Մենք` յուրաքանչյուրս, մեր հայրենիքի մի գույնն ենք, ու հայրենիքը մեր համայնապատկերն է, մեր խճանկարը:

…Ես դուրս եմ գալիս սրճարանից: «Մենք հայրենիքի մի գույնն ենք»` ականջներիս մեջ զրնգում են Լիլիթի բառերը: Ու Աբովյան փողոցով քայլելիս մի պահ երեւակայում եմ, թե ես վառ մանուշակագույն եմ՝ անցնում եմ մայթերն ու շենքերը ներկելով: Քայլում եմ Երջանկություն անունով երկրում…

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #23 (1194) 14.06.2017 - 20.06.2017, Բանակ և հասարակություն


14/06/2017