ՇՏԱԲԱՅԻՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ
Հունիսի 7-ից 9-ը 5-րդ զորամիավորումում հրամանատար, գեներալ-մայոր Կ. Աբրահամյանի ղեկավարությամբ անցկացվեց շտաբային զորավարժություն` բանակային զորամիավորման ենթակա զորամասերի և ստորաբաժանումների շտաբների ընդգրկմամբ:
Շտաբային զորավարժությունն անցկացվեց երկու փուլով:
Առաջին փուլում զորամիավորման վարչությունը, ապահովման և սպասարկման ստորաբաժանումները, ենթակա զորամասերը բերվեցին մարտական պատրաստականության «Լրիվ» աստիճանի:
Այս փուլում հատկապես գոհացուցիչ էին ստորաբաժանումների, վաշտերի և դասակների ներդաշնակ գործողությունները: Նկատվում էր հրամանատարության, զորավարժությանը նախորդած մեծածավալ աշխատանքի արդյունքը. բոլոր ստորաբաժանումները և զինծառայողները գործում էին անթերի:
Շարասյունների կազմավորումից հետո զորամասերը և ստորաբաժանումները կատարեցին երթ դեպի նախորոշված շրջաններ, որից հետո կազմակերպվեց հրամանատարական կետերի ծավալումը, այնուհետեւ զորամասերի շտաբներն անցան աշխատանքային մարտական ռեժիմի:
Շտաբային զորավարժության առաջին փուլում հրամանատարությունը պարբերաբար խաղարկում էր տարբեր դրվագներ, վերահսկում դրանց կատարման ընթացքը, իսկ ծառայությունների և զորատեսակների պետերը մշտապես օգնություն էին ցուցաբերում իրենց ենթականերին: Շտաբային զորավարժությունների այս փուլում ներդաշնակ գործելու, առաջադրանքները ժամանակին կատարելու առավել բարձր արդյունքներ ցուցաբերեցին Սպարապետ Վ. Սարգսյանի, Ա. Օզանյանի անվան զորամասերը և գունդը:
Անցնելով զորավարժության երկրորդ փուլին՝ «Պաշտպանողական օպերացիայի կազմակերպմանը», զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Կ. Աբրահամյանը շեշտեց, որ անցած տարիների մարտական փորձը ապացուցում է, որ մարտի նախապատրաստման ընթացքում չեն լինում մանրուքներ ու մարտի հաղթական ելք ապահովելու համար անհրաժեշտ է բծախնդրորեն կազմակերպել մարտի պլանավորումը:
Գեներալ-մայոր Կ. Աբրահամյանը ունկնդրելով զորամասերի հրամանատարների որոշումները` նշեց, որ առկա է զորամասերի հրամանատարների զեկույցների որակական առաջընթաց: Լավագույնը ճանաչվեց գնդապետ Կ. Սերոբյանի զեկույցը:
Շտաբային զորավարժությունների ավարտական ակորդը տեղանքի մանրակերտի վրա զորամասերի և տրված ուժերի ու միջոցների տարբեր խնդիրներով փոխգործակցության կազմակերպումն էր:
Գեներալ-մայոր Կ. Աբրահամյանը անցկացրեց նախնական վերլուծություն, նշելով, որ շտաբային զորավարժությունները իրականացվեցին բարձր մակարդակով, զորամասերը գործում էին ներդաշնակ, շտաբների աշխատանքը գնահատվեց լավ:
5-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՄԱՆ ԹՂԹԱԿՑԱԿԱՆ ԿԵՏ
Խորագիր՝ #23 (1194) 14.06.2017 - 20.06.2017, Ազգային բանակ