Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՂՈԹՔԻ ԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ



Ի՞նչ է աղոթքը

– Աղոթքը զրույց է Աստծո հետ, Աստծո հետ հաղորդակցվելու միջոց: Աղոթքը հավատքի զորացումն է: Այն հոգու սնունդն է: Եթե ամեն օր չաղոթենք, ապա հոգին կհիվանդանա եւ կմահանա: Աղոթքը չարի, փորձությունների, մեղքի դեմ պայքարի ամենահզոր զենքն է: Աղոթելիս մարդ շնորհներ է ստանում: Աղոթքը սիրո ամենաքաղցր պտուղն է, որ մատուցում ենք Աստծուն: Առանց աղոթքի ոչ մեկը չի կարող փրկվել:

Ի՞նչ իմաստ ունի աղոթք բառը

– «Աղ»- աղաչանք, «ոտք» – հարաժամ: Այսինքն՝ աղոթք նշանակում է հարաժամ աղաչանք Աստծուն:

Ի՞նչ միջոցներով է կատարվում աղոթքը

– Աղոթքը կատարվում է սրտով, լեզվով եւ ձեռքերով: Ուստի դրանք սուրբ պիտի պահենք, որովհետեւ սուրբ աղոթքներն են, որ լսելի են լինում Աստծուն: Ըստ Սբ. Գրիգոր Տաթեւացու՝ ձեռքերի սրբությունը (Ա. Տիմ. 2:8) այն է, որ դրանք մաքուր պահենք ագահությունից, արյուն թափելուց, գողությունից: Լեզվի սրբությունը այն է, որ լեզուն զերծ պահենք բարկությունից, հայհոյանքից, աղաղակներից: Սրտի սրբությունը այն է, որ սիրտը մաքուր պահենք ամեն տեսակի մեղքերից, չար խորհուրդներից, որովհետեւ սիրտը Սուրբ Հոգու տաճարն է:

Ի՞նչ տեսակի են լինում աղոթքները

-Ըստ բնույթի՝ աղոթքները լինում են դավանական, փառաբանական, զղջման, ապաշխարության, բարեխոսական: Ըստ նշանակության՝ խնդրանքներ, օրհնություններ, գոհություններ:
Խնդրանքները գործած մեղքերի համար գթության եւ ողորմության աղերս են:
Օրհնություններով եւ գոհություններով խնդությամբ գոհանում ենք մեր երկնավոր Հորից եւ օրհնում Նրան իր բոլոր գործերի համար:
Աղոթքը լինում է անձնական եւ ընդհանրական: Անձնական աղոթքը կարող ենք կատարել ամեն ժամ եւ ամենուրեք, իսկ ընդհանրական աղոթքը` որոշակի ժամերի եւ միայն եկեղեցում, որովհետեւ եկեղեցին ընդհանրական աղոթքների վայրն է:
Անձնական աղոթքով մեր սերն ենք հայտնում Աստծուն, իսկ ընդհանրական աղոթքով մեր պարտքն ենք վերադարձնում նրան:

Ի՞նչ է ասել Հիսուսը աղոթքի մասին

-Հիսուս պատվիրում է մեզ հաճախակի աղոթել, աղոթել հանապազ եւ անդադար (Մատթ. 5:17, Ղուկ. 18:1, 21:36, Եփես. 6:16):

Ո՞րն է ճշմարիտ աղոթքի հիմքն ու սկիզբը

-Ճշմարիտ աղոթքի հիմքը եւ սկիզբը Աստծուն փառաբանելն է: Սբ. Բարսեղ Կեսարացին աղոթքի մասին ասում է.
-«Աղոթք սկսելով` թող անձդ, կնոջդ ու որդիներիդ, թող երկիրը ու բարձրացիր երկնքից էլ վեր, թող երեւելի ու աներեւույթ ամեն արարածի եւ սկսիր փառաբանել ամենքի Արարչին»:
Ողջ տիեզերքն է փառաբանում Աստծուն, երկնային զորություններն են անդադար փառաբանում Աստծուն, մեր փառաբանություններով մասնակից ենք դառնում առ Աստված նրանց փառաբանությանը: Դա հաստատում է մեր հավատքը, աճեցնում ու ավելացնում այն: Ինչ վիճակում էլ մարդ գտնվի` առողջ, թե հիվանդ, հաջողության, թե փորձության մեջ, մշտապես պետք է փառաբանի, գովաբանի ու օրհնի Աստծուն: Սա է ճշմարիտ աղոթքը:

Տ. ՊՍԱԿ ՔԱՀԱՆԱ ՄԿՐՏՉՅԱՆ
զորամասի հոգեւոր սպասավոր

Խորագիր՝ #46 (861) 24.11.2010 - 1.12.2010, Հոգևոր-մշակութային


09/12/2010